ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարությամբ ցեղասպանում է, հետեւաբար՝ միջանցքի բացումը դա կանխող քայլ է․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը հաստատեց Լաչինի միջանցքի փակ լինելու հետեւանքով Լեռնային Ղարաբաղում առկա ճգնաժամը, եւ որ 120 հազար բնակչի կյանքն ու անվտանգությունը դրված է վտանգի տակ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային բարձրագույն ատյանում ընգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը, բայց պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Լաչինի միջանցքի փակ չէ։ Ընդգծվեց նաեւ, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների եւ տրանսպորտի երկկողմանի տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանը չի կատարել»,- ասաց Փաշինյանը։

Նա արձանագրեց, որ միջազգային բարձրագույն ատյանում ճշմարտությունը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված են։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը միասնական կոչ հնչեցրեց Ադրբեջանին՝ վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։

«Իհարկե, այս կոչն իրագործված չէ։ 22 բեռնատար՝ շուրջ 400 տոննա հումանիտար բեռով Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասում է ԼՂ մտնելու հնարավորությանը։ Իսկ ԼՂ-ում իրավիճակը սրվում է օր օրի։ Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ղարաբաղցիները հայտնվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակահերթերի տակ, որ բերքահավաք չկարողանան իրականացնել։ Ադրբեջանը մի կողմից արգելափակել է Հայաստանի կառավարության կողմից 100 տոննա ալյուրի մուտքը ԼՂ, մյուս կողմից թույլ չի տալիս, որ ժողովուրդը հավաքի իր ցանածն ալյուր ունենալու համար։ Սա հիմնավորում է միջազգային փորձագետների առաջ քաշած թեզը, թե Ադրբեջանը ԼՂ հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետեւաբար՝ միջանցքի բացումը ցեղասպանությունը կանխարգելող քայլ է պետք դիտարկել։ Միջազգային հանրությունը պետք է կենտրոնանա սրա վրա»,- ընդգծեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի լավագույն լուծում Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է եւ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային երաշխիքների ներքո։

«ՀՀ-ն շարունակում է վերահաստատել հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ պաշտոնական Բաքվին կոչ անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից»,- նշեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular