Ադրբեջանը կարող է Նախիջևանի կողմից ակտիվանալ․ Հայկ Նահապետյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ 07:50-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Սոթքի, Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 4 զոհ եւ 1 վիրավոր:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշեց, որ Վարդենիսում ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք կա, հնարավոր է՝ դա են փորձում վերցնել, ինչպես նաև Սոթքի հանքավայրն ամբողջությամբ։
«Անցյալ տարի սեպտեմբերի 14-ին կրկին Վարդենիսից սկսեցին, հետո տեղափոխվեց Ջերմուկ և շարունակվեց մինչև Ղափան։ Այդ գործողությունները ես ուղղակի կապում եմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, Հայաստանի և իր դաշնակցի վրա ճնշումներ գործադրելու մարտավարություն։ Որովհետև երեք օրից տեղի կունենա Պուտին–Էրդողան հանդիպումը և, բնականաբար, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսք կգնա»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ այս ամենը լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբ կարող է լինել։
«Ադրբեջանի գործողությունները և մարտավարական նպատակներն Արցախում այս պահին պարտություն կրեցին, որովհետև իրենց համար խնդիր էր Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը։ Այդ քայլով իրենք աշխարհին և տարածաշրջանում խաղացող պետություններին ցույց կտային, որ շրջափակում չկա, բայց իրենք այստեղ ձախողում ունեցան։ Ես չեմ բացառում, որ այժմ հայ-ադրբեջանական ճակատում են փորձում առավելություն ստանալ»,- ասաց փորձագետը։
Նահապետյանը նշեց՝ պետք է հասկանալ, թե այս քայլերով Ադրբեջանը ինչ խնդիր է լուծում։
«Եթե հերթական խնդիրը Սոթքի բարձունքները վերցնելն է՝ դա մի բան է, եթե խնդիրը լայնածավալ ռազմական գործողությունն է՝ դա մեկ այլ բան է։ Ես չեմ բացառում, որ այսպես շարունակվի՝ նաև Նախիջևանի կողմից Ադրբեջանը կարող է ակտիվանալ, իսկ եթե Նախիջևանի կողմից ակտիվացան՝ դա նշանակում է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման ռազմական գործողություն է»- եզրափակեց Հայկ Նահապետյանը
Լիլիթ Զալիբեկյան