Անի Երանյան. նոր կյանք` նոր քաղաքում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱնի Երանյանի նոր ֆոտոշարքի թեման պատահական չենք ընտրել. դերասանուհին փոխել է իր բնակության վայրը, սակայն ոչ` աշխատանքը, ուստի ստիպված է լինում հաճախ ճամպրուկները հավաքել ու ճանապարհ ընկնել: Ճիշտ գուշակեցիք, Անին ոչ թե Երեւանում տան հասցեն է փոխել, այլ մեր քաղաքից տեղափոխվել է մեկ այլ երկրի մայրաքաղաք: Կյանքի նոր փոփոխությունների, մարտահրավերների, դժվարությունների, ձեռքբերումների եւ ամենահավատարիմ ընկերոջ մասին նա պատմել է BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում:
«Կգնամ - կգամ մինչեւ նախագծի ավարտը»
«Ֆուլ Հաուս»-ի տարեվերջյան հյուրախաղերից հետո տեղափոխվել եմ Մոսկվա: Այս օրերին Երեւանում եմ, քանի որ սիթքոմի նկարահանումներն են ընթանում: Մինչեւ նախագծի ավարտը պարբերաբար կգնամ-կգամ: Որոշմանս համար հստակ պատճառ չկա, պարզապես նոր բան էի ուզում: Կյանքումս այնպիսի էտապ է, որ միջավայրի փոփոխության կարիք ունեմ: Երեւի պատճառն այն է, որ մասնագիտության բերումով չեմ կարողանում հանգիստ զբոսնել, իմ սիրելի վայրերում լինել: Վերջին տարիներին, մեր երեխեքն էլ կարող են վկայել, եթե մի քանի օր նկարահանում չեմ ունենում, Մոսկվա եմ գնում՝ ուղղակի քայլելու: Չեմ բողոքում, ահավոր սիրում եմ իմ աշխատանքը, շատ եմ ուրախանում, երբ ճանաչում են, սիրում են, բայց լիցքաթափվելու կարիք ունեմ:
Ինչու Մոսկվա
Միտք կար Միացյալ Նահանգներ տեղափոխվել, բայց այդքան էլ հեշտ չէ հեռավորության պատճառով: Ինչքան էլ այնտեղ ունեմ ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, միեւնույն է՝ օվկիանոս ես անցնում, չէի կարող նման ռիսկի դիմել, թեեւ եղանակային պայմանների առումով այն միանշանակ իմն է:
Այս դեպքում, եթե Հայաստանում բնակվող որեւէ մեկի կարիքն ունենամ, գիտեմ՝ առավելագույնը երեք ժամից կարող ենք հանդիպել: Եվ հետո, չմոռանանք, որ Մոսկվան աշխարհի կենտրոնն է:): Ասում են՝ ինչու Մոսկվա, ինչպես կարելի է այնտեղ ապրել, թեկուզ միայն եղանակի պատճառով: Բայց ես մեգապոլիսների սիրահար եմ, այնտեղ ապրելով՝ կարող ես անընդհատ նոր վայրեր բացահայտել: Մեր Երեւանը շատ եմ սիրում, բայց երկու ժամ պտտվում ես քաղաքում ու հայտնվում նույն վայրում: Վերջերս հյուրեր ունեի արտերկրից ու չգիտեի, թե ուր տանեմ նրանց, քանի որ մշակութային կոթողներն արդեն իսկ տեսել էին: Մեզ մոտ միայն ռեստորաններ, սրճարաններ ու փաբեր են, ժամանցային հետաքրքիր այլ վայրեր չկան:
«Բախտս բերել է»
Ինձ թվում էր՝ մամայից հեռու լինելը դժվար կլինի, բայց երկուսս էլ ադեկվատ մարդիկ ենք: Իմ ծնողն այնպիսին չէ, որ անպայման ցանկանա իր երեխային փեշի տակ պահել, թեեւ միակ երեխան եմ: Ինչքան էլ իր համար դժվար լինի, երբեք ցույց չի տա: Մայրս միշտ ասում է՝ «որտեղ քեզ լավ ես զգում ու ուզում ես ինչ-որ բանի հասնել, գնա, ես քո կողքին եմ, որ վայրկյանին էլ ուզես»: Այդ առումով իմ բախտը բերել է: Բացի այդ, այս ամենում կա մի շատ դրական երեւույթ. ինչքան էլ ինքնուրույն ես լինում, քո փոխարեն շատ բաներ մայրդ է անում, իսկ այժմ այնպիսի ուտեստներ եմ պատրաստում, որ ինքս էլ զարմանում եմ:):
«Տարիներ առաջ ինձ Հայաստանի հետ կապող բան կար»
Տարիներ առաջ էլ Մոսկվայում հաստատվելու փորձ եմ արել, բայց այդ ժամանակ ինձ այստեղ պահող այլ հանգամանքներ կային: Անընդհատ գնում-գալիս էի ու չէի կարողանում անձնագրիս հետ կապված հարցերը կարգավորել: Այժմ, քանի որ պահող բան չունեմ, տեղափոխվել եմ ու դեռեւս ինձ լավ եմ զգում: Մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ իրեն լավ է զգում: Մոսկվայում ունեմ տուն ու զբաղվում եմ իմ գործերով:
«Դժվար կլինի»
Կարծում եմ՝ «Ֆուլ Հաուս»-ն այնքան էլ երկար չէ էկրաններին: Եթե հետեւենք, սիթքոմեր կան՝ քսան, երեսուն, քառասուն եթերաշրջան են ունենում, մարդիկ աչքիդ առաջ մեծանում են, ծերանում եւ մահանում:): Չեմ կարծում՝ մենք կհասնենք դրան, դժվար կլինի բոլորիս համար, հատկապես՝ սցենարիստների: Ամենադժվարը նրանց աշխատանքն է՝ նոր լուծումներ ու հետաքրքիր զարգացումներ գտնել եւ պահել բարձր մակարդակի վրա: Մեր տղաները նկարահանմանն են մասնակցում, ազատ րոպե ունենալուն պես էլ սցենար են գրում, որպեսզի մեր բարձրացրած նշաձողը անկում չապրի, ու կարծում եմ՝ հենց դրա համար էլ ճիշտ ժամանակին կավարտենք նախագիծը: Դեռեւս արձագանքներ չենք լսել, որ հոգնեցրել ենք. մարդիկ նույնիսկ կրկնություններն են դիտում:
«Մարդը գործիքի նման է»
Երբ սերիալում էի նկարահանվում, գիշերը մինչեւ երեքը, չորսը խաղում էի, հաջորդ օրը՝ եւս: Զարմանալի է, բայց բացարձակ հոգնածություն չկար, գրաֆիկին սովորել էի, չէ՞ որ մարդը գործիքի նման է: Իսկ այժմ, եթե մինչեւ կեսգիշեր նկարահանվում ենք, դժվար է լինում:
«Դրական կողմերն ավելի շատ են»
«Ժամանակավոր է»
Միշտ ասել եմ, որ հայտնիությունը, նկարահանումները ժամանակավոր են: Ինձնից շատ ավելի աշխատասեր եւ տաղանդավոր դերասանուհիներ կան, որ հաջողություն չեն ունենում: Միշտ ասում եմ, որ շնորհակալ եմ հաջողությանս գրավականին ու փորձում եմ նրան չնեղացնել:): Կան մարդիկ, որ այնքան նվիրված են այս ամենին: Իմ աշխատանքը փորձում եմ լավ անել, բայց ես այդ նվիրյալներից չեմ: Հնարավոր է` «Ֆուլ Հաուս»-ից հետո չցանկանամ որեւէ այլ նախագծում նկարահանվել: Այժմ կարողանում եմ ինձ անհրաժեշտ գումարը վաստակել, իմ ու ընտանիքիս բոլոր ծախսերը հոգալ, բայց չգիտեմ` ապագայում ինչ կլինի: Այնպես չէ, որ եթե էլ չնկարվեմ, կմտածեմ` կործանված մարդ եմ: Գուցե բիզնեսով զբաղվեմ, ինչու` ոչ, բոլորս էլ փորձում ենք ինչ-որ բան անել գումար աշխատելու համար: Ինձ համար ժամանակը շատ թանկ է, եթե պետք է մի բան անեմ ու շահ չունենամ, միանշանակ չեմ անի: Եթե իմանամ` այս բիզնեսով զբաղվեմ, ավելի մեծ հաջողություններ կունենամ, միանշանակ ժամանակս դրան կտրամադրեմ: Իսկ դերասանությամբ կուզեմ զբաղվել հաճույքի համար եւ չնայել հոնորարին, եթե սցենարը հավանեմ: Իսկ այս դեպքում դերասանը ծախում է իր տեսքը, տարիքը… Ամեն ինչ ժամանակավոր է. մի քանի տարի անց ես մոր դեր եմ խաղալու եւ ոչ` երիտասարդ աղջկա:
Ճամպրուկային տրամադրություն
Ճամպրուկ հավաքել ընդհանրապես չեմ սիրում, շատ երկար ընթացք է: Հիշում եմ` ԱՄՆ-ից վերադառնալուց առաջ ինչ-որ տեղ էինք հրավիրված, երեխեքը գնացին, իսկ ես մնացի ճամպրուկս հավաքելու: Նրանք գնացին, եկան, հավաքեցին իրենց իրերը, իսկ ես դեռ հավաքում էի:): Չեմ կողմնորոշվում՝ ինչ վերցնել, դնում-հանում եմ, դասավորածս չեմ հավանում: Մի խոսքով՝ ճամպրուկ հավաքելն իմը չէ: Իսկ եթե Հայաստանից եմ մեկնում, մայրիկիս ասում եմ` ինչ է պետք ու տնից գնում եմ, որ նա հանգիստ հավաքի:):
«Իդեալական կորցնող եմ»
Կոսմետիկա, հագուստ, կոշիկ` իդեալական կորցնող եմ: Գերմանիայում հյուրախաղերի էինք, ես եւ Մարջանը գնացել էինք կոշիկ գնելու: Երեք զույգ գնեցի, քանի որ երեկոյան համերգի էինք, մի զույգն ինձ հետ վերցրի, իսկ մյուսները թողեցի հյուրանոցում: Երբ մեկ րոպե էր մնացել բեմ բարձրանալուն, տեսա` տուփի մեջ միայն աջ ոտքի երկու կոշիկ կա: Ու պատկերացրեք` երկու աջ կոշիկով բեմ եմ դուրս եկել… Ով բեմում էր, ծիծաղից թուլացել էր, խայտառակ իրավիճակ էր: Ասա` «Անի ջան, ինչու չէիր նայել կոշիկները նորմա՞լ են, թե` չէ:)»:
Նաեւ գումար հետ գցել չունեմ, դա իմ մեծ խնդիրն է, չեմ կարողանում հավաքել, բայց, միանշանակ, տան համար ամեն ինչ արվում է, պակաս բան չկա: Իմ աշխատած գումարով խոշոր գնում չեմ կատարել, փառք Աստծո, դրա կարիքը չունեմ:
«Տարիների հարվածներից հետո»
Օրեր են եղել, նույնիսկ շաբաթ, որ չեմ ցանկացել տնից դուրս գալ, որեւէ մեկին տեսնել, դռները փակել եմ ու մնացել տանը: Այդ օրերն ի օգուտ ինձ եմ օգտագործել, մտածել եմ` ինչ նոր բան կարելի է անել: Այնպես չէ, որ անջատել եմ ուղեղս, եւ վերջ: Իմիջայլոց, հասկացել եմ, որ ամեն ինչ անցողիկ է այս կյանքում: Երեւի տարիքի հետ է կապված նման մտածելակերպը, պետք չէ ամեն ինչից ողբերգություն սարքել: Հուզական մարդ եմ ու ամեն ինչ ծանր եմ տանում, բայց դա վնասից բացի, օգուտ չի բերում, ու միայն ինձ եմ վնասում: Այդ պատճառով էլ փորձում եմ ամեն ինչին թեթեւ նայել: Մարդկանց քայլերն իրենց ընտրությունն է, ոչ ոք նրանց ոչինչ չի ստիպում: Տարիների հարվածներից հետո եմ սկսել այսպես մտածել:
«Ոչ կարող եմ ներել, ոչ էլ` չներել»
Ցավոք սրտի, այնպիսի դարում ենք ապրում, որ ոչինչ մարդկանց չի զարմացնում: Հիմար խոսակցություններից, մեկնաբանություններից ու վատ խոսքերին անտարբեր եմ դարձել, որովհետեւ ի՞նչ կարող ես անել, եթե մարդը չար է: Գիտեմ շատ կարեւոր մի բան, որ ամեն մարդ իր պատասխանը ստանում է վերջում, ամեն բան բումերանգի պես վերադառնում է: Ի վերջո, վերեւում Աստված կա, ես ոչ կարող եմ ներել, ոչ էլ` չներել, ընդամենը կարող եմ որոշում կայացնել, որ այդ մարդը չլինի իմ կյանքում կամ իմ շրջապատում: Ժամանակի ընթացքում ամեն մարդ իր պատիժը ստանում է:
«Նրանից առավել ոչ ոք չի կարող իմ ընկերը լինել»
Միշտ ասել եմ, որ ունեմ շատ լավ ընկերներ, որոնք միշտ իմ կողքին կլինեն, որովհետեւ տարիների ընթացքում մաղվել են: Բայց կա մի շատ հարազատ մարդ իմ կյանքում, որից առավել ոչ ոք չի կարող իմ ընկերը լինել` մայրս է: Շատ ուրախ եմ նրա նման ծնող ունենալ, ում կարող եմ ամեն ինչ պատմել, կիսվել, եւ գիտեմ` ինձ կհասկանա: Իհարկե, լինում են դեպքեր, որ ընդհանրապես ոչ ոքի բան չեմ ասում, իսկ եթե դա անխուսափելի է, ուրեմն վստահում եմ միայն մայրիկիս կամ հայրիկիս: Կան բաներ, որ չեմ պատմում, որպեսզի չնեղվեն: Գիտակցելով, որ կիսվելով կթեթեւանամ, բայց իրենց կցավեցնեմ, չեմ պատմի: Ես կարողանում եմ ամեն խնդիր հաղթահարել, չէ՞ որ երկու տարեկան երեխա չեմ:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Դիմահարդար՝ Գոհար Վիրաբյան
Վարսահարդար՝ Անուշ Մելքոնյան
Լուսանկարահանումն իրականացրել ենք «Imperial Palace» հյուրանոցում