ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


X-Factor–ի պրոդյուսերը պարզաբանում է Գարիկի բացակայությունն ու Դավիթ Չախալյանին նախագիծ չվերադարձնելու պատճառը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

X-Factor նախագիծը երեկ լքեց Դավիթ Չախալյանը, ինչը համացանցում դժգոհությունների ալիք բարձրացրեց։  Երկրպագուները գրում են, որ Դավթի դուրս մնալն անարդար էր, քանի որ ժյուրիի չորրորդ անդամը՝ Գարիկը, բացակայում էր և ժյուրիի քվեարկություն չեղավ և պահանջում են երգչի վերադարձնել նախագիծ։ 

Tert.am Life–ն այս մասին զրուցեց նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Թադևոսյանի հետ։ «Ինձ թվում է՝ այդ դժգոհություններն ավելի շատ Դավթի հարազատներինն են։ Իմ ներքին զգացողությունն է այդպիսին, որովհետև Դավիթը «Ժայռ» հասարակական կազմակերպության Արմավիրի տարածքային ղեկավարն է։ Երևի, իր մտերիմները փորձում են հասարակական ձևով պայքարել, բայց նամակների ընդհանուր հոսքից հասկանում եմ, որ ավելի շատ իր հարազատներն են։ Շեշտվում է հենց այդ պահը, թե ինչպես կլիներ, եթե  Գարիկը լիներ, կանոնները խախտվել են։ Մեզ մոտ առաջին անգամը չէ, որ 3 ժյուրի է լինում։ Այս եթերաշրջանում լսումներից մեկի ժամանակ էլ Շուշանիկ Արևշատյանը ներկա չէր։  Քանի որ ժյուրիի անդամները շատ զբաղված մարդիկ են, ամբողջ աշխարհի X–Factor–ում լինում է այնպես, որ ինչ–ինչ պատճառներով ժյուրիի անդամներից մեկը ներկա չեն լինում։ X-Factor–ը մի քանի տարբերակների հնարավորություն է տալիս։ Երրորդ X-Factor–ում ժյուրին ընդհանրապես չի  քվեարկել և դուրս է մնացել այն մասնակիցը, ով ժողովրդի քվեարկությամբ նվազագույն բալերն է  հավաքել»,– ասաց պրոդյուսերը։

 Նա շեշտեց, որ X-Factor 2–ի ժամանակ էլ է եղել նմանատիպ դեպք։ «Այն ժամանակ նույնպես քվեարկության ժամանակ Գարիկը բացակա էր, ծրար բացվեց և ուժեղ մասնակից դուրս մնաց, սակայն այն ժամանակ որևէ մեկն այդպես չարձագանքեց»,– ասաց նա ու հավելեց, որ Գարիկի ներկայությունը կարող էր փոխել արդյունքը, կարող էր՝ ոչ, քանի որ հնարավոր է ձայները հավասարաչափ բաշխվեին և կրկին բացվեր ծրարը։ «Համաշխարհային փորձում որևէ անգամ ժյուրիի բացակայության պատճառով համերգ չի հետաձգվել։ Հատկապես, որ դրսում համերգներն ուղիղ եթերում են լինում և տեղափոխել հնարավոր չէ։ Ե՛վ հայկական, և՛ արտերկրի X-Factor–ներում եղել են նման դեպքեր և որևէ աղմուկ չի առաջացել։ Դրա համար ինձ անհասկանալի է այս աղմուկը»,– նկատեց պրոդյուսերը։

 Աննան հայտնեց, որ ժյուրիի քվեարկության կարգը պետք է գործեր միայն երկու համերգի ժամանակ, քանի որ ըստ հայկական X-Factor–ի կանոնների՝  երբ նախագծում մնում են 6 և պակաս մասնակից, ժյուրին այլևս չի քվեարկում։ Այնպես որ, հաջորդիվ, որոշողը միայն ժողովուրդն է։ 

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, որ Յուրան և Դավիթն անհավասար մրցակիցներ էին, Աննան արձագանքեց. «12 մասնակիցներից ամեն մեկն ունի իր աստղը, յուրահատկությունն ու երկրպագուների բանակը։ Թե որ մասնակիցն է ավելի ուժեղ կամ թույլ, որոշում է հանդիսատեսը։ Եթե մինչև գալա համերգների փուլը ժյուրին է ընտրում  մասնակիցներին և ժողովրդի՝ այս կամ այն մասնակցին չընտրելու դժգոհությունն ինչ–որ կերպ արդարացված է, այս պարագայում քվեարկում է ժողովուրդը։ Եթե մարդիկ ավելի ցածր քվե են տվել Դավթին, նախագիծը ոչինչ անել չի կարող։ Մենք պատասխանատու ենք արդյունքների համար։ Սա անգլիական ձևաչափ է և ցանկացած թիվ վերահսկվում է Անգլիայի կողմից։ Էս դեպքում նույնիսկ ծիծաղելի է ինչ–որ բանի մասին խոսելը»։

Պրոդյուսերն ընդգծեց, որ ով էլ հաղթի, լինելու են և՛ ուրախացողներ, և՛ դժգոհողներ։ «Հաճախ, «Շանթի» նախագծերում չեն հաղթել այն մասնակիցները, որոնց անձամբ ես կամ «Շանթի» անձնակազմը համարել ենք լավագույնը, սակայն ձևաչափն ունի իր հստակ կանոնները՝ քվեարկում է ժողովուրդը։ Մենք շատ ենք ունեցել էսպիսի նախագծեր, երբ դուրս են մնացել շատ ուժեղ մասնակիցներ։  Օրինակ՝ Սուրեն Առուստամյանը «Հայ սուպերսթար 4»–ից դուրս մնաց՝ իր տեղը զիջելով Րաֆֆի Օհանյանին, ում մասին այսօր չեն հիշում։ Իվետա Մուկուչյանը դուրս մնաց հինգերորդը, բայց այսօր նա շատ հայտնի երգչուհի է։ Նմանատիպ դեպքեր շատ են լինում, երբ մարդկանց օբյեկտիվ կամ սուբյեկտիվ վերաբերմունքով ինչ–որ մեկն առավել է։ Մեր հաղորդավարը միշտ ասում է՝ քվեարկեք և հետագայում մի բողոքեք։ Սիրելն ու քվեարկվելը տարբեր բաներ են։ Եթե հեռուստադիտողն իսկապես հավանում է որևէ մասնակցի, պետք է քվեարկի։ Ենթադրվում է, որ ընտրված 12 մասնակիցները լավագույններից լավագույնն են։ Ի վերջո, անցնում է այն մասնակիցը, որն ունի խարիզմա, սիրվում է, ինչ–որ բան ունի իր մեջ, որ գրավում է հեռուստադիտողին։ Հաճախ դա չի համընկնում իմ անձնական տեսակետի հետ, բայց էդպիսին են կանոնները»,– ասաց նա։ 

 

Ինչ վերաբերում է Դավթին նախագիծ վերադարձնելու պահանջներին՝ Աննան նշեց, որ այդ բովանդակությամբ նամակներ իրենք էլ են ստանում. «Գրում են, որ դրսում եղել է նախադեպ, բայց այդպիսի բան չկա։ X-Factor–ում նախագծից դուրս մնացած մասնակիցը հետ չի վերադառնում, այդպիսի օրենք չկա»։

Պրոդյուսերը նկատեց, որ X-Factor–ը շատ մեծ հարթակ է տրամադրում բոլորին, ինչի համար պետք է շնորհակալ լինել։ «Կարծում եմ՝ բոլոր մասնակիցները, հասկանալով, թե ինչ մեծ աշխատանք է տարվում իրենց հետ, ինչքան լավ մասնագետներ են աշխատում, ինչքան հայտնի են դառնում իրենք, պետք է շնորհակալ լինեն։ Չէ՞ որ Դավիթին էլ ոչ ոք չէր ճանաչում նախքան նախագիծ գալը, թեև նա ուներ ձայնային այդ տվյալները։ Նախագծի շնորհիվ իրենք ձեռք են բերում հայտնիություն, իրենց հետ շատ մասնագետներ են աշխատում, իրենք  հրավերներ են ստանում։ Կարծում եմ՝ ցանկացած մասնակից, անկախ նրանից, թե որ փուլից է դուրս մնում, պետք է շնորհակալ լինի այդ ամենի համար։ Իր հարազատները՝ նույնպես։ Սա ասում եմ, որպես 4 եթերաշրջան X Factor–ի և 4 եթերաշրջան «Հայ սուպերսթարի» ռեժիսոր և պրոդյուսեր։ Կյանքը ցույց է տալիս, որ կարևոր չէ, թե ով է հաղթել, կարևոր է, թե ով է հետագայում աշխատել իր վրա։ «Շանթը» միշտ այն մասնակիցների կողքին է, ովքեր իսկապես շնորհակալ են և տաղանդավոր։ Դրա մասին վկայում են շատ մարդիկ, ովքեր չեն հաղթել, բայց հետագայում համագործակցել են հեռուստաընկերության շատ նախագծերի հետ»,– ասաց Աննան։

Հարցին՝ այսինքն` բարձրացած ալիքը կարող է հակառակ ազդեցությո՞ւն թողնել Դավթի և «Շանթի» հետագա համագործակցության վրա, նա պատասխանեց. «Մարդկանց սիրողների մոտ էմոցիաները տարբեր են։ Հաճախ մասնակիցները կապ չեն ունենում այն ալիքի հետ, որը բարձրանում է իրենց հարազատների և մտերիմների շրջանակներում»։

Զրույցի վերջում Աննան կոչ արեց քվեարկել սիրելի մասնակցի օգտին, քանի դեռ նա նախագծում է։ Եվս մեկ անգամ անդրադառնալով քվեարկության կարգին՝ պրոդյուսերը նշեց, որ քվեարկության 3 տարբերակից որևէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի։ 3 քվեարկության արդյունքները գումարվում են իրար և ստացվում է վերջնական արդյունքը։ Այս պահին հստակ չէ միայն, թե եզրափակչի քվեարկությունն ինչպես կանցկացվի։

 Ինչ վերաբերում է դժգոհություններին, որ քվեարկության ժամանակ խնդիրներ են առաջանում՝ Աննան ասաց. «Հենց քվեարակությունը սկսվում է, բոլորը միանգամից սկսում են քվեարկել։ Հիմնականում առաջին 10 րոպեներին կարող է ծանրաբեռնվածության  խնդիր լինել։ Հնարավոր է՝ sms ուղարկեն, 10-15 րոպե հետո պատասխան գա կամ ինտերնետում խնդիր է լինի, 2 րոպեից նորից փորձեն և քվեարկությունը հաշվարկվի։ Երբ սկսում է քվեարկությունը, ինքս, անպայման, ստուգում եմ և համոզվում, որ ձայները նորմալ հաշվվում են»։

 Քվեարկության բոլոր տարբերակներով 1 մասնակցի օգտին հնարավոր է քվեարկել մեկ անգամ, եթե անգամ փորձում են մի քանի անգամ քվեարկել, հաշվվում է միայն մեկ  ձայն։ Մի հեռախոսից հնարավոր է 2  sms ուղարկել տարբեր մասնակիցների, բայց ոչ 1 մասնակցի օգտին։

Ամալյա Հովհաննիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular