ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության հերթական պառակտումը. ո՞ւմ է ձեռնտու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանյան ընդդիմությունը հերթական անպտուղ և վտանգավոր պոլեմիկայի մեջ է մտել, որն այս անգամ հարուցել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Օրերս «Հայաստան» խմբակցության քարտուղարն ասել էր, թե՝ «Ազգային կոմիտեի կողմից առաջադրված ժամանակավոր կառավարությունը պետք է գլխավորեր նախկին օմբուսդմեն Արման Թաթոյանը, իսկ բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին»։ Մինասյանը նշել էր, թե առաջին նախագահն է բացասական արձագանքել նման քննարկմանը։

«Հայ ազգային կոնգրեսի» մամուլի քարտուղար Արման Մուսինյանը բացահայտ կեղծիք է որակել Արծվիկ Մինասյանի հայտարարությունը, նշել, թե առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ընդունել։ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը հերքել է նաև Արման Թաթոյանը, վստահեցրել, որ՝ «Հայաստանում ժամանակավոր կառավարություն ձևավորելու, կամ այն գլխավորելու հարց իր հետ չի քննարկվել, այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է և անհասկանալի»։

Նախկին վարչապետ, Ազգային կոմիտեի ղեկավար Վազգեն Մանուկյանն էլ փորձել է խուսանավել՝ հայտարարելով, թե՝ «Հավանաբար Արծվիկ Մինասյանը իրար է խառնել մի քանի ինֆորմացիաներ»։

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ «Ազգային կոմիտեն իսկապես շատ կարևորել է իր մեջ հասարակության լայն շերտերի հեղինակավոր ներկայացուցիչներ գրավելը և քննարկվել են տարբեր անուններ, այդ թվում Արման Թաթոյանի և Վարդան Օսկանյանի անունները։ Կոմիտեի անդամները ներքին խոսակցության մեջ նաև քննարկել են, թե իշխանափոխությունից հետո ով կարող է լինել վարչապետ, տարբեր մարդկանց անուններ են հնչել՝ այդ թվում Արման Թաթոյանի անունը, բայց նրա հետ չի քննարկվել և այդպիսի որոշում չի ընդունվել»։

Ավելին, ըստ Վազգեն Մանուկյանի, ինքը միշտ պնդել է, որ՝ «Հիմա ժամանակը չէ դա քննարկելու, նախ և առաջ պետք է կազմակերպել համաժողովրդական միասնական շարժում և երբ մոտենան այն եզրին, որտեղից երևում է իշխանափոխությունը, այդ ժամանակ հնարավորություն կունենան բնական ձևով առաջարկել վարչապետի թեկնածու»։

Ինքը՝ Արծվիկ Մինասյանը, շարունակում է պնդել, որ ոչինչ չի կեղծել, ընդհակառակը հստակ ասել է։ «Ճշմարտությունը միշտ էլ դժվար է ընդունել, հատկապես , երբ այն բախվում է պատասխանատվության և համարձակության հետ, կարելի էր անդրադառնալ բոլոր արձագանքներին, մտնել առանձին դետալների և զրույցների մեջ, բացահայտել՝ ովքե՞ր էին տեղյակ, սակայն այս պահին նպատակահարմար չեմ համարում»,- ասել է Մինասյանը։

Ինչևէ այս դեպքում սխալ է մտնել քննարկման մեջ, թե ով է ճիշտ ու ով՝ սխալ, ամեն դեպքում ո՛չ առաջին նախագահի, ո՛չ նախկին վարչապետի և ո՛չ էլ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություներին չհավատալու հիմքեր չունենք, խնդիրն այստեղ բոլորովին այլ է։ Այն, որ ընդդիմության շարքերում նման քննարկուներն առաջին հերթին բխում են հենց գործող իշխանությունների շահերից, և նրանց է ձեռնտու պառակտում գցել ընդդիմադիր դաշտում։ Թե ինչո՞ւ է Արծվիկ Մինասյանը թելում Փաշինյանի թելը, բարդ է ասել։

Սոնա Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular