ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տուն տանելու չի, քնելա հետս». Ընկերուհու նախկին ընկերոջ ասածից վիրավորված երիտասարդը սպանել է նրան

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

 

Գոռ Սարգսյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ, ով աշխատում էր երկաթուղային ոլորտում:

Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել:

Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է Ազատին:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»:

Գոռը նեղվել է: Նա աղջկան տարել է բժշկական հետազոտության ու արդյունքում պարզել է, որ, ըստ բժշկի, աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը  13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատն ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին,  աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը, չհանգստանալով, դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տարբեր տաքսիներով հասել է Արեշ…

Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝  կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին:

Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝  նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

 

Դատաքննությունը մոտեցել է ավարտական փուլին:

Որպես դատաքննությունը լրացնելու  միջնորդություն՝ պաշտպանական կողմը միջնորդել էր դատարան հրավիրել ու հարցաքննել դատահոգեբանական փորձաքննությունն անցկացրած ու եզրակացությունը  ներկայացրած հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանին:

Նախաքննության ընթացքում Գոռ Սարգսյանի նկատմամբ նշանակվել և անցկացվել էր դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն:

Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գոռ Սարգսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ դեպքի պահին Գոռ Սարգսյանը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել:

Պաշտպանական կողմի կարծիքով՝ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետազոտական ու հետևությունների մասերում առկա են հակասություններ, հետևությունները բավականաչափ պարզաբանված ու հստակեցված չեն:

Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության շուրջ դատարանում  հարցաքննվեց հոգեբան- փորձագետ Անի Վարդանյանը:

Փորձագետը պնդեց իր տված եզրակացությունը՝ նշելով, որ փորձաքննված Գոռ Սարգսյանը մեղսագրված արարքի կատարման պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել: Նա եղել է «հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը նվազեցրել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը»:

Գոռ Սարգսյանի անձնային հատկանիշներից փորձագետն առանձնացրեց տագնապայնության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, զգայունությունը, որոնք նույնպես էապես ազդել էին Սարգսյանի վարքի վրա: Սակայն լինելով հոգեկան լարված վիճակում՝ Գոռ Սարգսյանը չէր ապրել ֆիզիոլոգիական աֆեկտի համար պարտադիր «երրորդ փուլը»՝ թուլացման, ուժասպառման փուլը: Հանցավոր արարքի կատարումից հետո Գոռը փախուստի է դիմել, տարբեր տաքսիներով գնացել է Արեշ, ինչ-որ աղբամանի մեջ է գցել հանցագործության գործիք դանակը, որոշ ժամանակ անց նա գնացել է կայարան…

Հոգեբան-փորձագետ Անի Վարդանյանը, ինչպես իր տված եզրակացության մեջ, դատարանում նույնպես պնդեց, որ փորձաքննվածը դեպքի պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի եղել:

Ըստ պաշտպանական կողմի՝ նախաքննական մարմինը գործի ամբողջ իրական հանգամանքները չի վերհանել, հետևաբար՝ բոլոր հանգամանքները չէ, որ ներկայացվել են փորձագետին, ու վերջինիս անհայտ են մնացել կարևոր մանրամասներ: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում չի հարցաքննվել այն անձը, ում տուն գնացել է Գոռը հանցանքի կատարումից անմիջապես հետո: Այդ անձը կարող է նկարագրել, թե Գոռն ինչպես է պահել իրեն, ինչ հոգեվիճակում է եղել: Նա գործով կարևոր վկա լինելով՝ չի հարցաքննվել և, հետևաբար, չի դատակոչվել:

Փորձագետի հարցաքննությունից չբավարարված պաշտպանական կողմը միջնորդեց որպես լրացուցիչ վկա դատարան հրավիրել ու հարցաքննել վերը հիշատակված անձին: Այդ հարցաքննությունից հետո պաշտպանական կողմը մտադիր է դատարանին ներկայացնել միջնորդություն՝ նոր ի հայտ եկած հանգամանքների լույսի ներքո Գոռ Սարգսյանի նկատմամբ նշանակել լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննություն:

Պաշտպանական կողմի դիրքորոշմամբ՝ Գոռ Սարգսյանը սպանությունը կատարելու պահին եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում, նա արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերը հիշատակված լրացուցիչ վկային դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ: Վկան կհարցաքննվի հաջորդ դատական նիստում:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular