Կարեն Գիլոյանն ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին
ՍՊՈՐՏՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին:
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից։
Մայամիում նոյեմբերի սկզբին տեղի ունեցած մենամարտում Միքայելյանը երրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Կոնգոյի ներկայացուցիչ, 35-ամյա Իլունգա Մակաբուին ու նվաճել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին:
Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է Նոել Միքայելյանին վերջին հաջողության առթիվ և հետագա հաջողություններ մաղթել նրան. «Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի պատիվը մշտապես բարձր պահելու և ներդրած ջանքերի համար: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է անենք հնարավորը՝ մեր երկիրն ավելի հեղինակավոր դարձնելու համար: Հայաստանում երկրպագուների մեծ բանակ ունեք, որոնք հետևում են Ձեր մրցելույթներին և ուրախանում արձանագրված հաջողություններով»:
WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը շեշտել է՝ ՀՀ կառավարությունը նպատակաուղղված աշխատանքներ է տանում մեր երկրի տեղն աշխարհի սպորտային քարտեզում ամրագրելու ուղղությամբ:
«Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը պարբերաբար դառնա շատ լուրջ մարզական իրադարձությունների հավաքատեղի: Մենք պետք է դուրս չմնանք աշխարհի սպորտային քարտեզից, հակառակը՝ դրանում ունենանք մեր հստակ տեղը՝ Հայաստանում պարբերաբար անցկացնելով բարձրակարգ մրցումներ»,- ասել է Կարեն Գիլոյանն ու տեղեկացրել՝ վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանն արդեն աշխարհի ու Եվրոպայի 6 առաջնություններ է անցկացրել՝ բռնցքամարտ, ծանրամարտ և սամբո մարզաձևերից: Կարեն Գիլոյանը չի բացառել Հայաստանում նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոներ հյուրընկալելու հնարավորությունը:
Անդրադառնալով Մայամիում տեղի ունեցած չեմպիոնական մենամարտին՝ Նոել Միքայելյանը տեղեկացրել է՝ 2 տարի պրոֆեսիոնալ ռինգ դուրս չէր եկել. «Տևական ժամանակ բանակցում էինք WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտն անցկացնելու շուրջ: Վերջին անգամ WBC Silver գոտու համար էի մենամարտել ու հաղթել: WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտս շատ կարևոր էր, իսկ մրցակիցս՝ Կոնգոյի ներկայացուցիչը, բավականին ուժեղ մարզիկ. նա 3 տարի չեմպիոն է եղել: Արդյունքում՝ երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի մրցակցիս»:
Նոել Միքայելյանը ծնվել է Հայաստանում, մեծացել է Գերմանիայում, իսկ այժմ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: Միքայելյանը WBO երիտասարդական ու WBO International վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն է:
Ընդ որում, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան սկսել է 21 տարեկանում, երբ համալսարանում որոշել է կիսատ թողնել իրավաբանական կրթությունը, քանի որ միշտ երազել է սպորտային կարիերա ստեղծելու մասին: Այս ընթացքում անցկացրել է 28 մենամարտ և տարել 26 հաղթանակ: 33-ամյա բռնցքամարտիկը հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո և ընդգծում՝ դա իր համար մեծ պատիվ է:
«Շատ հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը: Յուրաքանչյուրս մեր ասպարեզում պետք է փորձենք լավ հետք թողնել՝ լինի դա Հայաստանում, թե արտերկրում, որպեսզի հետագայում օրինակ լինենք նոր սերնդի համար: Ամեն կերպ ցանկանում եմ օգնել Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի զարգացմանը: Նաև բարեգործական նախաձեռնությունների եմ մասնակցում ու շատ ուրախ եմ, որ կարողանում եմ որոշակի ներդրում ունենալ նաև իմ հայրենիքի զարգացման գործում»,- եզրափակել է Նոել Միքայելյանը: