Ցավալի ու դառը զգացողություն է. Էրիկը` աղմկահարույց մրցանակաբաշխության և ադրբեջանցիների կողմից իր էջը կոտրելու մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՕրեր առաջ Փարիզում առաջին անգամ անցկացված «Armenian Europe Music Awards» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում հաղթող է ճանաչվել երգիչ Էրիկը, ով, սակայն, չի կարողացել ելույթ ունենալ համերգի ժամանակ:
Կազմակերպչական խնդիրնե՞ր, ոչ պրոֆեսիոնալ մոտեցո՞ւմ, թե՞... Այս և այլ թեմաների մասին Asekose.am-ը զրուցել է Էրիկի հետ:
Զրուցի սկզբում Էրիկը նշեց, որ իր համար անչափ հաճելի էր գլխավոր մրցանակին արժանանալը, սակայն շատ է ցավում, որ մեկնելով Փարիզ՝ չի կարողացել ելույթ ունենալ.
«Մեկնելուց առաջ, իհարկե, սպասում էի, որ ինձ համար նախատեսված որևէ մրցանակ կլինի, կարծում էի՝ մենահամերգիս հետ կապված կլինի կամ էլ՝ նոր երգիս: Ինչու ոչ, այս մրցանակը ևս ինչ-որ չափով սպասելի էր, բայց պետք է վստահորեն նշեմ, որ մրցանակը չէ, որ ինձ տարել էր Փարիզ. մեկնելուս գլխավոր նպատակը հանդիսատեսիս համար ելույթ ունենալն էր, ինչը, ցավոք, չեղավ: Բարձրացել եմ բեմ՝ միայն մրցանակս ստանալու համար»:
Խոսելով այս ամենի պատճառների մասին՝ Էրիկը նշեց.
«Բնականաբար, բացերը նկատելի էին, բայց բաներ կային, որ նաև գեղեցիկ էին: Կազմակերպիչներն առաջին անգամ էին նման մեծ աշխատանք տանում: Իհարկե, կարելի էր տարրական էլեմենտներին ուշադրություն դարձնել, բայց դա էլ գալիս է սկսնակ լինելուց»:
Նկատառմանը, որ մրցանակաբաշխությունից հետո որոշ պրոդյուսերներ հարցազրույցներ տալիս նշել են, որ երգիչը, ում պրոդյուսինգով իրենք են զբաղվում, չէր կարող մասնակիցը դառնալ նման խայտառակ մրցանակաբաշխության, Էրիկը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Երբ ինքս ստացա հրավեր, նույն մտավախությունն ինձ մոտ էր՝ ինչ կլինի, ոնց կլինի սկսնակ թիմի աշխատանքը: Իսկ մյուս կողմից՝ յուրաքանչյուրը պետք է մի տեղից սկիզբը դնի, որպեսզի շարունակի ու դառնա մեր օրերում կազմակերպվող պրոֆեսիոնալ մրցանակաբաշխություններից մեկը»,- նշեց երգիչը:
Էրիկի խոսքով մրցանակաբաշխությունները վերջին շրջանում սպորտի են վերածվում.
«Մրցանակաբաշխությունների մասին խոսելով՝ պետք է նշեմ, որ մրցանակաբաշխությունները վերջին շրջանում սպորտի են վերածվում՝ մեկը ստանում է մրցանակ, մյուսն ուզում է ավելի ինտեսիվ գործ անել: Դրա արդյունքում ինչ-որ տեղ առողջ մրցակցությունն է առաջանում, որը շատ նորմալ երևույթ է: Մրցանակաբաշխությունները, առհասարակ, շատ լավ են: Արտիստը, ով մրցանակ է ստանում, իրեն գնահատված է զգում, քանի որ իր երկարատև աշխատանքի գնահատականն է ստանում: Ես այն արտիստներից եմ, ով իր հասցեին հնչած ցանկացած փոքր դրական խոսքից իրեն պարտավորված և լավ է զգում: Տվյալ դեպքում մրցանակները ևս պարտավորեցնում են արտիստին՝ ավելի շատ ու եռանդով աշխատելու համար»:
Զրույցի վերջում Էրիկը խոսեց նաև երեկ իր Instagram-ի էջը՝ ադրբեջանցիների կոմից կոտրելու մասին.
«Ցավալի ու դառը զգացողություն է, որ թշնամին կոտրել է իմ էջը, այս պահին այն իր ձեռքում է, ինչի արդյունքում կարող է կեղծ ինֆորմացիաներ տարածել: Մոտ մեկ օրվա ընթացքում կկարողանանք վերականգնել ու հետ բերել իմ էջը: Ապրիլյան քառօրյայի մոտ օրերում ենք՝ սկսել են իրենց կեղտոտ գործերը: Պատերազմը երկու հարթակով է ընթանում՝ սահմանային և տեղեկատվական: Եթե մենք հաղթող ենք դարձել առաջինում, ուրեմն կհաղթենք նաև երկրորդում»:
Հեղինակ՝Ա.Հարությունյան