Ապրիլյան պատերազմի կամավորը ազատազրկվել է 14-ամյա հղիին խայտառակվելուց փրկելու պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Գառնիկ Ջ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
Վերաքննիչ դատարանում այս գործով հետազոտվել են փաստեր, որոնց ընդհանուր իրավասության դատարանը հասու չի եղել, ավելին՝ մեղադրական դատավճիռ է կայացվել ու ամբաստանյալը դատարանի դահլիճից կալանքի տակ է առնվել՝ առանց հաստատապես ստուգելու ամբաստանյալի մեղավորության հարցը…
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ Գառնիկ Ջ.-ն, լինելով 22 տարեկան, 2014 թվականի ամռանը ««Կասկադում» ընկերների հետ զբոսնելիս ծանոթացել է 2001 թվականի դեկտեմբերի 2-ին ծնված, 12-ամյա դպրոցական աղջկա՝ Ալլայի հետ (անունը փոխված է):
Ըստ Գառնիկի նախաքննական ցուցմունքի՝ ինքն իմացել է, որ աղջկա 14 տարին բոլորած չէ, նա միայն դեկտեմբերին պիտի դառնա 13 տարեկան:
Սակայն աղջիկը դուր է եկել Գառնիկին, նա սկսել է հանդիպել Ալլայի հետ: Նրա 13-ամյակին նվերներ է մատուցել:
2015 թվականի ամռանը Գառնիկը 13-ամյա Ալլայի հետ գնացել է իր մորաքրոջ տուն: Այնտեղ փոխադարձ համաձայնությամբ Գառնիկն ու Ալլան սեռական հարաբերություններ են ունեցել: Ալլան կույս է եղել:
Դրանից հետո Գառնիկն ու Ալլան մի քանի անգամ էլ են սեռական հարաբերություն ունեցել:
2016 թվականի հունվարի 1-ին Ալլան գնացել է Գառնիկենց տուն՝ Նոր տարին շնորհավորելու:
Նկատելով Ալլայի մարմնի որոշակի փոփոխությունները՝ Գառնիկը նրան հարցրել է. «Կարող ա՞ հղի ես»: Նա անմիջապես հղիությունը որոշող թեսթ է գնել: Ստուգել են ու համոզվել, որ 14-ամյա Ալլան հղի է: Այդ մասին հայտնել են Գառնիկի մայրիկին, վերջինս էլ հյուր է կանչել Ալլայի մայրիկին ու հայտնել է նրան:
Ալլան մնացել է Գառնիկի տանը, դարձել է նրա փաստացի կինը:
Ալլային բժշկական հաշվառման են տարել ու պարզվել է, որ արդեն 32 շաբաթվա հղիություն ունի: Ալլայի մայրը զարմացել է՝ ասելով, թե… չի նկատել իր դստեր մարմնի որևէ փոփոխություն ու ոչինչ չի կասկածել:
Մարտ ամսին 14-ամյա Ալլան տղա է ունեցել: Նա որդու հետ ապրում է փաստական ամուսնու՝ Գառնիկի տանը, երեխայի հետ գտնվում է Գառնիկի խնամքի ներքո:
Գառնիկն իրեն մեղավոր է ճանաչել, բայց դատարանում պնդել է, թե սեռական հարաբերություններ ունենալու ժամանակ չի իմացել, որ Ալլայի 14 տարին բոլորած չէ:
Ընդհանուր իրավասության դատարանը ամբաստանյալի պատճառաբանությունը անարժանահավատ է համարել ու նրան մեղավոր է ճանաչել ակնհայտ 14 տարին չբոլորած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ՝ հաշվի է առել, որ անչափահաս կինն ու նորածին երեխան գտնվում են նրա խնամքին, Ապրիլյան պատերազմի օրերին Գառնիկը կամավոր մեկնել է Արցախ:
Դատարանը հնարավոր է համարել Գառնիկ Ջ.-ի նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը՝ մեղսագրված հոդվածով նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ նշանակելով:
Բայցևայնպես, դատարանը Գառնիկ Ջ.-ին դատապարտել է իրական ազատազրկման, դա դեռ բավական չէ, նրան կալանքի տակ է առել դատական նիստերի դահլիճում՝ դատավճռի հրապարակման պահին՝ եզրահանգելով, որ ազատազրկման դատապարտման պարագայում, եթե ամբաստանյալը մնա ազատության մեջ, «կբարձրանա պատիժը կրելուց խուսափելու հավանականությունը…»:
Գառնիկ Ջ.-ն դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու անմիջապես առնվել է արգելանքի տակ:
Գառնիկ Ջ.-ից հօգուտ պետբյուջեի պետք է բռնագանձվեր նաև 70 հազար 74 դրամ՝ որպես անչափահաս Ալլայի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության արժեք…
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Մայիս Հովհաննիսյանը:
Փաստաբանը նշել է, որ առաջին ատյանի դատարանը չի իրականացրել քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ հետազոտում, ինչը հանգեցրել է անհիմն դատական ակտ կայացնելուն ու դատական սխալ թույլ տալուն:
Պաշտպանն ընդգծել է, որ դատարանը հաստատված է գնահատել Գառնիկի մեղքը՝ հիմնվելով Գառնիկի, Ալլայի ու նրանց ծնողների համատեղ հորինված անհիմն ցուցմունքների վրա, որոնք հաստատված չեն գործով ձեռք բերված փոխկապակցված այլ ապացույցներով:
Դատահոգեբանական փորձաքննության եզրակացության մեջ փորձագետը նշել է, որ անչափահաս Ալլան իր տարիքից մեծ է երևում:
Գործով չի նշանակվել դատագենետիկական փորձաքննություն՝ պարզելու՝ Գառնիկ Ջ.-ն հանդիսանո՞ւմ է ծնված երեխայի կենսաբանական հայրը, թե՞ ոչ:
Պաշտպանը միջնորդել էր արդարացնել Գառնիկ Ջ.-ին՝ մեղսագրված արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով, կամ՝ բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
Վերաքննիչ դատարանում պաշտպանի բողոքին են միացել ինչպես ամբաստանյալ Գառնիկ Ջ.-ն, այնպես էլ տուժող աղջիկն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ մայրը:
Մեղադրող դատախազ Ռ. Մանուկյանն առարկել է բողոքի դեմ, պնդել է, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ու հիմնավոր է, այն բեկանելու կամ փոփոխելու հիմքեր չկան:
Վերաքննիչ դատարանում Գառնիկ Ջ.-ն հայտնել է, թե 2015 թվականի դեկտեմբերի 25-ին է առաջին անգամ հանդիպել Ալլային: Ինքն աշխատել է Նորքի 9-րդ զանգվածում գտնվող ինտերնետ ակումբում: Ծանոթանալուց հետո շփվել է Ալլայի հետ:
2016 թվականի հունվարի 2-ին կամ 3-ին Ալլան իրեն պատմել է, թե հղի է Հովիկ անունով մի տղայից, ու եթե հարազատներն իմանան, իրեն կսպանեն: Ալլան խնդրել է օգնել: Հասկանալով, թե ինչ իրավիճակում է նա հայտնվել, ինքն առաջարկել է բոլորին ներկայացնել՝ իբր երեխան իրենն է, ինքն ու Ալլան պիտի ամուսնանան:
Հունվարի 14-ին՝ իր մոր ծննդյան օրը, մորն ասել է, որ Ալլան հղի է իրենից: Երկու օր անց Ալլան տեղափոխվել է իրենց տուն: Համատեղ կյանքի ընթացքում իրենք քնել են տարբեր սենյակներում, իրենց միջև երբևէ սեռական հարաբերություն չի եղել…
Երբ քրեական գործ է հարուցվել, ինքը ներկայացրել է իրենց հորինած պատմությունը: Նույնն ասել է նաև Ալլան: Մտածել են՝ գործը կկարճվի՝ նկատի ունենալով, որ Ալլան ապրում է իրենց տանը: Սակայն դատավճռով ինքը դատապարտվել է 2 տարի ազատազրկման ու կալանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում: Այդ ժամանակ են հասկացել, որ սխալվել են, որոշել են պատմել իրականությունը:
Տուժող աղջիկը՝ Ալլան, հայտնել է թե իր երեխայի հոր՝ Հովիկի հետ ծանոթացել է 2015 թվականի հունիսին Չարբախի զինվորական հավաքատեղիում, երբ բանակ էր ճանապարհում եղբորը: Հովիկը ծանոթացել է նաև իր մայրիկի հետ: Հովիկն ասել է, որ նորոգման աշխատանքներ է կատարում, մայրը առաջարկել է, որ նա նորոգման աշխատանքներ կատարի իրենց վարձած տանը: Մայրը որպես մատուցողուհի է աշխատել՝ մի ամբողջ օր աշխատել է, մի օր եղել է տանը: Հովիկը սկսել է նորոգման աշխատանքներ կատարել իրենց տանը՝ ներկել է պատերը, այդ ընթացքում իրենք մտերմացել են: Հովիկը խոստացել է ամուսնանալ իր հետ, իրենք սեռական հարաբերություններ են ունեցել իրենց տանը՝ մոր բացակայության օրերին… Պարզելով, որ հղի է, ինքը Հովիկին ասել է, որ նրանից երեխայի է սպասում: Հովիկն այլևս իր հետ չի շփվել, հեռացել է իրենից: Ինքը վախեցել է հարազատներից: Դեկտեմբերին, երբ վեց ամսական հղի էր, ինտերնետ ակումբում ծանոթացել է Գառնիկի հետ, նրան պատմել է իր վիճակի մասին ու խնդրել է օգնել իրեն: Գառնիկը համաձայնել է, ասել է՝ այնպես կանի, որ ինքը խնդիրներ չունենա… Իրականում ինքն ու Գառնիկը երբեք սեռական հարաբերություն չեն ունեցել…
2016 թվականի մարտի 13-ին ծնվել է իր որդին, ինքը շարունակել է ապրել Գառնիկենց տանը, բայց իրենք քնել են տարբեր սենյակներում: Հղիության ընթացքում ինքը շնչառական խնդիրներ է ունեցել, Գառնիկի մայրը քնել է իր հետ նույն սենյակում և խնամել է իրեն… Հետագայում էլ իրենք շարունակել են հորինած պատմությունը ներկայացնել, որպեսզի ինքը խայտառակ չլինի:
Երբ Գառնիկը դատապարտվել է, նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Ալլայի մայրն այդ ժամանակ դստերը Գառնիկի ընտանիքի խնամքին հանձնած՝ գտնվել է Ռուսաստանում: Գառնիկի մայրը զանգել է նրան, ասել է, թե երեխաներն իրենց խաբել են, Ալլայի երեխայի հայրը Գառնիկը չէ, այլ՝ Հովիկ անունով մեկը, Գառնիկը միայն փորձել է օգնել հղիացած Ալլային…
Գառնիկի մայրը նշել է, որ Ալլայի իրական տարիքն ինքն իմացել է հիվանդանոցում, իմացել ու ապշել է, քանի որ մինչ այդ իրեն ասել էին, թե Ալլան… 17 տարեկան է:
Ստուգվել են Գառնիկի ու Ալլայի հեռախոսների վերծանումները, որոնցով հաստատվել է, որ նրանք սկսել են հեռախոսով շփվել 2015 թվականի դեկտեմբերի 30-ից, երբ Ալլան վեց ամսական հղի էր…
2016 թվականի նոյեմբերի 8-ին՝ առաջին ատյանի դատարանի դատավճռի հրապարակումից երեք ամիս անց, կատարվել է դատագենետիկական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ բացառվում է Գառնիկ Ջ.-ի հայրությունը՝ Ալլայի որդու նկատմամբ…
Հարցաքննվել է վկա Հովիկը՝ երեխայի ենթադրյալ հայրը: Նա նշել է, թե Ալլայի հետ միայն զբոսնել է, երբեք սեռական հարաբերություն չի ունեցել, նրանց տանը եղել է միայն մեկ անգամ՝ սուրճ խմելու էին հրավիրել: Վկա Հովիկը հրաժարվել է հանձնել արյան փորձանմուշ՝ դատագենետիկական փորձաքննության համար:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ալեքսանդր Ազարյան, Տիգրան Սահակյան, Մխիթար Պապոյան կազմով, պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, գործն ուղարկել է նույն դատարան՝ այլ կազմով նոր քննություն կատարելու, որպեսզի արդեն հիշատակված փաստական հանգամանքները դարձվեն քննության առարկա:
Վերաքննիչ դատարանը նաև փոփոխել է Գառնիկ Ջ.-ի խափանման միջոց կալանավորումը, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: