Հնարավոր է՝ հերթական պատերազմը կազմակերպվի
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱպրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն զարմացրել քաղաքագետ Արա Պապյանին: Նրա կարծիքով՝ սա ոչ թե պարտադրվեց ժողովրդին, այլ առան նրան:
«Ու հիմա, եթե սկսեն բողոքել, թե վատ են ապրում, կասեմ՝ սա քո ընտրությունն է, ոչ թե իմը: Ա'յ, որ իշխանության մերձավորները Թուրքիայից լոլիկ են ներմուծում, վերաձևակերպում, արտահանում են Ռուսաստան ու խփում են այստեղի լոլիկ արտադրողի գործին, թող գնա գյուղացին մտածի դրա մասին, որ 5000 դրամով ծախվում է: Ասում են՝ մեր գյուղի տղեն է, ու ընտրում են: Հա, դե գնա՛, քո գյուղի տղեն քեզ հաց է տալո՞ւ: Կամ, թե քո երեխեքն են բանակ գնալու, որտեղից զենքն ու վառելիքը գողացվում է: Մտածե՛ք դրա մասին: Շատերին թվում է, թե իրենք պետք է մեկին աջակցեն, ուրիշներն էլ գնան իրենց համար «դոշ» տան: Նման բան չի լինում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Պապյանը՝ ցավով նշելով, որ այսօր ժողովրդի պայքարի միակ ձևը արտագաղթն է:
«Մարդ գիտեմ՝ այստեղ շատ բարձր աշխատավարձ էր ստանում, բայց հեռացավ երկրից՝ ասելով որ իրեն էշի տեղ են դնում»,-հայտնեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ընդդիմության պարտության պատճառներին՝ նկատեց.
«Դա առաջին հերթին գալիս էր Ընտրական օրենսգրքից: Ռեյտինգային համակարգով չի կարող որևէ ընդդիմություն հաղթել: Սա սարքած է ամենաշատ փող ու իշխանություն ունեցողի համար: Մարդը գնում փող է ծախսում, քարոզչություն է անում, բայց ուրիշի համար է ձայն բերում: Այս ԸՕ-ն ՀՀԿ-ին հնարավորություն տվեց մի ընտրատեղամասում 15 թեկնածու առաջադրել: Բա ո՞նց էին նրանց դեմ պայքարելու: Ամեն մեկն ասում է մի գյուղ կասֆալտեմ, բա դու ի՞նչ պետք է ասես: Ժողովուրդն էլ ըստ երևույթին, ինչպես ամբողջ աշխարհում, ասում է նաղդը պոկեմ:Տեսե՛ք, ո՞վ է ամենաշատ ձայնը հավաքել.Սամվել Ալեքսանյանը, ով փող, լավաշ է տվել: Եթե մարդկանց ամբողջ նպատակը 2 լավաշ ձրի ստանալն է, ի՞նչ ասես: Նրանք չեն գիտակցում, որ կառավարման ձևից կախված է նրանց բարեկեցությունը»:
Հարցին՝ գուցե չկար այն ուժը, որին ժողովուրդը կվստահեր, Արա Պապյանը պատասխանեց.
«Իհարկե՝ չկար: Իշխանությունը թույլ չի տալիս, որ այն ձևավորվի: Այդքան միամիտ չէ: Հենց մեկը սկսում է մի քիչ խոսել, թպրտալ, սկսում են վարկաբեկել, սուտ լուրեր տարածել ու դու չես կարող ոչինչ անել, քանի որ ով քո մասին տարածած սուտը կարդաց, էլ քո հերքմանը չի հավատա, կասի, մի բան կա ուրեմն: Գրեթե վստահ եմ, որ այստեղ շատ բան է դիտավորյալ արվում: Մի ընտրազանգվածի՝ ասենք 700.000-ից մի քիչ շատ մարդու աղքատ են պահում, որպեսզի նրանց առնեն: 1988 թվին ժողովրդին ինչո՞ւ չէին կարողանում առնել, որովհետև մի 20 տարի կուշտ էր, որոշակի բարեկեցություն, վստահություն ուներ»:
Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախի մասնատման հարցին, որը ընդդիմադիրների ակնարկներով, կբերվի ԱԺ.
«ՀՀԿ-ն, որն այսօր 55 մանդատ ունի, երբեք չի էլ ասել, որ հրաժարվում է «Մադրիդյան սկզբունքներ»-ից: Նրանք էլի բերելու են այդ հարցը: Սերժ Սարգսյանն ընտրություններից առաջ գնաց Արցախ՝ ասաց, որ Գերագույն գլխավոր հրամանատար պետք է ընտրեն, որը եթե պետք լինի՝ նաև նահանջի հրաման տա: Մարդը պարզ ասաց, որ պատրաստ է դա անելու, եկե՛ք չխաբենք: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, գոնե այդ կուսակցությունը խոսքի մակարդակով ասում է, որ դեմ է տարածքներ հանձնելուն, իսկ թե գործնական առումով ի՞նչ կանի՝ դժվար է ասել: Չնայած կարծում եմ՝ այս ընտրությունները մի դրական բան էլ ունեցան.Սերժ Սարգսյանը կարող է միջնորդներին որպես փաստ ներկայացնել ՀԱԿ-ի հավաքած ձայներն ու ասել, որ մեր հասարակության անգամ 2 տոկոսը համաձայն չէ տարածք հանձնելուն: Ժողովուրդը կարող է կաշառք վերցնել, բայց ոչ Արցախը տալ ու եթե փորձեն իրենց միակ նվաճումը ծախել, այնպես, ինչպես ապրիլյան պատերազմին հավաքվեցին՝ կհավաքվեն ու ուրիշ բաներ կանեն: Հող տալը բարեկեցություն ու խաղաղություն չի բերելու, մի շարք եթե-ներ է բերելու: Ենթադրում եմ, որ իշխանությունը ամեն ինչ կանի՝ չհանձնելու համար, քանի դեռ իշխանությունը կորցնելու վտանգ չկա, եթե լինի՝ Արցախը տալու փորձ կանի: Ցավոք, մեր իշխանության համար իշխանությունից բարձր որևէ բան գոյություն չունի»:
Քաղաքագետի խոսքով՝ առաջիկայում հնարավոր են ռազմական բախումներ.
«Գուցե խաղարկված հերթական պատերազմը կազմակերպվի»:
Արդյո՞ք ՀՀԿ-ին իշխանությունը կորցնելու վտանգը չի սպառնում հարցին էլ. Արա Պապյանը այսպես պատասխանեց.
«Չէ, բոլոր գործիքներն ունի՝ հասարակությանը ճնշելու համար, ինչի՞ց պետք է վախենա: Փողն ունի, ոստիկանությունն ունի, դատախազությունն ունի, այսինքն, բոլոր գործիքներն ունի՝ հասարակությանը, այդ թվում ընդդիմությանը ճնշելու համար: Քվեները չեն աշխատում: Մենք ունենք մի հասարակություն, որը գնում ու ծախվում է: Իսկ ամենավատը գիտե՞ք որն է: Որոշ մարդկանց պատճառով, որոնք մեծամասնություն են ցավոք կազմում, տուժում են բոլորը:10 տարի է տեսնում ենք՝ երկրի վիճակը վատ է ու ոչինչ չի փոխվում: Պարզապես ռուսերեն վատ խոսող Հովիկ Աբրահամյանին փոխարինել է ռուսերեն մի քիչ լավ իմացող Կարեն Կարապետյանը: Ես ուզում եմ հասկանալ՝ Կարեն Կարապետյանը 6 ամսվա ընթացքում ի՞նչ է արել: Ի՞նչ փոփոխության մասին է խոսքը: Հարկայինի, մաքսայինի վիճակը շարունակում է վատ մնալ, ամեն ինչ վատ է: Հա, սիրուն ժիլետ ա հագնում, ի՞նչ: Նորաձևության ամսագրի համար հո տղա չե՞նք ընտրում: Վստահ եմ, որ Գալուստ Սահակյանին էլ կհանեն, ավելի երիտասարդ մեկին կբերեն, դա կարող է լինել Արփինե Հովհաննիսյանը, կամ մեկ ուրիշը, ով ավելի լավ կնայվի, բայց էլի դրանով բան չի փոխվի: Ցանկացած երկրում սեփականության հարցն է տնտեսական հարցը որոշում: Այսինքն, արտադրության միջոցներն ում ձեռքում են գտնվում, ով ինչ է անում: Եթե նույն մարդիկ շուկան իրենց ձեռքում են պահում, ի՞նչն է փոխվելու:
Եթե այսպես էին լինելու ընտրությունները, եկեք խորհրդարանը լուծարենք, միլիոններ չծախսենք: Ո՞ւմ են պետք 100 և ավելի պատգամավորները, եթե տարբերություն չկա ու խորհրդարանը միաձայն քվեարկելու է: Եկեք սարքենք 13 հոգուց բաղկացած խորհրդարան, լավ թիվ է, կենտ է: 13 ընտրատեղամաս ունենք չէ՞, թող ամեն տեղից մեկն ընտրվի գնա: Աժ դահլիճն էլ քյաբաբնոց կսարքեն, կամ խաղատուն հիմա մոդա է, ահագին փող կբերի: Ինչո՞ւ են պահում պատգամավորների, որոնք հարց լուծող չեն: Եթե շեֆը պետք է ասի, իրենք էլ քվեարկեն, էլ մնալու իմաստը ո՞րն է: Նրանք օգնականներ էլ ունեն, գործուղումների են գնում, դա մեծ գումար է կազմում: Օրինակ՝ Կանադայում այդպես չէ: Եթե պատգամավորը գործուղման է գնում, ապա դա իր միջոցներով է կատարվում: Ասում են՝ դա իր գործի մեջ չի մտնում: Եթե ուզում է Հայաստան գնալ, կամ թող հրավիրող կողմը անի, կամ իր հաշվին գնա: Օրինակ մենք համայնքում գումար էինք հավաքում: Չեմ հասկանում՝ օրենսդիր մարմին է, այդքան ինչո՞ւ են ճամփորդում»:
Անի Կարապետյան