ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևոր է ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին․ Տոկաև

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն ակնառու արդյունքներ է արձանագրում տնտեսության բոլոր առանցքային ոլորտներում՝ ապահովելով զարգացման բարձր տեմպեր ԵԱՏՄ երկրների մեջ։ Դրա հաստատումն է Հայաստանի նախորդ տարվա ՀՆԱ-ի աճը՝ 8,7 տոկոս՝ գնաճի նվազագույն մակարդակով (սպառողական գների աճը կազմել է ընդամենը 2%)։

Այս մասին հայտարարել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ կարևորելով տնտեսական կապերի հետագա համակողմանի զարգացումը։

«Այսօր մեր երկիրը պատրաստ է ավելացնել 70 անուն ապրանքի արտահանումը՝ թե՛ հումք, թե՛ պատրաստի արտադրանք՝ 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Դրանք մետալուրգիական, նավթաքիմիական, սննդի արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսական արդյունաբերության արտադրանքներ են։

Հաշվի առնելով, որ մինչև 2011 թվականը ցորենը դեպի Հայաստան ղազախական արտահանման առաջատար ապրանքներից էր՝ կարևոր եմ համարում ցորենի և այլ պարենային ապրանքների մատակարարումների վերականգնումը Հայաստանի խոշոր առևտրային ցանցերին։ Կարծում եմ, որ մեր հայ գործընկերները նույնպես ունեն նմանատիպ առաջարկներ։

Հեռանկարային է նաև արդյունաբերական համագործակցությունը։ Մեզ համար կարևոր է ստեղծել մեր երկրները կապող համատեղ նախագծեր։

Մեր ներդրումային համագործակցությունը ինտենսիվ զարգացման և խթանման կարիք ունի։ Այսօր Ղազախստանում բարենպաստ ներդրումային միջավայր է ստեղծվել։ Առկա են բոլոր անհրաժեշտ գործիքները օտարերկրյա ներդրումներին աջակցելու համար։

Մեծ հնարավորություններ ենք նկատում նաև թվայնացման ոլորտում։ Ղազախստանը նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ վերափոխվելու ու դառնալու եվրասիական տարածքի ամենամեծ թվային հանգույցներից մեկը։ Միայն վերջին 3 տարվա ընթացքում մեր ՏՏ ծառայությունների արտահանումն աճել է 3 անգամ՝ հասնելով 500 մլն դոլարի։ 2026 թվականին այն պետք է հասնի առնվազն 1 միլիարդ դոլարի»,- ասել է նախագահը։

Տոկաևը տնտեսական համագործակցության խորացման կարևոր գործոն է համարել երկրների միջև ծախսարդյունավետ և արագընթաց ցամաքային լոգիստիկայի ձևավորումը։ Օդային հաղորդակցության ընդլայնումը բիզնեսի և քաղաքացիների համար կապահովի շարժունակություն և նոր հնարավորություններ կբացի զբոսաշրջության ոլորտում։

«Իմ նշած բոլոր ոլորտները պետք է դառնան տնտեսական փոխգործակցության անբաժանելի բաղադրիչներ։ Ունենալով բարձր մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ դրանք կնպաստեն հարակից այլ ճյուղերի զարգացմանը։

Ուղիղ պատասխանելով Ձեր հարցին՝ ես մեր հարաբերությունների ապագան տեսնում եմ ընդունված երկկողմ պարտավորությունների խստիվ պահպանմամբ և իրավապայմանագրային դաշտի ընդլայնմամբ, մեր ժողովուրդների միջև բարեկամական կապերի և համագործակցության ամրապնդմամբ, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում շփումների խորացմամբ»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular