ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը ՄԱԿ-ի բարձրագույն դատարանում մեղադրել է Ադրբեջանին  Լեռնային Ղարաբաղում «էթնիկ զտումների» մեջ՝ միաժամանակ հայտարարելով, որ վճռական է հետամուտ լինել Կովկասում իր հարևանի հետ խաղաղության հաստատմանը, գրում է lefigaro.fr-ն:

Երկու հարևան երկրները այս և հաջորդ շաբաթ Հաագայի դատարանում կներկայացնեն «էթնիկ զտումների» շուրջ իրենց երկարատև վեճը:

Նախքան անցյալ տարվա սեպտեմբերը, երբ ադրբեջանական ուժերը կայծակնային հարձակման արդյունքում վերականգնեցին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, որը վերջ դրեց հայկական երեք տասնամյա կառավարմանը, իսկ հայ բնակչության մեծ մասը՝ ավելի քան 100,000 մարդ, արտագաղթեց Հայաստան, Հայաստանն ու Ադրբեջանը երկու պատերազմ են մղել՝ 1990-ականների սկզբին և 2020 թվականին, որոնց միջակայքում էլ պահպանվել է լարվածությունը:

«Տարիների սպառնալիքներից հետո Ադրբեջանն ավարտեց էթնիկ զտումները տարածաշրջանում,- դատավորներին ասել է Հայաստանի իշխանությունները ներկայացնող Եղիշե Կիրակոսյանը,- Բաքուն հիմա էլ համակարգված կերպով ջնջելով էթնիկ հայերի առկայության բոլոր հետքերը, ներառյալ հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, ավարտին է հասցնում գործը»:

Զանգվածային արտագաղթից հետո, որը քաոս առաջացրեց Լաչինի միջանցքում մոտ 200 հայ դեռևս անհայտ կորած է, ավելացրել է Եղիշե Կիրակոսյանը: Բաքուն կտրականապես մերժել է «էթնիկ զտումների» մեղադրանքները՝ ասելով, որ հայերը կարող են ազատ վերադառնալ, եթե համաձայնեն ապրել ադրբեջանական տիրապետության տակ։

«Հայաստանն ի սկզբանե ձգտում էր այս վարույթը հարուցել դատարանում և օգտագործել այս դատավարության փաստը Ադրբեջանի դեմ մեդիա արշավ իրականացնելու համար», - ասել է Բաքվի ներկայացուցիչ դատավոր Էլնուր Մամեդովը։

Նաև Ադրբեջանը դատարանին կոչ է արել մերժել Հայաստանի հայցը՝ պատճառաբանելով, որ դատարանն իրավազոր չէ։ Արդարադատության միջազգային դատարանում իրավական պայքարը սկսվել էր դեռ 2021 թվականի սեպտեմբերին, երբ կողմերից յուրաքանչյուրը հայց էր ներկայացրել մյուսի դեմ։

Նրանք միմյանց մեղադրում էին «էթնիկ զտումների» և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ։

Արդարադատության միջազգային դատարանը, որը լսել էր պետությունների միջև վեճերը, արտակարգ հրամաններ էր արձակել 2021 թվականի դեկտեմբերին՝ կոչ անելով երկու կողմերին կանխել ռասայական ատելության հրահրումը և քարոզչությունը:

Այնուամենայնիվ, չնայած ՄՔԴ-ի վճիռները պարտադիր են կատարման համար, բայց դրանք չունեն կիրառման մեխանիզմ, որի արդյունքում էլ լարվածությունն աճել էր, և գագաթնակետին հասել անցյալ սեպտեմբերին Ադրբեջանի բլից-կրիգ հարձակմամբ:

Եղիշե Կիրակոսյանը նաև դատավորներին ասել է, որ Բաքուն «ավելի ու ավելի է բնութագրում Հայաստանի մարդու իրավունքների պահանջները... որպես Ադրբեջանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ ուղղված մարտահրավեր»:

«Ադրբեջանը խորապես սխալվում է, Հայաստանը ոչ մի հավակնություն չունի Ադրբեջանի տարածքի նկատմամբ, ինչպես և հաստատակամ է պայմաններ ստեղծել իրական և կայուն խաղաղության համար»,- ասել է նա։

Հակամարտությունը նաև լարել է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, քանի որ Երևանը պնդում է, որ Մոսկվան համարժեք չի օգնել, երբ ինքը ենթարկվել է հարձակման:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular