Հայաստանին սպասվում են նոր ցավալի անխուսափելի կորուստներ. Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը վերածվել է պարզունակ բութ գործիքի տարբեր ուժային կենտրոնների ձեռքում, որոնք ունեն իրենց աշխարհաքաղաքական գները, այդ ֆոնին պետք է սպասել նոր ցավալի կորուստների, որոնք անխուսափելի են, Փաշինյանն ընտրել է «ուկրաինական սցենարը», գրում է tsargrad.tv-ն:
«Միջազգային ուժային կենտրոնները միմյանցից խլում են երկիրը, և յուրաքանչյուրն այն օգտագործում է իր նպատակների համար։ Այն պայմաններում, երբ ղեկավարությունը հրաժարվում է պաշտպանել պետության շահերը, յուրաքանչյուրը Հայաստանը կօգտագործի այնպես, ինչպես ուզում է»,- ասել է Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը։
Փորձագետը նշել է, որ երկար տարիներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, պնդում էին, որ ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնված ինքնորոշման իրավունքի վրա։
Նշված երկրները հավատարիմ մնացին այդ դիրքորոշմանը նույնիսկ 2020 թվականի պատերազմից հետո։ Սակայն, երբ պարզ դարձավ, որ Հայաստանի ղեկավարությունը չի պաշտպանում հայկական կողմի շահերը, և Արցախը մնացել է «անտեր», համանախագահ երկրները դադարեցին խոսել այդ մասին։ Թորոսյանն ընդգծել է, որ 2020 թվականի պատերազմից հետո հայկական կողմը պետք է ակտիվություն ցուցաբերեր միջազգային կազմակերպություններում և դատարաններում մատնանշելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական և մարդկության դեմ հանցագործությունները։
Կատարված հանցագործությունները, այդ թվում արգելված զենքի կիրառումը, ահաբեկչական վարձկանների ներգրավումը, պատերազմական այլ հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, հայկական կողմի ձեռքին լուրջ զենքեր էին նպաստելու Արցախի անկախության հասնելու անհրաժեշտության գաղափարին։
«Դա հիանալի հնարավորություն էր ցույց տալու, որ նման բարբարոսների հետ միասին ապրելն ուղղակի անհնար է։ Միջազգային պրակտիկայում ինքնորոշման հետ կապված գործընթացներում կրկնվող ագրեսիան ինքնորոշման միավորի անկախություն ձեռք բերելու ամենաշատ կիրառվող առիթն ու պատճառն է»,- նշել է փորձագետը։
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովն էլ մեկնաբանել է Հայաստանի վարչապետի այցը Լոնդոն Եվրոպական քաղաքական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
«Փաստն այն է, որ նման ճանապարհորդությունը միանշանակ նշան է, որ Փաշինյանը նախընտրում է եվրաինտեգրումը։ Այսինքն նա ցանկանում է, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, գնա ուկրաինական սցենարով։ Ժամանակին, 2008 թվականին, Բուխարեստում Ուկրաինային խոստացան անդամակցություն ՆԱՏՕ-ին, և հիմա կարելի է տեսնել, թե դա ի վերջո ինչի հանգեցրեց: Փաշինյանը նույն սցենարն է մշակում, և դա բացասաբար կանդրադառնա Հայաստանի ճակատագրի վրա։ Աշխարհը փոխվում է, և այն պայմանները, որոնցում սկսեց Ուկրաինան, ավելի բարենպաստ էին, իսկ ներկայիս պայմաններում դա մահացու հրավեր է։ Բայց Փաշինյանը, ինչպես հասկանում եմ, թքած ունի, քանի որ նրա անձնական շահերը Հայաստանի հետ չեն առնչվում։ Նրա շահերն այլ վայրում են, որտեղ նա ունի հարմարավետ տուն, որտեղ կանցկացնի իր ծերությունն ու կգրի իր հուշերը»,- կարծում է Լեոնկովը։
Ըստ փորձագետի Փաշինյանն իր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ, և այդ առումով պատահական չէ նաև Բաքվի պաշտոնական պատվիրակության զուգահեռ այցը Լոնդոն: Այդ համատեղ աշխատող թիմը Լեռնային Ղարաբաղի հետ ողբերգությունը խաղարկեց ըստ իրենց պլանների, և մենք տեսանք, թե ինչով այն ավարտվեց։ Չնայած դրան Փաշինյանի շրջապատն ամեն ինչ շրջում է ասելով, որ Ռուսաստանն էր, որ հանձնեց Լեռնային Ղարաբաղը և հատուկ խաղաղապահներ բերեց այնտեղ Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու համար։ Բայց փաստն այն է, որ բոլորը, ովքեր ականատես էին, տեսնում էին, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։
Հայաստանը կրկին բռնում է «բազմավեկտոր» քաղաքականության սայթաքուն ուղին փորձելով խաղալ ՆԱՏՕ-ի բլոկի անդամների՝ Թուրքիայի և Ֆրանսիայի հակասությունների վրա։ Փաշինյանի ներկայիս կաբինետն ակնհայտորեն Փարիզն է տեսնում որպես իր գլխավոր դաշնակից առաջիկա տարիներին։ Սակայն նման ռազմավարությունը հղի է լուրջ ռիսկերով։ Հայաստանը մի կողմից փորձում է մերձենալ Թուրքիայի հետ, մյուս կողմից ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ, որը բարդ հարաբերություններ ունի Անկարայի հետ։ «Հակասությունների վրա խաղալու» այդ փորձը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը հայտնվի մուրճի ու սալի արանքում ի վերջո չստանալով էական առավելություններ երկու կողմերից էլ:
Ըստ միջազգային լրագրող Թիմուր Շաֆիրի, Նիկոլ Փաշինյանը և նրա կաբինետը վստահ են, որ փայլուն կերպով բարդ խաղ են խաղում գործընկերների մի ամբողջ խմբի հետ մոռանալով, որ նրանցից յուրաքանչյուրը գերազանցում է Հայաստանին տնտեսական, դիվանագիտական և ռազմական պարամետրերով։ Եվ նման ռազմավարության հաջողությունը շատ կասկածելի է հաշվի առնելով այն դժվարություններն ու հակասությունները, որոնց դիմակայելու է Հայաստանի ղեկավարությունը, որի խաղն ավելի ու ավելի է հիշեցնում անդունդի վրայով լարախաղացություն:
Ցանկացած սխալ քայլ կարող է աղետալի հետևանքներ բերել հանրապետությանը։ Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելով ինքնիշխանությունը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունը հայտնվել մի իրավիճակում, երբ ամբողջովին կախված կլինի ավելի ուժեղ խաղացողների կամքից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը