ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան Նեղոսի տենդ. ինչպես է վարակը տարածվում և ինչ հետևանքներ կարող է ունենալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է Արևմտյան Նեղոսի վարակն ու տենդը. ի՞նչ է դա, ինչպե՞ս է փոխանցվում և դրսևորվում, ո՞վքեր են լինում վարակակիրները և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ վարակը մարդու օրգանիզմի, առողջության և կյանքի վրա:

WNV տեսակի վարակի հիմնական կրողներն ու տարածողները մոծակներն ու թռչուններն են՝ այդ խմբի մի շարք ներկայացուցիչներ: Այն հատկապես արդյունավետ է տարածվում հիգենայի բացակայության և աղտոտվածության բարձր մակարդակի պայմաններում:

Մոծակներից վարակը տարածվում է հիմնականում Culex խմբի մոծակների միջոցով, իսկ շատ հազվադեպ նաև՝ տիզերի:

WNV տեսակի վարակը տարածվում է կաթնասունների խմբի 30 տեսակի շրջանում՝ այդ թվում մարդկանց, ձիերի, շների և կատուների շրջանում: Հիվանդությունը դրսևորվում է մարդկանց և ձիերի դեպքում, իսկ կատուներն ու շները հազվադեպ են հիվանդանում: Սողունները և երկկենցաղները նույնպես կարող են վարակվել, այդ թվում՝ կոկորդիլոսների, ալիգատորների, օձերի, մողեսների և գորտերի որոշ տեսակներ:

Կաթնասունները, սակայն, համարվում են վարակի փակուղային կրողներ, որոնք իրենց օրգանիզմում զարգացնում են վարակը և այն փոխանցում՝ մոծակների միջոցով: Մարդկանց դեպքում փոխանցումը կարող է լինել նաև արյան միջոցով:

Մարդկանց շրջանում վարակակիրների 80 տոկոսի մոտ Արևմտյան Նեղոսի տենդը թույլ արտահայտված է լինում, ախտանիշները լինում են կա՛մ շատ թույլ արտահայտված, կա՛մ բացակայում են: Վարակակիրների մոտ 20 տակոսի շրջանում առաջանում է ջերմություն, գլխացավ, փսխում, ցան, մարմնի ցավեր, իսկ 1 տոկոսի դեպքում այն ծանր դրսևորումներ է ունենում՝ առաջացնելով մենինգիտ կամ էնցեֆալիտ: Նման դեպքերում առողջացման գործընթացը կարող է տևել ընդհուպ մինչև ամիսներ, իսկ այն հիվանդների մոտ, որոնց դեպքում ախտահարված է նյարդային համակարգը, մահացության ցուցանիշը կազմում է 10 տոկոս:

Մարդկանց շրջանում վարակի տարածման տարբերակներից մեկը վարակակիր մոծակների խայթոցն է, որոնք սնվում են վարակը կրող թռչուններով: Հազվադեպ վարակը փոխանցվում է արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման կամ հղի կնոջից պտղին անցման միջոցով, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ժամանակ, հակառակ դեպքում այն ուղղակիորեն չի տարածվում մարդկանց միջև և չի կրում օդակաթիլային ճանապարհով փոխանցման բնույթ: Տենդը ծանր բնույթ է կրում 60 տարեկանից բարձր խմբի մարդկանց, ինչպես նաև հարակից հիվանդություններ ունեցող անձանց շրջանում՝ ինչպիսիք են քաղցկեղի կրողները, շաքարային դիաբետ և այլ հիվանդություններ կրող անձինք:

Վարակի տարածումը կանխելու համար նախատեսված պատվաստանյութ մարդկանց համար գոյություն չունի, ինչպես նաև հատուկ բուժում գոյություն չունի. պետք է օգտագործել ցավազրկողներ և ջերմիջեցնողներ: Վարակման վտանգը նվազեցնելու լավագույն միջոցը մոծակների խայթոցից խուսափելն է: Իսկ մոծակների խայթոցից խուսափելու համար պետք է պայքարել աղտոտվածության դեմ, ազատվել ջրային կուտակումներից՝ ճահիճներ, աղտոտված ամբարներ և լճակներ, պատուհաններին ցանցե պատնեշներ դնել և այլն:

Վիրուսը հայտնաբերվել է Ուգանդայում 1937 թվականին և երկրից դուրս առաջին վարակակրի մասին հայտարարվել Հյուսիսային Ամերիկայում 1999 թվականին։

Armlur.am

https://armlur.am/1394158/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular