ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է, երբ ասում է մի բան, մտածում` այլ բան, անում` լրիվ ուրիշ բան. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրել է.

ՀՀ իշխանությունը թեպետ չբոյկոտեց մոսկովյան հարթակում տեղի ունեցող հերթական միջոցառումը, ինչն անում էին վերջին շրջանում, եւ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը մեկնեցին Մոսկվա՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի եւ արտգործնախարարների հավաքին մասնակցելու, բայց այս անգամ էլ գնացին ՌԴ-ի դեմ դեմարշի։


Հոկտեմբերի 7-ին` Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, Մոսկվայում կայացավ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը։ Հանդիպումը դարձավ մասնակից երկրների արտաքին քաղաքական դիրքորոշումների հստակեցման քննություն, որի արդյունքում ստորագրվեցին մի քանի առանցքային փաստաթղթեր՝ ուղղված երկրների հետագա համագործակցությանը։ Սակայն ԱՊՀ նիստում Հայաստանը որոշեց հրաժարվել երկու կարեւոր հայտարարությունները ստորագրելուց` կրկին տարանջատվելով ԵԱՏՄ երկրներից: Հայաստանը, մասնավորապես, չմիացավ այն հայտարարությանը, որը վերաբերում է Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքներին եւ միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիությանը:

Պաշտոնական Երեւանի այդ որոշումը՝ չմիանալ երկու հայտարարություններին, ըստ իշխանական շրջանակների, պայմանավորված է նրանով, որ դրանք կարող էին հարցեր առաջացնել արեւմտյան գործընկերների շրջանում: Գաղտնիք չէ, որ տեւական ժամանակ է՝ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հիմա միանալ եվրասիական անվտանգային հարթակին՝ կնշանակի հայտարարել, որ վերադառնում է ՀԱՊԿ եւ Ռուսաստանի գիրկը։

Մյուս հայտարարությունը, որը վերաբերում է միակողմանի միջոցների անթույլատրելիությանը, դարձյալ արեւմտյան ընկալմամբ՝ կդիտարկվեր որպես ԱՄՆ-ի դեմ արված քայլ: Թեեւ ԱՊՀ հայտարարության մեջ չկա կոնկրետ անուն, թե որ երկրի կամ երկրների կիրառած միակողմանի միջոցներին են դեմ, այդուհանդերձ, հասկանալի է, որ խոսքը ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին է, որոնց նախաձեռնողն ԱՄՆ-ն է։ Իշխանական քարոզիչները հիշեցնում են՝ Հայաստանը սեպտեմբերի սկզբին էլ չմիացավ ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների հավաքի ժամանակ ընդունված հայտարարությանը, որը վերաբերում էր ուկրաինական պատերազմին եւ հատկապես ուղղված էր ՌԴ նախագահի եւ արտգործնախարարի դեմ: Ի դեպ, Հայաստանի տեղեկատվական դաշտում դա մեկնաբանվեց այսպես․ իբր Հայաստանը հրաժարվել է Հռոմի ստատուտից եւ հետ է վերցրել իր ստորագրությունը Պուտինին կալանավորելու մասին Միջազգային դատարանի որոշումից։

Երկու օր է՝ իշխանական քարոզչամեքենան պաշտոնական Երեւանի այս դեմարշը ներկայացնում է իբրեւ բալանսավորված արտաքին քաղաքականության դրսեւորում՝ ընդգծելով, որ մեր պետությունը որեւէ անվտանգային հարթակի մաս չի կազմելու, քանի դեռ անվտանգային հստակ երաշխիքներ չի ստացել։ 
Քաղաքագետ Արման Աբովյանի բնորոշմամբ՝ ԱՊՀ արտգործնախարարների նիստի ընթացքում ընդունված հայտարարությունները թեպետ դեկլարատիվ են եւ չեն կրում «պարտավորչական» բնույթ, սակայն դրանք քաղաքական առումով էին կարեւոր, եւ չմիանալն ամենեւին չի բխում Հայաստանի շահերից։ «Երբ հայտարարվում է, որ եվրասիական տարածքում անվտանգային համակարգը պետք է լինի այսինչը, այնինչը, Հայաստանի չմիանալը դրան մտահոգություններ է առաջացնում` այն առումով, որ պետությունն իրեն դուրս է դնում եվրասիական ծիրից՝ թեքվելով թուրք-ադրբեջանական անվտանգային համակարգ։ Հայաստանը, անունը դնելով արեւմտյան անվտանգային համակարգին ներգրավվելու նպատակ, դուրս է մղվում իրական անվտանգային համակարգերից»,- ասում է քաղաքագետը՝ Հայաստանի քայլը «դեմարշ» որակելով․ «Սա դեմարշ է, որը հակասում է ՀՀ՝ առայժմ դե յուրե ընդգծված դիրքորոշմանը, այն է, որ Հայաստանն իրեն տեսնում է եվրասիական, ավելի կոնկրետ՝ ՀԱՊԿ-ի անվտանգային համակարգի ներքո»։

Արման Աբովյանի համոզմամբ՝ իշխանական թեւը եւ դրա աջակիցները, ըստ էության, չեն հասկանում՝ ինչ ասել է բալանսավորված արտաքին քաղաքականություն․ «Բալանսավորված քաղաքականությունը չի նշանակում այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնի հետ առճակատում, այս պարագայում, երբ դու չես միանում եվրասիական անվտանգային գոնե դեկլարատիվ տեսլականին, ուրեմն այլընտրանք ես քեզ համար ձեւավորում, տվյալ դեպքում՝ Հայաստանը ձեւավորում է այլընտրանք Արեւմուտքի, ավելի կոնկրետ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, որը կարելի է տեսնել նույն Արարատ Միրզոյանի՝ հրճվանքով ողջույնի խոսքերում, որն ուղղել էր ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարին։ Մի՞թե բալանսավորված քաղաքականություն է այն, որ ասվում է մի բան, մտածվում՝ այլ, արվում՝ լրիվ ուրիշ բան»։

Քաղաքագետը պնդում է՝ ՀՀ իշխանավորների քայլերը թելադրված են արեւմտյան կենտրոնների կողմից, որոնց երազանքն է, որ ՀՀ-ից դուրս բերվի ռուսական 102-րդ ռազմաբազան, Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից, եւ մեր տարածաշրջանում ՌԴ-ն փոխարինվի Թուրքիայով, որի միջոցով գլոբալ խնդիրներ կառաջացնեն Ռուսաստանի ու Իրանի համար․ «Այս խառը իրավիճակներում, երբ տարածաշրջանում գեներացվում են պատերազմական վտանգներ, օրինակ՝ Իրան-Իսրայել հնարավոր կոշտ հակամարտությունը դիտարկենք, Իրանն իրեն նաեւ դիտարկում է եվրասիական անվտանգության գոտու ներքո, եթե հիմա դու չես համաձայնում այդ գոտում տեղավորվել, ինչ է` Իրանի հե՞տ ես նաեւ հակադրվում»։

Ինչո՞ւ գնալ-հասնել Մոսկվա, եթե պետք է դեմարշ արվեր։ Հարցին Աբովյանը պատասխանեց․ «Արեւմուտքը հիմա չի կարող նվազագույն անվտանգային երաշխիքներ տալ այս իշխանությանը, որի հիմնական նպատակը ոչ թե բալանսավորված քաղաքականությունն է, նույնիսկ՝ արեւմտամետ քաղաքականությունը, այլեւ՝ իշխանամետ, իշխանատենչ քաղաքականությունը։ Գնալով ՌԴ՝ իրենք փորձում են, թեկուզ ջղայնացնելով ռուսներին, այնուամենայնիվ, չկտրել վերջին թելը, իրավիճակը չհասցնել անդառնալի կետի՝ այս փուլում։ Նման խաղեր տալով՝ այս իշխանությունը փորձում է տեղավորվել մի քանի աթոռի վրա, բայց չի ստացվելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular