«Չէի ուզում լինել մի քաղաքում, որտեղ կան նման մարդիկ». Շպռոտը Հայաստան վերադառնալու ապրումների և կրկին հեռանալու պատճառների մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
Երգչուհի Շպռոտը 7 տարվա ընդմիջումից հետո վերադարձել է Հայաստան։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս այցն իր համար շատ սպասված էր։ Առաջին հերթին նա շատ էր կարոտել մայրիկին, հետո ընտանիքին, հարազատներին ու իր քաղաքը` Երևանը։
«Մամայիս հետ հանդիպումն օդանավակայանում էր։ Շատ էմոցիոնալ հանդիպում էր, որովհետև 7 տարի չէինք տեսել իրար։ Չէինք հավատում, որ այդ հանդիպումը, վերջապես, իրականացավ։ Շատ էինք հուզվել։ Մամայիս հետ ինձ դիմավորելու էր եկել նաև քույրս իր երեխաների հետ։ Ընտանիքի զգացողությունն այս 7 տարվա ընթացքում ինձ համար անհասանելի մի բան էր դարձել։ Դա շատ թանկ է ինձ համար։ Հայաստան գալուս գերնպատակը մամայիս և քրոջս տեսնելն էր։ Առանց ընտանիքի շատ դժվար է ապրել օտարության մեջ,– ասաց Անին։
Երգչուհին նշեց, որ Երևանն էլ էր շատ կարոտել. «Առաջին անգամ երեկ իջա քաղաք, հանդիպեցի ընկերներիս։ Կենտրոնը շատ է փոխվել, շատ գեղեցիկ էր ու ինձ համար շատ անծանոթ։ Ես այստեղ եմ մեծացել։ Կան մարդիկ, ովքեր ԱՄՆ գալու առաջին իսկ օրվանից ասում են` սա իմ քաղաքն է։ 7 տարվա ընթացքում ես այնտեղ չեմ ունեցել իմ քաղաքի զգացողությունը»։
Շպռոտն օրինականացրել է ԱՄՆ–ում ապրելու իրավունքն ու այսուհետև ավելի հաճախ կարողանա վերադառնալ Հայաստան։ Այս անգամ երգչուհին 20 օրով է եկել Հայաստան։ Նրա խոսքով` 2 օրվա ընթացքում արդեն հասցրել է ստանալ խնջույքների և միջոցառումների մասնակցելու հրավերներ, սակայն չգիտի` կհասցնի, թե ոչ։ Հայաստան ընդմիշտ վերադառնալու մտադրություն երգչուհին չունի։ «Հիմա արդեն ավելի հաճախ կգնամ–կգամ և բացակայությունս ծանր չի լինի։ Չնայած բոլոր դժվարություններին` ես շատ եմ սիրում Միացյալ Նահանգները։ Շատ լավ երկիր է։ Ես ուզում եմ այնտեղ ապրել։ Իմ կյանքն արդեն դասավորված է Միացյալ Նահանգներում, այնտեղ աշխատանք ունեմ և պետք է վերադառնամ»,– ասաց նա։
Չնայած ԱՄՆ վերադառնալու ցանկությանը` Շպռոտը խոստովանում է, որ իր կյանքը Հայաստանում շատ ավելի հեշտ էր, քան օվկիանոսից այն կողմ։ Երգչուհին Ամերիկայում դժվար ճանապարհ է անցել, տարբեր աշխատանքներ է արել` սկսած հավաքարարությունից։ «Դժվարություններ միշտ կան։ Առաջին 2 տարին բոլորի մոտ են դժվարություններ լինում։ Դա կրիտիկական փուլ է։ Իմ կյանքը ԱՄՆ–ում ավելի դժվար է, քան Հայաստանում։ Անհամեմատելի է։ Բոլորին թվում է` այնտեղ իմ կյանքը շատ ավելի ապահոված է, սակայն այդպես չէ։ Այնտեղ ավելի հեշտ է լավ մեքենա ձեռք բերել, բայց ես այնտեղ շատ ավելի շատ եմ աշխատում, քան Երևանում։ Այստեղ ես ուղղակի երգում էի և ապահոված էի։ Միացյալ Նահանգներում եթե մի օր չաշխատես, սոված կմնաս։ Հայաստանում ես շատ անդարդ եմ ապրել։ ԱՄՆ գնալուց հետո հասկացա` ինչքան անդարդ էի Հայաստանում։ Խոսքս կենցաղի ու ֆինանսական կողմի մասին է, ոչ թե հոգևոր վիճակի»,– ասաց նա։
Շպռոտից տեղեկացանք, որ ԱՄՆ–ում երգելուց բացի այլ աշխատանքով էլ է զբաղվում, սակայն չի ուզում բարձրաձայնել` խոսքն ինչի մասին է։ «Միայն երգելով ես դեռ չեմ կարողանում ապրել այդ երկրում։ Եթե ես լինեի տղա արտիստ, ինձ համար, գուցե, ավելի հեշտ լիներ։ Միացյալ Նահանգներում ավելի շատ նախընտրում են տղա արտիստներին, քան աղջիկներին։ Սեքսիզմը մեր ազգի մեջ է։ Ուզում են իրենց հարսանիքին տղա երգի։ Ես իրենց էլ եմ հականում, մարդիկ ուզում են պարել, ուրախանալ։ Իմ երգերից «Կտրիճ Դավոյի» տակ հիմա բոլորը պարում են, բայց ես ունեմ երգեր, որոնց տակ անհնար է պարել»,– նշեց երգչուհին։
Շարունակությունն՝ այստեղ.