ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում մահացած 1,5 տարեկան երեխայի հարազատները վստահ են, որ մահվան պատճառը պատվաստանյութն էր, ոչ թե շոգը. «Հայկական ժամանակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում՝ «Խարբերդի դաչա­ներ» կոչվող թաղամասում, հու­լիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է:

Մայրը՝ Թեհմինե Բաղդասարյանը, մեր զրույցում պատմեց, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխան հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդ­հատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել: Բժիշկը վստահեցրել է, որ կարող են վս­տահել իր երկարամյա փորձին ու իմանալ, որ պատվաստումից վտանգ չկա:

«Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաս­տանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց՝ դա յոթ հի­վանդության դեմ է: Հետո երեխային բերե­ցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ու­տում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքու­թյունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին՝ այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությա­նը նախորդած իրավիճակը ներկայացրեց Թեհմինեն:

Ըստ նրա՝ շտապօգնության կանչ ընդունել հրաժարվելուց առաջ իրեն չեն հարցրել, թե որքան ժամա­նակ առաջ է երեխան պատվաստվել:

«Ես հանգստացա, երեխային ոչ մի դեղ չտվեցի: Իրիկունը սառը թրջոց դրեցի, լսել էի, որ այդպես ջերմությունն իջնում է: Առա­վոտյան 5-ին արդեն շատ էր վատ, զանգահարեցի շտապօգնություն, մինչև եկավ, երեխան ձեռքերիս մեջ ամսի 6-ի լուսադեմին մահացավ»,- ասաց մայրը: Թեհմինեի փոխանցմամբ, տարածքա­յին բժիշկը չի կարծում, որ իր աղջկա՝ Լե­նայի մահվան պատճառ դարձել է պատ­վաստանյութը. «Ասել էր՝ անատոմիկում ստուգել են, պարզել, որ շոգից է եղել: Երեխայի տաքությունը չի հերիքել, մա­հացել է: Ուզեցել է ասել, որ պատվաստումից չի, էլի: Բայց ես գիտեմ, որ պատվաստումից է: Մինչև այդ շոգ էր, երեխաս դի­մանում էր, հենց այդ պատվաստումն արեցին, չդիմացա՞վ»:

Ընտանիքը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին:

Հավելենք. որ Թեհմինեի ամուսինը նույն­պես, ըստ նրա մոր, կրում է պատվաստվելու հետևանքները: Մանուկ հասակում պատվաստում ստանալուց հետո մահացած երե­խայի ապագա հոր ոտքերը ծռվել են:

ՀՀ առողջապահության նախարարու­թյան իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեր զրույցում անդրադառնալով 1.5 տարե­կան Լենայի մահվան դեպքին, ասաց, թե քանի որ գործի կապակցությամբ քրեա­կան վարույթ է սկսվել, բժշկական բոլոր փաստաթղթերն առգրավված են, հետև­աբար հնարավորություն չունի երեխայի հիվանդության պատմությանը ձեռքի տակ ունենալով հետևություններ ու եզրա­կացություններ անել:

Այդուհանդերձ, Գայանե Սահակյանը խոսեց դասագրքային ճշմարտության մասին, այն է՝ պատվաստման հետևանքով բարդություններն առաջանում են շատ ավելի վաղ, քան եղել է մահացած փոքրիկի դեպքում­»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular