Երևանում մահացած 1,5 տարեկան երեխայի հարազատները վստահ են, որ մահվան պատճառը պատվաստանյութն էր, ոչ թե շոգը. «Հայկական ժամանակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում՝ «Խարբերդի դաչաներ» կոչվող թաղամասում, հուլիսի 6-ին 1.5 տարեկան փոքրիկ է մահացել: Նրա հարազատները գտնում են, որ պատճառը դրանից երկու օր առաջ ստացած պատվաստումն է:
Մայրը՝ Թեհմինե Բաղդասարյանը, մեր զրույցում պատմեց, որ դուստրն ատամ հանելու պատճառով վատառողջ էր, հոսպիտալացվել էր, բուժում էր ստանում: Այդ ընթացքում տարածքային պոլիկլինիկայից շարունակ զանգահարել են, ասել, որ պետք է երեխան հերթական պատվաստումը ստանալու տանել: Ինքն անընդհատ մերժել է, բայց ի վերջո տեղի է տվել: Բժիշկը վստահեցրել է, որ կարող են վստահել իր երկարամյա փորձին ու իմանալ, որ պատվաստումից վտանգ չկա:
«Այնքան զանգահարեցին, երեխային տարա, պատվաստվեց: Բայց պատվաստանյութը ինձ մոտ չեն քաշել ներարկիչի մեջ: Բուժքույրը պատրաստ բերեց, բժիշկը իմ պուճուրիկին սրսկեց: Ասաց՝ դա յոթ հիվանդության դեմ է: Հետո երեխային բերեցի տուն, երկու օր ամեն ինչ նորմալ էր, ուտում էր, ջուր էր խմում, խաղում էր: Երրորդ օրը տաքությունը բարձրացավ: Երեկոյան զանգահարեցի շտապօգնություն, ասացի պատվաստում են արել, երեխայի տաքությունը բարձրացել է, մի հատ կանչ գրեք: Պատասխանեցին՝ այդպես պետք է լինի, չենք կարող գալ, կանցնի»,- ողբերգությանը նախորդած իրավիճակը ներկայացրեց Թեհմինեն:
Ըստ նրա՝ շտապօգնության կանչ ընդունել հրաժարվելուց առաջ իրեն չեն հարցրել, թե որքան ժամանակ առաջ է երեխան պատվաստվել:
«Ես հանգստացա, երեխային ոչ մի դեղ չտվեցի: Իրիկունը սառը թրջոց դրեցի, լսել էի, որ այդպես ջերմությունն իջնում է: Առավոտյան 5-ին արդեն շատ էր վատ, զանգահարեցի շտապօգնություն, մինչև եկավ, երեխան ձեռքերիս մեջ ամսի 6-ի լուսադեմին մահացավ»,- ասաց մայրը: Թեհմինեի փոխանցմամբ, տարածքային բժիշկը չի կարծում, որ իր աղջկա՝ Լենայի մահվան պատճառ դարձել է պատվաստանյութը. «Ասել էր՝ անատոմիկում ստուգել են, պարզել, որ շոգից է եղել: Երեխայի տաքությունը չի հերիքել, մահացել է: Ուզեցել է ասել, որ պատվաստումից չի, էլի: Բայց ես գիտեմ, որ պատվաստումից է: Մինչև այդ շոգ էր, երեխաս դիմանում էր, հենց այդ պատվաստումն արեցին, չդիմացա՞վ»:
Ընտանիքը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին:
Հավելենք. որ Թեհմինեի ամուսինը նույնպես, ըստ նրա մոր, կրում է պատվաստվելու հետևանքները: Մանուկ հասակում պատվաստում ստանալուց հետո մահացած երեխայի ապագա հոր ոտքերը ծռվել են:
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը մեր զրույցում անդրադառնալով 1.5 տարեկան Լենայի մահվան դեպքին, ասաց, թե քանի որ գործի կապակցությամբ քրեական վարույթ է սկսվել, բժշկական բոլոր փաստաթղթերն առգրավված են, հետևաբար հնարավորություն չունի երեխայի հիվանդության պատմությանը ձեռքի տակ ունենալով հետևություններ ու եզրակացություններ անել:
Այդուհանդերձ, Գայանե Սահակյանը խոսեց դասագրքային ճշմարտության մասին, այն է՝ պատվաստման հետևանքով բարդություններն առաջանում են շատ ավելի վաղ, քան եղել է մահացած փոքրիկի դեպքում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: