ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրտամկանի կաթվածի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժումը

ՖՈՏՈ

Սրտամկանի կաթվածը սրտի հիվանդություն է, որը պայմանավորված է լինում արյան մատակարարման սուր անբավարարությամբ, ինչն էլ հանգեցնում է սրտամկանում մի հատվածի հյուսվածքների նեկրոզի:

 

Սրտամկանի կաթվածի պատճառ կարող է դառնալ նաև կորոնար զարկերակի լուսանցքի խցանումը թրոմբով կամ աթերոսկլերոտիկ վահանիկով, ինչպես նաև կորոնար զարկերակի երկարատև սպազմը: Մեծ մասամբ զարկերակի խցանումը պայմանավորված է լինում միաժամանակ աթերոսկլերոտիկ վահանիկով ու դրա վրա գտնվող թրոմբով:

 

Ստրամկանի կաթվածը սկսում է կրծքավանդակի ետևում կամ ձախ կողմում առաջացող ինտենսիվ ու երկարատև (30 րոպեից ավել) ցավի նոպայով: Այս դեպքում ցավը շատ ավելի ինտենսիվ է ու երկարատև, քան ստենոկարդիայի դեպքում առաջացող ցավն է: Ընթացքում ցավը կարող է որոշ ժամանակով մեղմվել, այնուհետև կրկին ուժգնանալ: Ընդ որում՝ դեղամիջոցները գրեթե ոչ մի կերպ չեն օգնում ու չեն մեղմում ցավը:

 

Ցավի նոպան կարող է ուղեկցվել վերջույթների թուլությամբ, գլխապտույտով, սառը քրտինքի ի հայտ գալով, վախի զգացումով, հևոցով, իսկ երբեմն էլ շնչահեղձությամբ: Կարող է ի հայտ գալ առիթմիա, զարկերակային ճնշման կտրուկ տատանումներ, կամ սրտի զարկերի հաճախականության փոփոխություն:

 

Այս հիվանդության դեպքում հիվանդի կյանքը կարող է կախվցած լինել ժամանակին հասցրած բուժօգնությունից, ուստի հարկավոր է շտապ դիմել բժշկին:

 

Սրտամկանի կաթվածի առաջացմանը նպաստող հիմնական գործոններն են.

 

·         տարիքը (40-ն անց տղամարդիկ և 50-ն անց կանայք),

 

·         ժառանգական հակվածությունը,

 

·         ծխելը (այդ թվում նաև պասիվ),

 

·         ֆիզիկական ակտիվության պակասը,

 

·         ավելորդ քաշը,

 

·         զարկերակային բարձր ճնշումը,

 

·         շաքարային դիաբետը,

 

·         բազմաթիվ սթրեսները, խնդիրները՝ կապված միջանձնային շփման հետ, ինչպես նաև կյանքից դժգոհ լինելը,

 

·         մշտական լարվածությունն ու հանգստի բացակայությունը:

 

Սրտամկանի կաթվածի բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցային պայմաններում, քանի որ հիվանդը պետք է գտնվի մասնագետների հսկողության տակ՝ հատկապես հիվանդության «սրման» ժամանակ: Բուժման ընթացքում հիվանդը ոչ միայն ստանում է անհրաժեշտ դեղորայքը, այլև անցնում է բուժզննում, որն օգնում է գնահատել սրտամկանի վիճակն ու հնարավորությունները:

 

Սկզբնական շրջանում հիվանդի սննդակարգից հարկավոր է բացառել ճարպոտ միսը, աղի, ապխտած մթերքն ու ալկոհոլը և նախապատվությունը տալ մրգերին ու բանջարեղենին:

 

Սրտամկանի կաթվածի բուժման ամենատարածված տեսակներից մեկն անգիոպլաստիկան (անոթապլաստիկա) է, որի ժամանակ հատուկ սարքերի օգնությամբ վերականգնվում է արյան հոսքը:

 

Հիվանդանոցային բուժումից հետո հիվանդը պետք է անպայման անցնի նաև ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման կուրս (որպես կանոն՝ հատուկ վերականգնողական առողջարաններում):

 

Բուժման համար շատ մեծ նշանակություն ունի բուժական մարմնամարզությունը, որի դեպքում մշակվում է վարժությունների հատուկ համալիր: Բոլոր վարժությունները կատարվում են միայն հիվանդի սրտանոթային համակարգի առողջությանը հետևող մասնագետի հսկողության տակ: Հիվանդանոցային բուժումից հետո խորհուրդ է տրվում հիվանդին շարունակել մարզվել նույն կերպ, իսկ յուրաքանչյու փոփոխություն հարկավոր է կատարել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո և միայն նրա թույլատվությամբ:

 

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular