«Շատերը սխալ կարծիք ունեն, թե մրգերը չեն գիրացնում». Խորհուրդներ սննդաբանից
ՖՈՏՈLife.Panorama.am-ը գրում է.
Ճիշտ սնվելու կանոնների, մրգերի և բանջարեղենների օգտագործման թույլատրելի քանակի և այլ օգտակար սովորությունների մասին Life.panorama.am-ը զրուցել է «Դա Վինչի» կլինիկայի սննդաբան, էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ: Նրա ցուցումով ուտեստները պետք է երկար շոգեխաշվեն և, հատկապես, ամռանը չպետք է եփված վիճակում երկար մնան, քանի որ կարող են լուրջ աղիքային ինֆեկցիաների պատճառ դառնալ:
Մրգեր և բանջարեղեն
Շատերը սխալ կարծիք ունեն, թե մրգերը չեն գիրացնում և կարելի է այն անվերջ ու ցանկացած ժամի օգտագործել: Սա սխալ, բայց նաև կարծրացած տեսակետ է: Հիշեք, որ պետք է մեր օրվա սննդակարգը հագեցած լինի բանջարեղենով ու մրգերով, և առհասարակ, առողջ սննդով, բայց, միևնույն է, կգիրանանք, եթե սխալ համադրումներ անենք կամ չափից շատ դրանք ուտենք, իսկ երեկոյան ժամերին մրգեր ուտելը կրկնակի գիրացնող կարող են լինել: Ամենաառողջ սնունդը համարվում է կոպիտ բջջանքով հարուստ սնունդը, սա բուսական աշխարհի արտաքին շերտն է (մրգերի, բանջարեղենների կեղևները, ցորենազգիների և առհասարակ բուսական աշխարհի արտաքին շերտերը): Մեր սննդակարգում ու կյանքում դրանք կարևոր տեղ են զբաղեցնում: Մրգերի և բանջարեղենների ճիշտ օգտագործման կանոնների մեջ մտնում է նաև այն, որ անհրաժեշտ է ուտելուց առաջ այն մի որոշ ժամանակ թրջել, որպեսզի նիտրատները դուրս հանվեն: Այս պարագայում, իհարկե, ջուրը որոշ չափով նաև վիտամիններն է հանում, բայց այսպես, թե այնպես որոշ ժամանակ քաղված մնալուց հետո մրգերը որոշ վիտամիններ կորցնում են: Այս պատճառով ամենաառողջ մրգերը համարվում են, երբ դրանք ճիշտ սառեցված են լինում արդյունաբերական պայմաններում: Ընդհանուր առմամբ թե խնդիրներ ունեցող և թե առողջ մարդկանց խորհուրդ է տրվում օրական ուտել կես կիլոգրամ միրգ և կես կիլոգրամ բանջարեղեն: Ընդ որում` պետք է հաշվի առնել, որ ցանկալի չէ մրգերի չափաքանակի գերազանցումը այն մարդկանց, ովքեր ունեն ավել քաշի և շաքարային դիաբետի խնդիրներ: Իսկ մրգեր ու բանջարեղեն չուտողները պետք է սթափվեն, քանի որ դրանց պակասը նույնիսկ կյանքի համար է վտանգավոր (կարող են առաջացնել անգամ հաստ աղու կամ այլ օրգանների քաղցկեղ): Միաժամանակ, պետք է հիշել նաև, որ կոպիտ բջջանքի չարաշահումը ևս օգտակար չէ, քանի որ այդ պարագայում խախտվում են շատ վիտամինների և միկրոէլեմենտների ներծծումը աղիներում ու կարող է տարբեր վիտամինների դիֆիցիտ առաջանալ, քանի որ կոպիտ բջջանքը աղիների ներծծումը խախտելու հատկություն ունի: Այնուամենայնիվ, դրանք պետք է կազմեն մեր սննդակարգի գլխավոր մասը:
Միս
Մինչ մսեղենին անցնելը նշեմ, որ նրանք, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, պետք է առհասարակ հրաժարվեն մշակված մսամթերքից (նրբերշիկներ, երշիկեղեն, և այլն): Իսկ նորմալ մսամթերքներից պատրաստված ճաշատեսակները օգտակար են, բայց այս առումով ևս պետք է հետևել ցուցումներին:
Կարմիր միսը (տավարի, խոզի և ոչխարի մսերը) պետք է շատ սահմանափակել և շաբաթական 2-3 անգամից ավել չօգտագործել, քանի որ ապացուցված է, որ մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հաստ աղու քաղցկեղ առաջացնել: Մեր սննդակարգում պետք է իր տեղն ունենա նաև հավի և հնդկահավի միսը, որոնք ևս շատ օգտակար են:
Շարունակությունն՝ այստեղ.