ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկզբում ինձ Արփի Գաբրիելյանն ապտակեց, հետո Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանն ինձ ծեծեցին. Էլեն Ասատրյան

ՖՈՏՈ
Էլեն Ասատրյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Դերասանուհու հետ խոսել ենք «Ֆուլ հաուս»-ում իր մասնակցության, կադրից դուրս աշխատանքի, նոր հրավերների եւ անձնական կյանքի մասին:
 
«Իրականում «Ֆուլ հաուս»-ում կադրից դուրս ամեն բան էլ ավելի ծիծաղելի եւ ուրախ է: Այնտեղ այնպիսի մթնոլոտ էր տիրում, որ պարզապես անհնար էր լավ չխաղալ ու չնվիրվել աշխատանքիդ: Շատ ուրախ եմ, որ դարձա «Ֆուլ հաուս»-ի մի մասնիկը»,- պատմեց Էլենը, իսկ խոսելով դերասանական կազմի հետ իր հարաբերություններից՝ հավելեց.
«Մինչեւ այստեղ նկարահանվելը, ես ճանաչում էի նրանցից գրեթե բոլորին: Նախկինում ես երբեք չէի նկարահանվել սիթքոմում, հետեւաբար սկզբում ինձ համար մի փոքր բարդ էր, քանի որ դանդաղ էի խոսում, սակայն հետո դերասանների եւ պրոդյուսերի օգնությամբ ընկա հունի մեջ»:
 
«Ֆուլ հաուս»-ի 7-րդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն ավարտված են: Խոսելով Էլենին հասած արձագանքների մասին, նշեց.
«Կերպարային գիծս այնպիսինն էր, որ իմ հերոսուհուն անընդհատ հալածում էին. սկզբում ինձ Արփի Գաբրիելյանը ապտակեց, հետո Միհրան Ծառուկյանն ու Գոռ Հակոբյանն ինձ ծեծեցին, եւ նման մի շարք բաները գրավեցին մարդկանց ուշադրությունը: Դրանից հետո ինձ անդադար նույն հարցն էին տալիս՝ ինչու: Բնականաբար, այդ ամենն իմ անձի հետ կապ չունեին, ես բացարձակ չեմ նեղվել ու բողոքել, ավելին՝ անգամ, եթե պետք էր ըստ տեսարանի ինձ ապտակել, ինքս եմ առաջարկել ոչ թե խաղալ այդ կադրը, այլ իրականում անել դա, որպեսզի ավելի համոզիչ լինի: Իհարկե, մարդիկ կան, ովքեր ինձ այս կերպարիս հետ էին ասոցացնում եւ մտածելով, որ Արսենի եւ Լիկայի համար ես խանգարող հանգամանք եմ, ատում էին ինձ, բայց նրանք, ովքեր դերասանին կարողանում են ընկալել որպես դերասան, շատ սիրել էին իմ կերպարը: Այնուամենայնիվ, ողջունելի է, որ նախագիծն այն մակարդակում է գտնվում, որ մարդիկ անձնավորում են եւ կարծում են, որ հերոսներն իրականում գոյություն ունեն»:
 
Անդրադառնալով նոր հրավերներին՝ Էլեն Ասատրյանը նշեց, որ այսուհետ ցանկանում է ստացած առաջարկների միջեւ ընտրություն կատարել, իսկ այս պահին դեռեւս իրեն հարմար հրավեր չունի:
«Ուզում եմ մարմնավորել արկածային եւ բացասակլան կերպար: Նման հերոսուհիների մեջ հետաքրքրություն եմ գտնում, ինձ դուր չեն գալիս միապաղաղ աղջիկների կերպարները, որոնք ես նախկինում կերտել եմ,- նշեց նա, իսկ հարցին, թե ինքն ինչպիսի աղջիկ է իրական կյանքում, ընդգծեց.
 
«Ինքս ինձ համար միապաղաղ աղջիկ չեմ, բայց գուցե ինչ-որ մեկի համար այդպիսինն եմ, հնարավոր է որոշների համար անգամ բացասական մարդ եմ: Ամեն դեպքում՝ չեմ ցանկանա իմ տեսակի մասին խոսել, բայց վստահ եմ, որ մարդու մեջ հավաքվում են էմոցիաներ, որոնք կերպարիդ միջոցով կարող ես արտահայտել: Երբեմն կերպարիս միջոցով կարող եմ անել բաներ, որոնք կյանքում չեմ կարող»:
Էլեն Ասատրյանը արդեն բավականին ժամանակ է, ինչ աշխատում է երեւանյան ակումբներից մեկում՝ որպես հաղորդավարուհի: Պարզվում է, որ վերջերս Էլենն անգամ սկսել է երգել այստեղ:
«Քանի որ սիրողական մակարդակում երաժշտական տվյալներ ունեմ եւ սովորություն ունեմ ողջ օրը քթիս տակ երգել, մի օր էլ դա նկատեցին ակումբում եւ առաջարկեցին երգել: Չեմ կարծում, որ այս ամենը պրոֆեսիոնալ դաշտ դուրս կգա, միաժամանակ նաեւ հիշում եմ «Երբեք մի ասա՝ երբեք» հայտնի ասույթը»,- պատմեց նա:
 
Իսկ վերջում անդրադառնալով անձնական կյանքին՝ դերասանուհին նշեց.
«Ինչպես գիտեք, իմ սիրտը զբաղված է, սակայն որոշել եմ այդ մասին չխոսել: Այն, ինչ թաքցնում ես հանրությունից եւ պահում ես միայն քո սրտում, սովորաբար հաջողություն է ունենում»:
 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular