ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անահիտ Բախշյան. «Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին ամիսների ընթացքում հայաստանյան տարբեր դպրոցներում պարբերաբար որոշակի խնդիրների մասին է բարձրաձայնվում: Շատ դեպքերում դպրոցների ներսում տիրող իրավիճակը, առկա պահանջները նաև ծայրահեղ դրսևորումներ են ստանում: Երբեմն հարցը հասնում է անգամ օրեր շարունակվող դասադուլի: Վերջին օրինակը Չարենցավանի թիվ 3 դպրոցն էր, որը, սակայն, միակը չէ:

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը զարմանալի չի համարում իրավիճակը:

1or.am-ի հետ զրույցում նա ստեղծվածը որակեց «շշից դուրս եկած խնդիրների» համատեքստում:

«Այս իրավիճակը վաղուց կար, ուղղակի հիմա երկրում մի մթնոլորտ է ստեղծվել, երբ բոլորը որոշել են բարձրաձայնել իրենց փոքր ու մեծ ցավերի մասին, ինչը ճիշտ է: Ուղղակի այս առումով նոր իշխանություններն արդեն պետք է առաջնային քայլերը արած լինեին: Պետք է հիմնովին վերանայվեին դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման և տնօրենի ընտրության կարգերը: Այդ գործը չի արվել, բայց բազում դպրոցներում տնօրենի ընտրություններ են տեղի ունենում, և ամեն տեղ խախտում կա»,–ասաց նա՝ շեշտելով, որ նախ առկա է կառավարման խորհուրդների ձևավորման կարգի անհամապատասխանությունը:

«Էլ չասեմ, որ կարգն ինքնին շատ վայրի մի մեխանիզմ է առաջարկում, որտեղ բացի նրանից, որ ժողովրդավարություն չկա, նաև դպրոցի շահերից բխող որևէ մեխանիզմ չկա: Նույնը վերաբերում է նաև տնօրենի ընտրության ընթացքին, բայց, փաստացի, շարունակում են աշխատել հենց այս կարգերով, ինչի հետևանքով, ցավոք, ունենում ենք այն, ինչը հիմա ունենք: Մարդիկ գիտեն և վստահ են, որ իրենց պահանջը ճիշտ է, բայց նրանց ասում են՝ կարգն այդպիսին է: Կարգի խախտում կարծես չկա, բայց մարդիկ դժգոհ են: Իրականում կարգի խախտում ևս կա, որովհետև չկա մի կառավարման խորհուրդ, որտեղ կազմը ճշտորեն կհամապատասխանի կարգի առաջարկած կետերին»,–ընդգծեց Ա. Բախշյանը:

Նա ընդգծեց, որ իրեն հիմա մի բան է շատ մտահոգում. «Ուզում եմ բերել Չարենցավանի դպրոցի օրինակը, խոսել երեխաների ընդվզման, խելացի հիմնավորումների մասին: Ասում են՝ նախկին տնօրենն է այդ ամենը կազմակերպել, բայց՝ ո՛չ: Մի թերագնահատեք երեխաներին: Երեխաները երբեմն շատ ավելի խելացի են կարողանում հիմնավորել իրենց ասելիքը, քան մենք՝ մեծերս, քանի որ ունենք տարբեր կաշկանդումներ: Իրենք ասում էին շատ խելացի բաներ և ասում էին վարչապետին: Իրենք սիրում են իրենց տնօրենին, և զրկել երեխաներին այդ տնօրենից՝ ուղղակի ասելով, թե կարգ է խախտվել, ես դա չեմ հասկանում: Փաստորեն, հիմա թաքնվում են այդ վատ կարգերի հետևում ու ասում՝ կարգ է խախտվել: Ոչ, կարգն այն գլխից է «խախտված» եղել: Այդ կարգերը վաղուց պետք է վերանային, և դրա համար 7 ամիսը հերիք էր»:

Անահիտ Բախշյանը շեշտեց՝ շատ ու շատ դպրոցներում նույն վիճակն է: Իսկ թե փոփոխությունները որտեղի՞ց պետք է սկսել, ո՞րն է առաջնայինը, տիկին Բախշյանն ընդգծեց կարճաժամկետ և երկարաժամկետ փոփոխությունների հանգամանքը: «Վերոնշյալ կարգերից բացի պետք է փոփոխություններ արվեն նաև շատ այլ կարգերում: Օրինակ՝ աշակերտի փոխադրման, ընդունելության կարգերը: Այս կարճ ժամանակահատվածի համար շատ կարգերում փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա, բայց ավելի երկարաժամկետ տեսանկյունից փոփոխությունների անհրաժեշտություն կա «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում: Կա նաև օրենքի շատ մեծ բաց. Հայաստանի Հանրապետությունն այս պահին չունի կրթության զարգացման պետական ծրագիր: 2016թ. հունվարի 1–ից մենք խարխափում ենք այս ոլորտում: Տապանն անառագաստ աջ ու ձախ է գնում, որովհետև չունենք կրթության զարգացման պետական ծրագիր: Սա լուրջ խնդիր է: Նախկին նախագիծը չհաստատվեց: Ինձ թվում էր՝ այն հիմնովին պետք է վերանայվի, որովհետև շատ բան է փոխվել երկրում, կառավարման համակարգում են փոփոխություններ եղել: Հետևաբար՝ առաջինը դրա մասին պետք է մտածել»,–նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ հատ–հատ կարող է մատնանշել, թե որ փաստաթղթերում պետք է փոփոխություններ արվեն:

Կարգերի փոփոխության առումով նա կարևորեց նաև հանրային քննարկումների անհրաժեշտությունը, քանի որ, նրա խոսքով, բավականին նուրբ էլեմենտներ կան:

Անահիտ Բախշյանը հայտնեց նաև, որ այս ընթացքում որոշ քննարկումների է մասնակցել: «Քննարկումները սկսեցին հոկտեմբերից, բայց այդպես էլ տեղ չհասան: Երկրում իրադարձություններն այնպիսի արագությամբ ընթացան, որ այդ առումով չեմ էլ կարող շատ մեղադրել, թե ինչու փոփոխություն չարվեց: Բայց, ըստ էության, այսօր կա չանելու հետևանքը: Այսօր բոլոր դպրոցներում շատ վտանգավոր պահեր կարող են ստեղծվել»,–եզրափակեց կրթության փորձագետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular