ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդեն սովորել եմ, որ մարդիկ ինձ տեսնում են ու զարմանալով ասում` Լիդուշիկն այդքան մե՞ծ է». Լիդուշիկը` կերպարային փոփոխության ու երեխաներից չհրաժարվելու մասին

ՖՈՏՈ

Չնայած ամռանը նա կդառնա 20 տարեկան, մանկական միջոցառումներն առանց իրեն չեն անցնում. Լիդուշիկն այսօր էլ մանկական միջոցառումների սպասված հյուրն է, դրանից չի սրտնեղում, ծիծաղելով ասում է, որ արդեն սովոր է, որ մարդիկ չեն հավատալու իր տարիքին, նույնիսկ համակերպվել է, որ մինչև 50 տարեկան իրեն փոքր են ընկալելու։)

Այնուամենայնիվ, առջևում կերպարային փոփոխությունն է։ Tert.am Life–ը երգչուհու հետ զրուցել է գործունեության այս փուլի ու սպասվող փոփոխությունների մասին։

Մինչև այս Լիդուշիկը փորձեր արեց ներկայանալ նաև որպես երիտասարդ երգչուհի, սակայն այդ քայլերը վերջնական չէին։ Սիրո մասին երգին հաջորդում էր երգ, որն ավելի շատ փոքրիկներին կհետաքրքրի։ Լիդուշիկը խոստանում է` այս տարի կլինի իր նոր կերպարային մուտքը ոլորտ, առջևում այդ ուղղությամբ ավելի հստակ քայլեր կան։

«Շուտով կթողարկի նոր տեսահոլովակ, որտեղ ակնհայտ կլինի իմ կերպարային փոփոխությունը։ Նոր ստեղծագործությունը պարային երգ է, որի տեսահոլովակն էլ պարային կլինի։ Մեկ այլ երգ էլ ունեմ` սիրո մասին, կոչվում է «Սիրահարվել եմ», այս անգամ ոչ թե հեքիաթային, այլ լուրջ սիրո մասին է։ Կարծում եմ` դա էլ ազդակ կլինի, որ ես արդեն մեծացել եմ»,– ասաց երգչուհին։

Այնուամենայնիվ, մարդկանց ենթագիտակցության մեջ Լիդուշիկը մնացել է որպես փոքրիկ երգչուհի։ Նրանից հետաքրքրվեցինք` մտավախություն չունի՞, որ նոր կերպարը կարող է չընկալվել։

«Չեմ կարծում, որ չընդունվելու խնդիր կլինի։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը,– ասաց նա, միաժամանակ, ծիծաղելով հավելեց,– ինձ բոլորը փոքր են ընկալում։ Ասպարեզի ընկերներս էլ ինձ դեռ երեխա են համարում, ասում եմ` ես արդեն մեծացել եմ։ Մինչև հիմա մարդիկ ինձ տեսնում են համալսարանում ու զարմանալով ասում` ինչու Լիդուշիկն այդքան մե՞ծ է։ Իրականում ես էլ ունեմ այդ հատկությունը` մեծանում եմ։ Ինձ համար նման արձագանքները սովորական են դարձել, չեմ սրտնեղում»։

Հունիսի 1-ը երգչուհու համար շատ հագեցած է լինելու. 3 համերգ ունի մեկ օրում, օրվա առաջին կեսին կլինի Գյումրիում, այնուհետև Երևանում։ «6 տարի առաջ ես հենց Գյումրուց սկսեցի իմ մենահամերգների շարքը, տարիներ անց` 20-ամյակիս շեմին կրկին համերգ եմ ունենալու իմ սիրելի Գյումրիում, ինչի համար շատ ուրախ եմ։

Նույն օրը երեկոյան փոքրիկ երգիչ Դավուլի հետ համերգ ունեմ «Դինամո» մարզադաշտում, այնուհետև ելույթ կունենամ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում։ Կարծում եմ` հունիսի 1–ն ինձ մոտ միշտ այդպիսին է լինելու, ես ուրախ եմ, որ մանուկների տոնին հնարավորություն ունեմ տարբեր համերգներ ունենալ։

Ինձ հաճելի է շփվել այդքան շատ երեխաների հետ, երգել նրանց համար, ուրախացնել նրանց։ Չեմ ուզում հրաժարվել երեխաներից»,– ասաց երգչուհին։

Մինչ նոր տեսահոլովակ ներկայացնելը Լիդուշիկը պատրաստվում է իր համար մեկ այլ կարևոր միջոցառման։ Հունիսի երկրորդ կեսին մեկնելու է Ֆրանսիա, որտեղ «Հայ դաս» վարժարանի և Արմինե Գաբրիելյանի «Կոլաժ» թատերախմբի հրավերով ներկայանալու է երաժշտական բեմադրությունների շրջանակում։ Լիդուշիկը կատարելու է մանկական երգերը, որոնցով ուղեկցվելու են բեմադրությունները։ Լինելու է ֆրանսիական 3 քաղաքում։

«Առաջին անգամ եմ լինելու Ֆրանսիայում։ Փարիզում լինելու ցանկությունս շատ մեծ էր։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու շփվել Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցների հետ։ Այս ներկայացումներն էլ շատ եմ կարևորում։ Կազմակերպիչները ջանք ու եռանդ չեն խնայում մեր երգերը, լեզուն, ավանդույթները թատրոնի միջոցով պահպանելու համար»,– նկատեց երգչուհին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular