ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվում վիճակը վատ է. ագրեսիայի հուսահատ ալիք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանը հանգստյան օրերին՝ սկսած ուրբաթ երեկոյից, մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում Բաքվում կիրառում է կոշտ կարանտին: Պատկերացնելու համար հարկ է արձանագրել, օրինակ, որ արգելվելու է անգամ տնից դուրս գալ աղբը թափելու նպատակով: Կորոնավիրուսի ադրբեջանական վիճակագրությունը ռեգիոնում ու թերեւս նաեւ աշխարհում ամենավատերից չէ: Ադրբեջանի ցուցանիշը Կովկասում երկրորդն է՝ Հայաստանից հետո: Հունիսի 5-ի դրությամբ 6522 վարակված, 78 մահ, 3737 առողջացած:

Բայց վարակի հայտնաբերման դինամիկան աճում է, այն դեպքում, երբ Բաքուն կարանտինը չեղարկում է Հայաստանից ավելի դանդաղ տեմպով ու ծավալով:

Իհարկե, որեւէ երկրի պարագայում գործնականում պայմանական են բոլոր թվերը, եւ համեմատություններն այդ առումով միշտ կարող են կաղալ, բայց դատելով Բաքվում արտակարգ միջոցառումներից՝ իրական պատկերը շատ ավելի մտահոգիչ է այդ երկրի կառավարության համար, քան ներկայացված վիճակագրությունը:

Համենայն դեպս դրա մասին է խոսում այն, որ հանգստյան օրերին կիրառվում է խստագույն կարանտին, եւ ասվում է, որ հնարավոր է դրա կրկնությունը նաեւ հաջորդ շաբաթ:

Բաքի պատկերին անդրադարձը ամենեւին այն բանի համար չէ, որ դրա ֆոնին փորձենք գտնել մխիթարություն Հայաստանի վիճակագրության համար: Մենք ունենք վարակի հետ կապված մեր խնդիրները, եւ այլ տեղերում շատ կամ քիչ վիճակագրությունը որեւէ կերպ չի ավելացնում կամ պակասեցնում մեզանում եղած խնդիրներն ու լուծման անհրաժեշտություն ունեցող հարցերը:

Տվյալ պարագայում, Ադրբեջանի վիճակագրությունը մեզ առնչվող կարող է լինել անուղղակիորեն, հաշվի առնելով Բաքվի պատերազմական հռետորաբանությունը: Իսկ դա վերջին շրջանում ապրում է հերթական մակընթացությունը: Ընդ որում, ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հարեւան Վրաստանի նկատմամբ:

Սակայն, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից եկող ագրեսիվության նոր ալիքը իր մեջ պարունակում է որոշակի հուսահատության տարրեր, ինչն արտահայտվում է ագրեսիայի աննախադեպ շեշտադրումներով: Եվ դա կարող է պայմանավորված լինել հենց կորոնավիրուսային ճգնաժամով, որը բոլոր երկրներում է բավականին բարդ տանելի ճգնաժամ, սակայն առավել բարդ է դառնում այն երկրների համար, որտեղ կառավարություններն ունեն լեգիտիմության ճգնաժամ:

Այդ պարագայում նրանցից պահանջվում է հանրության հետ հաղորդակցության, երկխոսության հավելյալ ջանք, ավելի մեծ ռեսուրս: Մի բան, որը ոչ լեգիտիմ կառավարությունները չունեն: Եվ դա բազմապատկում է վարակի ճնշումը, քանի որ իրավիճակն այնպիսին է, երբ ամբողջատիրական կառույցների համար ավանդական ուժային գործիքը բավարար չէ:

Ադրբեջանը կորոնավիրուսի վարակի խնդրին բախված միակ ամբողջատիրական համակարգը չէ, սակայն դրանցից թերեւս ամենաթույլերից է, հաշվի առնելով նաեւ աշխարհքաղաքական սուբյեկտության կատեգորիան, ինչը զրկում է մի շարք որոշումների «ճոխությունից», ինչպիսիք իրենց կարող են թույլ տալ օրինակ Չինաստանը, Ռուսաստանը, անգամ Բելառուսը:

Բացելով շանտաժի նոր շրջանը, Ադրբեջանի նախագահը գուցե փորձում է միջազգային հանրության հետ առեւտրով իր համար ընդլայնել կորոնավիրուսի պայմաններում հանրության հետ կապված որոշումների սահմանը:

Այդուհանդերձ, Հայաստանը Արցախը, պետք է չափազանց զգոն լինի Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով, այդ սահմանը Ադրբեջանի եւ որեւէ ուժային կենտրոնի առեւտրի առարկա դարձնել թույլ չտալու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular