ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոկալ սրացումներ կլինեն, բայց դրանք չեն հանգեցնի քաղաքական փոփոխությունների. Էմիլ Օրդուխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանխատեսումներ կան, որ արտախորհրդարանական քաղաքական ուժերը միավորվում են, որի արդյունքում աշնանը թեժ է լինելու: 1or.am-ի հետ զրույցում քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն անդրադառնալով այդ կանխատեսումներին նշեց, որ համաձայն չէ այդ տեսակետի հետ:

Նրա դիտարկմամբ ներկա ընդդիմադիր քաղաքական պատկերը նախկինից բավական տարբերվող է և տարասեռ: Եվ եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերի գործունեությունը մեծ հաշվով պարզ է, ապա  խորհրդարանից դուրս գործունեություն ծավալող  ուժերի շրջանում հետաքրքիր զարգացումներ, այնուամենայնիվ, տեղի են ունենում, բայց դրանք չեն կարող հանգեցնել լուրջ փոփոխությունների:

«Մի կողմից նախկինում մերժված ուժերն են փորձում նոր դեմքերի, նոր անձերի շուրջ համախմբվել, իսկ մյուս կողմում համախմբվում են քաղաքական այն միավորները, որոնք կողմ են փոփոխությունների, բայց դժգոհ են այսօրվա իշխանություններից: Այսինքն՝ այս երկու միավորները տարբեր վեկտորների վրա են կենտրոնացնում իրենց ուժերը: Նրանց կարելի է բաժանել հակաիշխանական և հակահամակարգային միավորների:

Ինչ վերաբերում է թեժ աշնան կանխատեսումներին, ապա տասնամյակների ընթացքում բազմիցս տեսել ենք տարվա տարբեր եղանակներին համահունչ ընդդիմադիր ուժերի թեժ զարգացումների մասին հայտարարություններ, բայց, որպես կանոն դրանք այդպես էլ տեղի չեն ունեցել: Առավել ևս՝ նախորդ երկու տարիների ընթացքում:

Այնպես որ, ես չեմ տեսնում քաղաքական թեժացման նախադրյալներ, թեև տարբեր խնդիրների շեշտադրումներով կլինեն լոկալ սրացումներ: Բայց այնպիսի թեժացում, որը կբերի փոփոխությունների հնարավոր չէ կանխատեսել»,-ասաց քաղաքագետը:

Խոսելով կառավարության գործունեության մասին Է. Օրդուխանյանը նշեց, որ բազմաթիվ թերացումների պայմաններում դրանք, այնուամենայնիվ, շարունակվում են: Այս առումով կա դինամիկ պրոցես, կա աշխատանք, որը կարող է մի մասին գոհացնել, մյուս մասին՝ ոչ, բայց որ իշխանությունները փորձում են առաջ շարժվել՝ փաստ է:

Հարցին, թե արդյո՞ք նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ակտիվացումը չի դառնա նոր քաղաքական պրոցեսների ձևավորման խթան քաղաքագետը պատասխանեց.

«Բոլոր ակտիվացումները բխում են արդարադատական համակարգի խնդիրներից, որը հեղափոխական իշխանությունն այդպես էլ չիրականացրեց: Հրաժարվեց նաև վեթինգից, նշելով, որ դա բարդ պրոցես է: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ հիմնական դժգոհություններն ու քաղաքական գործընթացները բխում են հենց այդ համակարգի թերի աշխատանքից:

Միանշանակ է, որ եթե պետական մյուս ինստիտուտների նկատմամբ վստահություն չկար, ապա արդարադատական համակարգի հանդեպ ևս վերաբերմունքը նույնն էր: Ու եթե այլ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը վերականգնվել է, ապա արդարադատության համակարգի նկատմամբ  անվստահությունը մինչ օրս շարունակվում է:

Սա ամենախնդրահարույց հարցն է, որը իշխանությունը մինչ օրս չի կարողացել լուծել, բայց պետք է կարողանա: Համեմատելով օրինակ՝ «Սասնա ծռերի» և մյուսների գործերով ընթացող դատական պրոցեսները, ապա ակնհայտ է, որ այս ամենը դժգոհություն է առաջացնում հասարակության շրջանում: Ուստի, եթե քաղաքական զարգացումներ լինեն, ապա դրանք կբխեն հենց այս համակարգի թերի աշխատանքից:

Այս ամենը պետք է իշխանության համար շատ լուրջ փորձաքար լինի, և, եթե նախկինում հրաժարվել են վեթինգից, ապա պետք է վերանայեն այդ որոշումը, հակառակ դեպքում արդարադատական համակարգում ճնգաժամը կխորանա, ինչի արդյունքում կմեծանա հեղափոխությունը ձախողելու ներուժը»:

 

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular