ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սրանով Ռուսաստանը Հայաստանի անկախության ամրապնդման լավագույն պայմաններն է ստեղծում. Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս պարզ դարձավ, որ պաշտոնական Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի: Մյուս կողմից ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է սովորականից մի քանի անգամ ավելի թանկ գին, ինչը, բնական է, դարձել է ռուսաստանաբնակ հայերի դժգոհության պատճառը: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ` սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը սրանով փորձում է հայկական կողմի վրա ճնշում գործադրելով, երկիրը ապակայունացնել և իր նախընտրած թեկնածուին իշխանության բերել:

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը համառորեն հեռանում է Հայաստանից և ռուսաստանաբնակ հայերը պետք է դա գիտակցեն ու վերադառնան հայրենիք: Սրանով Ռուսաստանը Հայաստանի անկախության ամրապնդման համար լավագույն պայմաններն է ստեղծում: Եթե վաղը Ռուսաստանը որոշի խնդիրներ ստեղծել Ֆրանսիայի համար, ֆրանսիացիներն էլ չեն կարողանա բացել ճանապարհը: Այնպես որ, մեր իշխանություններին պետք չէ շատ մեղադրել: Հայաստանը պետք է շարունակի գնալ պետականաշինության ճանապարհով և մտածի երկրի ներսում պայմանները բարելավելու ուղղությամբ: Սա է Հայաստանի հզորացման միակ տարբերակը»,- ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ COVID-19-ը ռուսական կողմի համար Հայաստանի իշխանությունների հանդեպ ճնշումներ գործադրելու ընդամենը հարմար պատրվակ էր, բայց պետք չէ մոռանալ, որ օդային սահմանը եթե բացվի, հաջորդը կլինի Լարսի ճանապարհը փակ պահելը:

«Քանի դեռ Հայաստանը ցանկանում է ազատ պետություն լինել, նման ճնշումները տևական են լինելու: Եվ ցանկացած պատրվակ ռուսական կողմն օգտագործելու է: Սա նաև նշանակում է, որ հայկական իշխանությունները պետք է հստակ քաղաքական կուրս վարեն: Օրինակ՝ ամեն տարի 10 %-ով նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից: Այն ժամանակ Հայաստանն ավելի շահեկան դիրքում կհայտնվի: Հիմա, երբ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից մեծ է, նա Հայաստանին չի հարգում, այլ օգտագործում է: Հայը մեկ ճանապարհ ունի՝ հզորացնել իր երկիրը: Ռուսական կողմին դուր չի գալիս հայ ժողովրդի անկախության ձգտումը, քանի որ սովոր է մեր երկիրը բանդաների միջոցով կառավարել, որպեսզի ինչ ցանկանա, այն էլ անի: Մի օր պետք է այս ամենին վերջ տրվի, որպեսզի ռուսական կողմը հայկական կողմի հետ սկսի արժանապատիվ վերաբերվել, ինչպես հիմա վրացիներին են վերաբերվում»,- ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով արդեն երկու տարի է Ռուսաստանը ցանկացած առիթ օգտագործում է Հայաստանն ապակայունացնելու համար, բայց հայկական կողմը պետք է ցույց տա, որ այդ ամենը հասկանում է: Հակառակ դեպքում այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ քանի դեռ չենք կարողացել բավարար չափով հզորանալ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular