ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական ոլորտում Ադրբեջանը պետք է դիտարկվի ահաբեկչության սատարող երկիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիան արդեն բացահայտ մասնակցում է Արցախի դեմ մղվող պատերազմին և նաև Հայաստանի դեմ կիրառել է F-16 կործանիչ։ Սակայն այդ փաստը թուրքական իշխանությունների կողմից հերքվել է։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ՝ հասկանալու համար, թե եթե Հայաստանին կհաջողվի ապացուցել F-16 կործանիչի կիրառումը թուրքական բանակի կողմից,ապա ինչ պատժամիջոցներ են սպասվում Թուրքիային։ Հարցին ի պատասխան փորձագետը ասել է․ «Այդ առումով խախտվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի իշխանությունները պետք է դիմեն միջազգային համապատասխան կառույցներին։ Հայաստանի ներկայացուցիչը, երբ դիմել է ՀԱՊԿ-ին, այնտեղ Թուրքիայի մասին շատ հստակ խոսել է և եթե այս պատերազմական գործողություններին մասնակցում է երրորդ երկիր՝ ի դեմս Թուրքիայի, ապա Հայաստանը պարտավոր է դիմել ՀԱՊԿ-ին, որ Հայաստանի նկատմամբ իրականացվում է ագրեսիա երրորդ երկրի կողմից։ Կարող է և չդիմել, բայց այդ գործընթացի սկիզբը պետք է դրվի Հայաստանի իշխանությունների կողմից։ Հայաստանը, եթե ունի ապացույցներ, պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, երկրորդ՝ դիմի ՀԱՊԿ-ին՝ ապացուցողական հիմքով, երրորդ՝ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների ղեկավարներին՝ Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային։ Այս դեպքում միջազգային հանրություն եզրույթը շատ անհասկանալի է։ Բայց, այնուամենայնիվ առաջին քայլը պետք է արվի Հայաստանի կողմից։ Եթե Հայաստանը չի դիմում որևէ կառույցի դա նշանակում է, որ կամ չկա ապացուցողական հիմք, կամ կա այդ հիմքը բայց նպատակահարմար չի գտնում ներկայացնել։ Դիմելուց հետո էլ միայն պետք է սպասենք թե որ կառույցը արձագանքեց։ Բայց այն, որ Իրանը և Ռուսաստանը շատ կոնկրետ քայլ են արել Ադրբեջանում վարձկանների հայտնվելու և այս պատերազմին մասնակցելու առումով, կարծում եմ, շատ կարևոր փաստ է, որովհետև այնուամենայնիվ այդ պետությունների կողմից արված հայտարարությունը իր հիմքում ունի փաստեր, ինչը նշանակում է, որ կա ապացուցողական բոլոր հիմքերը, որ ահաբեկիչները բերվել են Սիրիայից ամենայն հավանականությամբ Թուրքիայի միջոցով, և որոնք Ադրբեջանի զինուժի կողմից կռվում են Արցախի ինքնապաշտպանական ուժերի դեմ։ Այստեղից հետևություն, որ Ադրբեջանը օգտագործում է ահաբեկչական խմբավորումներ, և այդ խմբավորումները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և տարբեր այլ միջազգային կառույցների կողմից գնահատվել են որպես ահաբեկչական և իրենց գործունեությունը անթույլատրելի է։ Եվ այդ քայլերից հետո Ադրբեջանը պետք է հաշվետու լինի միջազգային այն կառույցներին, որի հետ ունի համագործակցություն և որի առաջ ունի պարտավորություններ։ Կարծում եմ դրանից հետո, Ռուսաստանը, որը այստեղ ունի լուրջ աշխարհաքաղաքական ազգային պետական շահեր ակնհայտ է, որ առաջինը իրենք են արձագանքելու։ Դիվանագիտական ոլորտում Ադրբեջանը պետք է դիտարկվի ահաբեկչության սատարող և ահաբեկչական կառույցների հետ համագործակցող պետություն։ Այս ամենից հետո պետք է Արցախը ճանաչվի որպես անկախ պետություն և Արցախի հետ պետք է կնքվի ռազմաքաղաքական պայմանագիր։ Մարտի դաշտում շուտով ադրբեջանական զինուժի մեջքը կոտրելուց հետո, երբ ունենաք հաջողություններ և հակառակորդին մատնենք տոտալ պարտության, կարծում եմ, որ դրանից հետո բանակցային նոր ձևաչափով կամ նախկին ձևաչափով բայց նոր իրողությունների պայմաններում հայկական կողմը կարող է թելադրող լինել, իսկ հայկական կողմը ոչ թե Հայաստանի իշխանություններն են, այլ խոսքս Արցախի իշխանություննի մասին է, և դրանով Աշխարհում Արցախի իշխանությունների լեգիտիմացումը գործնական հողի վրա է դրվելու։ Եվ ամբողջ աշխարհը այդ դեպքում չի կարող հաշվի չնստել Արցախ պետության և Արցախի տարած հաղթանակի հետ։ Հայաստանի Հանրապետության կողմից ցանկացած քայլ, երբ գնում է ռազմական լրջագույն գործողություններ Արցախի ճանաչման և ռազմաքաղաքական պայմանագիր կնքելու, կարծում եմ, էականորեն բացսական ազդեցություն կարող է ունենալ ընթացող քաղաքական գործունեության վրա հիմք տալով Թուրքիային ուղղակիորեն ներգրավվել այս թնջուկի լուծմանը, որպես իրական մասնակից կողմ։ Սա երբեք պետք չէ թույլ տալ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular