ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան իրեն պահում է միջազգային բանդիտի նման. Սուրեն Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի կարծիքով այս պահին հարկավոր է արձանագրել, որ վերջին երկու օրերին միջազգային համատեքստը հայկական կողմի համար դառնում է բարենպաստ, քանի որ առնվազն երեք երկիր՝ Ֆրանսիան՝ նախագահ Մակրոնի մակարդակով, Ռուսաստանի Դաշնությունը ԱԳՆ-ի մակարդակով, Իրանը՝ ԱԳՆ-ի մակարդակով արձանագրել են, որ Թուրքիան, ըստ էության, Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասնակից է և, բացի այդ, Սիրիայից վարձկաններ է տեղափոխում մարտի դաշտ և առաջնագիծ:

«Սա արձանագրվել է, որը, իսկապես, կարելի է հաջողություն համարել: Ես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահող երկրների ղեկավարների հայտարարությունն եմ դրական համարում, անկախ այն հանգամանքից, որ այնտեղ գերիշխում էին պարիտետային գնահատականներ: Այդ ամենով հանդերձ՝ հայտարարության դրական կողմն այն էր, որ բարձր մակարդակով արձանագրվեց, որ կարգավորման գործընթացի միակ ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Քաղաքական գործիչը խոսելով արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ընթացող ռազմական գործողությունների ադրբեջանա-թուրքական նկրտումների տրամաբանությանը, վերջին երկու օրերին դրանք ավելի թեժացնելու և, ինչու չէ, Հայստանի տարածք ներմուծելու ցանկությունների մասին, նշեց, որ գերտերությունների հայտարարություններից, փաստացի, պարզ է դառնում, որ Ադրբեջանը և Թուքիան հայտնվել են մեկուսացման մեջ, որը օր օրի ավելի ակնառու է դառնում:

«Մյուս կողմից պետք չէ ակնկալել, որ միջազգային կառույցների հորդորները կամ մեսիջները մեկ-երկու օրում կարող են ազդել Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության վրա: Թուրքիան այսօր իրեն պահում է միջազգային կամ տարածաշրջանային բանդիտի նման և, ըստ էության, վաբանկ է գնացել՝ փաստացի ոչնչացնելով և կլանելով Ադրբեջանի ինքնիշխանությունը: Այսինքն, մենք այսօր, ըստ էության, գործ ունենք թուրքական ագրեսիայի հետ, որը դրսևորվում է Ադրբեջանի դեմքով: Եվ, բնական է, որ ռազմադաշտի անհաջողություններին նրանք պետք է պատասխանեն խաղաղ բնակչությանը հրետակոծելով, ինչը նշանակում է, որ այս երկու երկրները ոչ միայն չեն անսացել միջազգային հորդորներին, այլև շարունակում են իրենց ռազմական արկածախնդրությունը, դրանից բխող բոլոր հետևանքներով: Ցավոք սրտի, այս առումով իրավիճակը շարունակում է մնալ լարված և հիմա դժվար է կանխատեսել, թե միջազգային ճնշումներն ինչ ազդեցություն կունենան Թուրքիայի քաղաքականության վրա կամ ինչպիսի զարգացումներ տեղի կունենան առաջնագծում»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Խոսելով Թուրքիայի նախագահ Էրդողանի օրերս արած հայտարարությանը՝ թե՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը անարդյունավետ է և հարկավոր է հարցը այլ ճանապարհով լուծել, քաղաքական գործիչը նշեց, որ դա Էրդողանի հերթական սին հայտարարությունն է, քանի որ Թուրքիան լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի 11 անդամ երկրներից մեկը, փաստացի, ինքնաքննադատութուն է իրականացնել:

«Երբ ԵԱՀԿ Մինսկի խմբում կան Թուրքիայի նման դեստրուկտիվ դիրքորոշումներ ունեցող պետություններ, բնականաբար, Մինսկի խումբը ամբողջ արդյունավետությամբ չէր էլ կարող աշխատել: Եվ, այս առումով, ողջունելի է, որ, կարծես, Ֆրանսիայի նախագահը նախաձեռնում է Թուրքիային Մինսկի խմբից դուրս թողնելու գործընթաց, քանի որ այս պահին, փաստացի, Թուրքիան պատերազմի կողմ է և այլևս չի կարող կարգավորման գործընթացում անաչառ, անկախ արբիտրի դեր ստանձնել»,- ասաց Ս. Սուրենյանցը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular