Արցախի սուբյեկտայնության հարցն այլևս բանակցությունների սակարկության թեմա չի կարող լինել. Սուրեն Սուրենյանց
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը 1or.am-ի հետ զրույցում համեմատելով Արցախի անկախությունից ի վեր, Արցախի ճակատում հայկական կողմի նախորդ պատերազմների արդյունքները և դրանցով պայմանավորված հետագա զարգացումները, նշեց, որ իր կարծիքով, 1994-ի զինադադարը ստորագրվել է շատ ճիշտ ձևաչափով, որտեղ իրապես արտացոլված է եղել հակամարտության իրական կոնֆիգուրացիան: Ու թեև այն ավարտվել էր հայկական կողմի հաղթանակով, բայց, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը կապիտուլյացիայի չէր ենթարկվել:
«Այլ բան է հաղթանակը, այլ բան՝ կապիտուլյացիան: Պետք է սա հստակ արձանագրենք: Կոնֆլիկտի կարգավորման բանակցային ձևաչափը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ևս ճիշտ ձևաչափ էր, քանի որ դրանում ներգրավված երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրամիությունը՝ Ֆրանսիայի դեմքով, այս տարածաշրջանում հետաքրքրություն ունեցող երկրներ են: Սակայն, պատերազմի հաղթանակը Հայաստանն այդպես էլ չկարողացավ արտաքին քաղաքականության մեջ կապիտալիզացնել:
Սա խնդիր է, քանի որ Արցախի առաջին պատերազմի ժամանակ մենք արդեն իսկ նվաճել էինք ԼՂՀ անկախության իրավունքը: Բացի այդ, այն ամրագրվել էր նաև միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան՝ հանրաքվեով, ռազմի դաշտում: Եվ արտաքին քաղաքականության շրջանակներում ընդամենը պետք էր կապիտալիզացնել այդ իրողությունը: Այսինքն՝ Արցախի անկախության հարցը երբեք չպետք է դառնար կարգավորման գործընթացի քննարկման թեմա:
Դրա փոխարեն կային այլ հարակից խնդիրներ, որոնք վերաբերում էին պատերազմի հետևանքների վերացմանը: Եվ հարկավոր էր դրանց շուրջ բանակցել. ինչը չարվեց: Այսինքն, կարծում եմ, այստեղ է որ կա մեր դիվանագիտության թերացում, որը սկսվել է դեռևս 90-ականներից»,- ասաց Ս.Սուրենյանցը:
Քաղաքական գործիչը մեջբերելով՝ բանակցային գործընթացի Լ. Տեր-Պետրոսյանական պատկերացումները, նշեց, որ հայկական կողմի առաջադրած արտաքին քաղաքական օրակարգը պետք է ներդաշնակեցվեր մեր ռեսուրսներին և համաշխարհային համատեքստին, որը հետագայում արտահայտվեց նաև ՀՀ առաջին նախագահի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» աշխատության մեջ:
Այնտեղ հստակ ասվում է, որ փոխզիջումներն այլընտրանք չունեն, քանի որ մենք այլ ճանապարհով գնալու ռեսուրս չունենք:
«Ամենայն հավանականությամբ ՀՀ առաջին նախագահը հաշվի էր առել համաշխարհային թրենդը, որը կա նաև այսօր: Կարևոր է նշել, որ համաշխարհային ուժային կենտրոնները բավական զգուշավորությամբ են մոտենում սահմանների վերաձևման ու նոր պետությունների առաջացման խնդրին: Այդ զգուշավորությունը կար նաև 90-ականների վերջին, բայց այդ ամենով հանդերձ, ակնհայտ է, որ Տեր-Պետոսյանի կոնցեպցիան պարտվեց և իշխանության եկան ղարաբաղյան խմբավորման ներկայացուցիչներ՝ Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը:
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները սկսեցին խաղալ ժամանակ ձգձգելու, կամ ինչպես ընդունված է քաղաքագիտական լեզվով ասել՝ ստատուս քվո պահպանելու ուղղությամբ: Սակայն, ստատուս քվոն պահպանելն իմաստ կունենար, եթե այդ ընթացքում մենք կարողանայինք ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելով ստեղծել նոր որակի պետություն, որը էապես կտարբերվեր Ադրբեջանից:
Բայց, ցավոք, անցած 20 տարիների մասին դա ասել չենք կարող: Ավելին, մենք այդ ընթացքում մսխեցինք այն հաղթանակը, որը ձեռք էինք բերել Արցախի առաջին պատերազմի ընթացքում: Մսխեցինք կոռուպցիայով, ընտրությունները կեղծելով, քաղաքական սպանություններով և այլ ձևերով: Այսինքն՝ ստատուս քվոն պահպանվեց իշխանության եկած խմբավորման դիրքերն ուժեղացնելու նպատկով, որն ամենևին էլ չէր նշանակում երկրի դիրքերի ուժեղացում»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Խոսելով 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին քաղաքական գործչի կարծիքով, դա հայկական կողմին ուղղված առաջին ահազանգն էր, որը հստակ ցույց տվեց, որ հարաբերական խաղաղության տարիները ճիշտ չեն օգտագործվել: Ու թեև հայոց հաղթական բանակին նորից հաջողվեց կանխել ադրբեջանական ագրեսիան, բայց դրանից հետո մեր դիվանագիտությունը դարձյալ չկարողացավ անհրաժեշտ չափով կապիտալիզացնել մեր հերոսական բանակի ջանքերը:
«Վիեննայի և Սանկտ-Պետորբուրգի օրակարգերը կարևոր էին, բայց դրանք այդպես էլ կյանքի չկոչվեցին: Իսկ 2018-ի հեղափոխությունը արտաքին քաղաքականության մեջ ո՛չ բովանդակային, ո՛չ ինստիտուցիոնալ առումներով, այդպես էլ էական փոփոխություն չմտցրեց: Եվ արտաքին քաղաքականությունը շարունակեց մնալ նույն՝ անկյալ, նախաձեռնողականությունից զուրկ վիճակում:
Պետք է արձանագել նաև, որ թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ մինչև այս պատերազմը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կոնցեպտուալ առումով հստակ չի եղել: Ավելին, չի սպասարկել այն հաղթանակները, որոնք մենք ունեցել ենք ռազմի դաշտում»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Պատերազմից հետո սպասվելիք իրադարձությունները, կուսակցության առաջնորդի կարծիքով, կրկին բարդ է լինելու: Կողմերը շատ դժվար են բանակցային սեղանին նստելու, բայց, այդ ամենով հանդերձ, հայկական կողմը պետք է մի քանի շատ կաևոր արձանագրումեր անի:
«Նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին այլընտրանք լինել չի կարող, քանի որ, հայտնի է, որ համանախագահության ձևաչափի փոփոխություն ցանակում է Ադրբեջանը և պատահական չէ, որ նույսիսկ այս օրերին նման փորձ արեց: Բայց, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկելով Ղարաբաղի անվտանգության հարցը դարձյալ արձանագրեց, որ համանախագահության առկա ձևաչափը փոփոխման ենթակա չէ: Այսինքն, եթե բանակցությունները վերսկսվեն, ապա շարունավելու են հենց այս ձևաչափով, ինչը շատ կարևոր է»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Ինչ վերաբերում է բանակցային բովանդակությանը, ապա, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահի կարծիքով՝ պատերազմից հետո Արցախի անկախության թեման այլևս չպետք է բանակցային օրակարգի հարց լինի:
«Շատ ճիշտ կլինի, որ պաշտոնական Երևանը առաջինը ճանաչի Արցախի ինքնիշխանությունը և բանակցությունները սկսելիս պահանջի, որ բանակցային գործընթացին մասնակցի Արցախը: Ինչ վերաբերում է բանակցային բովանդակությանը, ապա այն պետք է ընդգրկի միայն պատերազմի հետևանքների վերացման հետ կապված հարցեր: Իհարկե, ես հասկանում եմ, որ այս ամենը դիվանագիտությունից ահռելի ջանքեր է պահանջելու, բայց և այն պարտավոր է ելնի մեր հաղթական բանակի, մեր հերոսական սպաների ու զինվորների մարտի դաշտում ապահոված մեկնարկի կետից:
Մեր արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի նախաձեռնողական և օրակարգ թելադրող: Նման հնարավորություն տալիս է մեր բանակը, քանի որ այս պատերազմն այն մասին է, որ Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատում է իր անկախ ապրելու իրավունքը: Հետևաբար, այս և Արցախի սուբյեկտայնության հարցն այլևս բանակցությունների սեղանին սակարկության ենթակա հարցեր չեն կարող դառնալ»,- ասաց Ս. Սուրենյանցը:
Արմինե Գրիգորյան