ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրիական «գամբիտ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` Ժնևում այսօր նախատեսված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հետաձգվում է մեկ օրով, այն կլինի վաղը: Թե որն է հետաձգման պատճառը՝ գոնե առայժմ չի մանրամասնվում: Այս մասին հանդիպումը հայտարարվել էր Միացյալ Նահանգների հովանու ներքո ձեռք բերված հրադադարի համաձայնության համատեքստում: Այդ հրադադարն էլ, ինչպես Մոսկվայի և Փարիզի նախաձեռնությունները, չպահպանվեց: Ավելին, հոկտեմբերի 29-ի հանդիպմանն ընդառաջ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խառնածինը ուժգնացրել էր Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը՝ թիրախ ընտրելով անգամ քաղաքային հիվանդանոցն ու ծննդատունը: Այդ հանգամանքը կարող է հուշել, որ խառնածինը, մեղմ ասած, լավ ռազմական և քաղաքական վիճակում չէ, ինչն էլ գուցե դարձել է Ժնևի հանդիպման հետաձգման պատճառ: Հետևաբար պետք չէ նաև գուցե բացառել, որ հանդիպումը ունենա նոր հետաձգում կամ այլ ձևաչափի փոփոխություն, օրինակ՝ Բաքուն հրաժարվի մասնակցել Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ քննարկմանը:

Համենայն դեպս, երեկ ողջ օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը հուշում է, որ Ադրբեջանը, մեղմ ասած, ոգևորված չէ Ժնևում հանդիպման սպասումով և այն մթնոլորտով, որ կա հանդիպման շուրջ: Ավելին, պետք չէ բացառել, որ Բաքուն փորձում է խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ սադրել Ժնևի տապալումը ընդհանրապես՝ պարզապես ձգտելով հասնել նրան, որ այդ տապալումը տեղի ունենա Երևանի պատասխանատվությամբ կամ հենց համանախագահ երկրներից որևէ մեկի։ Այստեղ թերևս էական է մի հանգամանք՝ հաշվի առնելով, որ Ժնևի քննարկման մասին հայտարարվել է ԱՄՆ նախաձեռնության համատեքստում:

Բանն այն է, որ Վաշինգտոնում հանդիպելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, առանձին ձևաչափերով՝ պետքարտուղար Պոմպեոն դրանց արդյունքում տարածած կարճ հայտարարության մեջ նշել էր, որ պետք է վերադառնալ բանակցության Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների տրամաբանության շրջանակում: Իսկ այդ սկզբունքների շարքում է նաև ինքնորոշման իրավունքը, որի ճանաչումը փաստացի պարտադրվում է Բաքվին: Մյուս կողմից՝ դարձյալ նկատենք այն, ինչին առիթ ունեցանք անդրադառնալ մեր նախկին մեկնաբանություններում՝ Ժնևին զուգահեռ մեկնարկեց Իրանի կարգավորման պլանի ներկայացումը Բաքվին, Մոսկվային, Երևանին ու Անկարային: Իրանի նախագահի հատուկ բանագնացը նախօրեին սկսել էր Բաքվից, իսկ այսօր Մոսկվայում է: Ընդ որում, նա հայտարարել է Մոսկվայում, որ Մինսկի խումբը սպառել է իրեն և պետք է ռեգիոնալ ձևաչափ:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular