ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասալիքի կերպար ստեղծելով փորձ է արվում սեփական մեղքը կոծկել. Գագիկ Գինոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով՝ իշխանությունները պետք է խիզախություն ունենան առերեսվելու իրականության հետ և ուղղակի քաջություն ուենան երկիրն այս վիճակից անցնցում դուրս բերելու երաշխիքներ տալու և զրոյական կետ ստեղծելու համար, որպեսզի այդ կետում կայանան նոր ընտրություններ, բացառելով և՛ ներկայի, և՛ նախկին իշխանությունների մասնակցությունը հետագա գործընթացներին:

 «Այդ ամենի պատասխանատվությունը պետք է կրի ներկայիս իշխանությունը: Եվ ինչքան այդ խիզախությունը չունենա և ինչքան փորձեն ձգձգել, այնքան նպաստելու են, որ հատկապես բռնի ուժով նախկին իշխանությունների վերադարձ տեղի ունենա, որը շատ ավելի խորը ճգնաժամ կառաջացնի մեր երկրում»,- ասաց Գ.Գինոսյանը:

Նա համոզված է նաև, որ հրաժարականի գործընթացը սկսելուց առաջ պետք է ներկա իշխանությունները հայտարարեն, որ իրենց կողմից ստորագրած փաստաթուղթը որևէ առնչություն չի ունենալու Հայաստանի Հանրապետության հետ, իսկ Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածը հնարավոր է քննարկել միայն խաղաղապահ ուժերի վերջնական տեղակայումից և շփման գծի վերջնական ամրակայելուց հետո:

 «Այս իշխանությունը պետք է խիզախություն ունենա հայտարարելու, որ իրենց ապիկար իշխանությունն է պարտվել և այդ պարտությունը չվերագրեն հայ զինվորին ու բանակին: Եթե բանակը պարտվել է, ապա երկրի կառավարումն է տապալվել և ոչ թե ազգը: Իշխանությունները պետք է ընդունեն, որ իրենց ապիկար, ապաշնորհ և անզորության կառավարման հետևանք է այս ամենը: Պետք է ընդունեն, որ ուղղակի իրենց խղճուկ կառավարման և իրականության հետ երբևէ չառերեսվելու շնորհիվ է նման արդյունք եղել, ոչ թե հայ զինվորի կամ հայ երիտասարդի պատճառով: Հայ դասալիքի կերպար ստեղծելով փորձ է արվում սեփական մեղքը կոծկել»,- ասաց Գ. Գինոսյանը:

Նրա դիտարկմամբ թեև Հայաստանը անցած տարիների ընթացքում այլ ցնցումների միջով էլ անցել, բայց այս անգամ տեղի ունեցածը համեմատելի չէ ո՛չ հոկտեմբերի 27-ի, ո՛չ էլ մարտի 1-ի հետ: Արվեստագետի կարծիքով այս ամենը պետականության տոտալ տապալում է և եթե ստորագրված փաստաթուղթը մնա նույն կարգավիճակում, ապա բավական վտանգավոր է մեր երկրի համար:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular