ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Մերձավոր Արևելքում «խառն» են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Հունաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պաշտպանության պակտ են կնքել՝ թուրքական ագրեսիայից համատեղ պաշտպանության համար: Այդ մասին տեղեկությունը, առայժմ անանուն աղբյուրին հղում անելով, տարածել է Հունաստանում հայտնի լրագրող և ռազմական փորձագետ Անդրեաս Մունցուրուլիասը: Երբ և ինչպես կհաստատվի լուրը պաշտոնական մակարդակում՝ դեռ պարզ չէ, սակայն անկասկած է, որ այն մերձավորարևելյան ռեգիոնում տեղի ունեցող բավականին խորքային անվտանգային ռազմաքաղաքական տրանսֆորմացիաների դրսևորում է: Ընդ որում, անկասկած է, որ մերձավորարևելյան ռեգիոն ասվածը խոշոր հաշվով այլևս չունի այն դասական իմաստն ու բաժանումը, որ ընդունված էր: Այժմ մերձավորարևելյան ռեգիոնի, այսպես ասած, դասական տիրույթը ավելի լայն ու ընդգրկուն շրջանակի որոշակի մատրիցա է, որը ծածկում է հարակից մյուս ռեգիոնները՝ հյուսիսաֆրիկյան-միջերկրածովյանից մինչև կովկասյան:

Ավելին, տեսանելի ապագայում, հաշվի առնելով Կովկասի գործընթացները, մեծ հավանականությամբ, ընդգրկումը կտարածվի նաև Կասպիցի ավազան և կենտրոնասիական ռեգիոն: Միաժամանակ այդ ընթացքում «մատրիցայում» ծավալվում են, իհարկե, ուշագրավ զարգացումներ, որոնցից մեկն էլ հենց Հունաստան-ԱՄԷ պակտի մասին տեղեկությունն է: Ընդ որում, այն տարածվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի գործնականում հրաժեշտի շրջագայության ֆոնին, որը նա իրականացնում է եվրոպական և մերձավորարևելյան երկրներ: Ընդ որում, մերձավորարևելյան «մատրիցայի» երկրներ այցերի շրջանակում չորս երկրներից մեկն էլ ԱՄԷ-ն է, ուր այցելել է Պոմպեոն: Ըստ էության՝ այդ զարգացումները իրենց հերթին հատկանշական են արաբ-իսրայելյան հաշտության գործընթացի ֆոնին, որը բավականին աշխույժ ընթացք ստացավ Թրամփի նախընտրական արշավի գագաթնակետին, սակայն ներկայումս հարց է առաջացնում՝ արդյոք ԱՄՆ վարչակազմը, որը պատրաստվում է հեռանալ, նույն էնտուզիազմով կարո՞ղ է փորձել ավարտին հասցնել գործընթացը և ապահովել, օրինակ, Սաուդյան Արաբիա-Իսրայել հաշտություն:

Ընդ որում, այս իմաստով եղան անանուն տեղեկություններ, որ Պոմպեոյի հովանու ներքո եղել են հանդիպումներ Իսրայելի վարչապետի և Սաուդյան Թագավորական տան միջև, իհարկե ոչ պաշտոնական: Այս դինամիկ գործընթացները զարգանում են Հայաստանի համար դրամատիկ իրավիճակում՝ պատերազմի ծանր պարտություն և տարածքային կորուստներ, Կովկասի անվտանգության նոր ճարտարապետություն: Ահա այդ դրամատիկ իրողությունների ֆոնին էլ առավել հատկանշական է դառնում այն, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել մերձավորարևելյան ռեգիոնը՝ «մատրիցան», մասնավորապես արաբական աշխարհը:

Ավելին, նոյեմբերի 15-ին նա փաստորեն բավականին անսպասելի այց էր կատարել հենց ԱՄԷ և հանդիպել Աբու Դաբիի թագաժառանգի հետ, իսկ նոյեմբերի 23-ին նախագահ Սարգսյանը դարձյալ անսպասելի աշխատանքային կարճատև այց կատարեց Հորդանան՝ մերձավորարևելյան «մատրիցայի» ևս մի առանցքային երկիր: Ի դեպ, հատկանշական է, որ նույն օրը Հորդանանի արտգործնախարարը հեռախոսազրույց ունեցավ և արցախյան իրավիճակը քննարկեց ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ: Անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ դեր ունի դրամատիկ իրավիճակում հայտնված Հայաստանը մերձավորարևելյան լայն ռեգիոնի, այսպես ասած, դասական «մատրիցայում»՝ հաշվի առնելով այն, որ Կովկասում Հայաստանի դերը ներկայումս գտնվում է ճակատագրական վերափոխումների փուլում, ընդ որում՝ բավականին անորոշություններով: Արմեն Սարգսյանի այցերի հիմքում դրվում է տնտեսական գործակցության և ներդրումների հեռանկարը, ինչի կարիքը հետպատերազմյան Հայաստանն ու Արցախն առավել ևս ունեն: Բայց նաև անկասկած է, որ ժամանակակից աշխարհում ներդրումներն ու քաղաքականությունը զգում են միմյանց անխուսափելի կարիք:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular