ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե բանակը դուրս գա Արցախից, կռիվ կլինի՞. նախարարն ընդունել է զինծառայողների ծնողներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծնողները հստակ պահանջ են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին` իրենց երեխաներին Արցախից վերադարձնել Հայաստան, բայց նախարարն ասել է` հնարավոր չէ։

Արցախում ժամկետային ծառայություն իրականացնող զինվորների ծնողների 15 հոգանոց խումբը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը նշել է, որ այժմ անհնար է հայկական զորքի դուրսբերումը Արցախից։

Նշենք, որ ծնողները պահանջում են իրենց երեխաներին Արցախից Հայաստան տեղափոխել, որպեսզի հետագայում իրենց ծառայությունը շարունակեն Հայաստանում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված պահանջագիր էին պատրաստել։

«Մեր պահանջը հստակ էր` մեր երեխաներին Արցախից վերադարձնել Հայաստան, բայց պաշպանության նախարարը մեզ ասաց, որ դա հնարավոր չէ, որովհետև եթե հայկական բանակն Արցախից դուրս գա, հնարավոր է` կռիվ լինի։ Այսինքն` երեխաներին արձակուրդ են տալու, որպեսզի գան տուն, բայց նրանց պետք է փոխարինեն Հայաստանում ծառայող զինվորները»,–ասաց ծնողներից մեկը։

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցած ծնողներին այնքան էլ չէր գոհացրել նախարարի պատասխանը։ Նրանք պնդել են, որպեսզի իրենց երաշխիքներ տան, որ իրենց երեխաներն Արցախում անվտանգ կլինեն։

«Նախարարը մեզ ասաց, որ 100 տոկոսով երաշխիք է տալիս։ Բայց դուք վստա՞հ եք, ժողովուրդ ջան»,–հավաքվածներին դիմեց ծնողներից մեկը։

Նրանց խոսքով` ինչ–որ տեղ կարող են նախարարին կամ վարչապետին վստահել, սակայն թուրքի վրա երբեք չեն կարող վստահ լինել։

«Մենք հարց տվեցինք նախարարին` դուք թուրքի վրա վստա՞հ եք, ասեց` ոչ, կարող է Երևան էլ մտնի»,–ասաց ծնողներից մեկը։

Հիշեցնենք` այսօր զինծառայողների ծնողները հանդիպել էին վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Վերջինս նշել էր, որ Արցախում ժամկետային զինծառայություն իրականացնողների ծառայությունը չի կարող դադարեցվել կամ նրանց չեն կարող փոխադրել Հայաստան։

Նա ասել էր, որ հիմա փորձում են կարգավորել զինծառայողների արձակուրդի տրամադրման հարցը։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular