ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրանքների գները կբարձրանան, կունենանք պարենային անվտանգության ու բանկային ոլորտի խնդիրներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսագետներն ահազանգում են, որ Հայաստանի տնտեսությունը մոտ ապագայում անկում կապրի և հավելում են, որ տնտեսության վատ դինամիկան կնկատենք արդեն մյուս ամսվանից։

«Տնտեսական վիճակը մեր աչքի առաջ է: Բոլորս տեսնում ենք՝ ինչ վատ վիճակում է Հայաստանի տնտեսությունը: Դրամն արժեզրկվում է, սպասվում է գնաճ, արդեն տեսնում ենք, որ առաջին անհրաժեշտության պարագաներն էականորեն թանկացել են», - այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այս պահին ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 7 տոկոս անկում:

«Տնտեսական վիճակը, բնականաբար, վատանալու է, որովհետև պետությունը ահագին ծախսեր է կատարել: Հիմա գումարներ պետք է ուղղվեն կորուստների փոխհատուցմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը և պատերազմի հետ կապված այլ ծախսերին» , -ասում է Արթուր Խաչատրյանը:

Պատերազմից հետո, ըստ գյուղատնտեսության նախկին նախարարի, ունենալու ենք նաև պարենային անվտանգության խնդիր:  Ըստ տնտեսագետների կանխատեսումների՝ տնտեսական ծանր վիճակից կտուժեն նաև գործարարները: Վերջիններս էլ պնդում են, որ այսպես շարունակել չի կարելի:

«Եթե այսպես մնա, վիճակն էլ ավելի կբարդանա: Մինչև ղեկավարությունը չփոխվի, ոչ մի բան դեպի լավը չի գնա և ոչ մի բիզնես էլ չի աշխատի», - ասում է «Ռադիո Ավրորայի» հիմնադիր Միքայել Ջանփոլադյանը:

Ջանփոլադյանի խոսքով՝ տնտեսական վիճակը սկսել է բարդանալ երկրում քովիդի տարածման հետ: Պատերազմն էլ վերջնական հարվածը հասցրեց խարխլված տնտեսությանը:

«Այս պահին երևի 70 տոկոս անկում կա՝ գովազդատուների մասով: Գովազդատուների դեպքում էլ, եթե իրենց բիզնեսը չի աշխատում, մեզ համար էլ է վատ լինում, որովհետև մենք կախված ենք իրենցից», - ասում է Միքայել Ջանփոլադյանը:

Մասնագետների խոսքով՝ բանկային համակարգը կանգնած է խորը ճգնաժամի շեմին: Բանն այն է, որ Հայաստանի բանկերը 1 մլրդ-ից ավելի ներդրում էին արել Արցախի տնտեսության մեջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտով Արցախում տնտեսական նշանակության օբյեկտների առյուծի բաժինն անցնում է թշնամուն։ Խոսքը հարյուր հազարավոր հեկտարների վարելահողի, ՀԷԿ–երի ու հանքերի մասին է։ Բացի այդ՝ մարդիկ Արցախում կորցրել են իրենց տներն ու եկամտի աղբյուրները. վարկերը մարելու գումար չունեն:

«Ի վերջո, արցախցիների վարկերի հարցը պիտի լուծվի: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի բանկերին: Հայաստանյան շատ բանկեր Արցախում մասնաճյուղեր են ունեցել», -ասում է Արթուր Խաչատրյանը:

Տնտեսագետներն ու գործարարները մտահոգված են. պնդում են, որ երկիրը կոլապսից փրկելու ու տնտեսությունը ոտքի հանելու միակ տարբերակը իշխանության հեռացումն է, քանի որ ներկայիս իշխանությունները չեն կարողանում ճիշտ կառավարել իրավիճակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular