Ապրանքների գները կբարձրանան, կունենանք պարենային անվտանգության ու բանկային ոլորտի խնդիրներ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏնտեսագետներն ահազանգում են, որ Հայաստանի տնտեսությունը մոտ ապագայում անկում կապրի և հավելում են, որ տնտեսության վատ դինամիկան կնկատենք արդեն մյուս ամսվանից։
«Տնտեսական վիճակը մեր աչքի առաջ է: Բոլորս տեսնում ենք՝ ինչ վատ վիճակում է Հայաստանի տնտեսությունը: Դրամն արժեզրկվում է, սպասվում է գնաճ, արդեն տեսնում ենք, որ առաջին անհրաժեշտության պարագաներն էականորեն թանկացել են», - այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այս պահին ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի 7 տոկոս անկում:
«Տնտեսական վիճակը, բնականաբար, վատանալու է, որովհետև պետությունը ահագին ծախսեր է կատարել: Հիմա գումարներ պետք է ուղղվեն կորուստների փոխհատուցմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը և պատերազմի հետ կապված այլ ծախսերին» , -ասում է Արթուր Խաչատրյանը:
Պատերազմից հետո, ըստ գյուղատնտեսության նախկին նախարարի, ունենալու ենք նաև պարենային անվտանգության խնդիր: Ըստ տնտեսագետների կանխատեսումների՝ տնտեսական ծանր վիճակից կտուժեն նաև գործարարները: Վերջիններս էլ պնդում են, որ այսպես շարունակել չի կարելի:
«Եթե այսպես մնա, վիճակն էլ ավելի կբարդանա: Մինչև ղեկավարությունը չփոխվի, ոչ մի բան դեպի լավը չի գնա և ոչ մի բիզնես էլ չի աշխատի», - ասում է «Ռադիո Ավրորայի» հիմնադիր Միքայել Ջանփոլադյանը:
Ջանփոլադյանի խոսքով՝ տնտեսական վիճակը սկսել է բարդանալ երկրում քովիդի տարածման հետ: Պատերազմն էլ վերջնական հարվածը հասցրեց խարխլված տնտեսությանը:
«Այս պահին երևի 70 տոկոս անկում կա՝ գովազդատուների մասով: Գովազդատուների դեպքում էլ, եթե իրենց բիզնեսը չի աշխատում, մեզ համար էլ է վատ լինում, որովհետև մենք կախված ենք իրենցից», - ասում է Միքայել Ջանփոլադյանը:
Մասնագետների խոսքով՝ բանկային համակարգը կանգնած է խորը ճգնաժամի շեմին: Բանն այն է, որ Հայաստանի բանկերը 1 մլրդ-ից ավելի ներդրում էին արել Արցախի տնտեսության մեջ։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտով Արցախում տնտեսական նշանակության օբյեկտների առյուծի բաժինն անցնում է թշնամուն։ Խոսքը հարյուր հազարավոր հեկտարների վարելահողի, ՀԷԿ–երի ու հանքերի մասին է։ Բացի այդ՝ մարդիկ Արցախում կորցրել են իրենց տներն ու եկամտի աղբյուրները. վարկերը մարելու գումար չունեն:
«Ի վերջո, արցախցիների վարկերի հարցը պիտի լուծվի: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի բանկերին: Հայաստանյան շատ բանկեր Արցախում մասնաճյուղեր են ունեցել», -ասում է Արթուր Խաչատրյանը:
Տնտեսագետներն ու գործարարները մտահոգված են. պնդում են, որ երկիրը կոլապսից փրկելու ու տնտեսությունը ոտքի հանելու միակ տարբերակը իշխանության հեռացումն է, քանի որ ներկայիս իշխանությունները չեն կարողանում ճիշտ կառավարել իրավիճակը: