ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հրամայականն է՝ մշակել ազգային անվտանգության քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական կուսակցությունները, հասարակական գործիչները ամփոփում են 2020 թվականը: 1or.am-ն այս առիթով զրուցել է Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համանախագահ Միքայել Սողոմոնյանի հետ:

- Պարոն Սողոմոնյան, 2020թ. պատերազմից անցել է կարճ ժամանակ և ներկայում դեռևս շարունակվում են լայն հանրային քննարկումները մինչպատերազմական իրադարձությունների ու դրան նպաստած զարգացումների վերաբերյալ։ Այս առումով ի՞նչն է հատկապես Ձեզ համար ուշագրավ։

 - Արցախը նոր կամ վաղվա Արցախ ստեղծողները, պատերազմից հետո կրկին անցել են իրենց սև գործին։ Ի՞նչ էին անում նրանք մինչև պատերազմը և ինչո՞ւ էին հասել այդ ուժերը հենց պատերազմի նախօրեին: Նորաթուխ հեղափոխականների «Վաղվա Արցախ» կառուցելու «բլեֆը» սկզբում էկզոտիկ ու զվարճալի էր թվում, հետո այդ ամենի մասին շարունակ խոսելը դարձավ դեմագոգիայի դրսևորում, և բոլորն էլ սկսել էին հասկանալ, որ երկրի «հեղափոխականացման» խոստումները պարզապես հայաստանյան իշխանական պատվերն էր։ Հասարակությունն արձանագրեց, որ Արցախի իրականությունից, իշխող վարչակազմից դժգոհ մարդկանց վիրտուալ կամ ֆեյսբուքյան խոստումներով մատուցվող բարիքից բաժին հասավ միայն իշխող վարչակազմի վերարտադրությունը և կյանքի որակի վատացմանը։ Նոր կամ վաղվա Արցախի հիմնադիրների շուրջ հյուսված առասպելները շատ կարճ ժամանակում պայթեցին մինչև վերջ փչած փուչիկի պես։ Նրանց բարձրակարգ մասնագետ, հմուտ կառավարիչ և ուսյալ լինելու մասին հեքիաթներն այդ օրերին հետաքրքիր չէր անգամ քաղաքական կյանքից կտրված մարդու համար, քանի որ նույն այդ մարդուն նյարդայնացնում է փաշինյանական առոգանությամբ ելույթների ներքո տեղի ունեցող քաղաքական առևտուրը։ Մի խոսքով, այդ օրերին նեո-հեղափոխականությունը ձախողվել էր բոլոր ուղղություններով, բայց, թող զարմանալի չթվա, մնում էր իր դերում հենց այն պատճառով, քանի որ Նիկոլ Փաշինյանի համար, զուտ քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից, Արցախում նման ցածր վարկանիշ ունեցող հեղափոխականը ձեռնտու էր։

- Կմանրամասնե՞ք, ինչ նկատի ունեք:

- Այս ուժերը ներկայացնում էին, որ իրենք ընտրությունների արդյունքները չեն ընդունում, որ ընտրված նախագահը լեգիտիմ չէ,  որ Արցախում խորհրդարանական ընդդիմություն չկա և իրենք պետք է լինեն երկրի ընդիմությունը, այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախում ընտրությունները ընթացել են հավուր պատշաճի, որ ընտրվել է լեգիտիմ նախագահ: Արցախի նախագահն էլ իր հերթին առանց ստորակետի տարբերության ընդունում էր Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այս հարցում համընկնում էին Արցախի «լեգիտիմ» նախագահի և «միակ ընդիմադիր» հեղափոխական մարդկանց կարծիքները, չնայած, վերջիններս ներկայանում էին ներկայիս նախագահի ամենակոշտ քննադատողներ և միևնույն ժամանակ ՀՀ վարչապետի արցախյան հետևորդներ և պաշտպաններ: Դա այն էր,  ինչ երազում էր Նիկոլ Փաշինյանը՝ ունենալ Արցախում կամակատար իշխանություն և հլու հնազանդ ընդիմություն: Երկուսն էլ արդեն տևական ժամանակ մրցավազքի մեջ էին,  թե ով է լինելու Նիկոլ Փաշինյանի իրական նվիրյալը, բայց խնդիրն այն էր, որ այդ շահերը ոչ մի կերպ չէին համընկնում հանրային ու պետական շահի հետ։ Մեկ տիրոջ երկու ծառաներն իրար դեմ պայքարում էին ավելի լավ ծառա կոչվելու համար:

 - Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը թիվ մեկ, բայց ոչ գլխավոր պատասխանատուն է։ Ո՞վ կամ ովքե՞ր էին պարտության պատասխանատուները Ձեր կարծիքով։

- Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում, հաղթական լուրերով ժողովրդին խաբելու և մոլորեցնելու միջոցով կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ ստորագրվեց, որի ողջ պատասխանատվությունը այո՛ կրում է Նիկոլ Փաշինյանը և առանց ստորակետի տարբերության Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ընդունող Արցախի նախագահը: Բայց արդյո՞ք այս դավադրությանը մասնակից չեն նաև Արցախում իրենց կողմից ներդրված հեղափոխականները, որոնք հատուկ պատվերով փորձում են ամեն ինչ սևացնել: «Չեմլռելու, որովհետև նույնաձև ամեն ինչը չպիտի շարունակվի... » հայտարարում են Նիկոլ Փաշինյանի Արցախում կամակատար իշխանությունը և հլու հնազանդ ընդիմությունը, բայց արդյո՞ք նույն կերպ իրենք չեն շարունակում իրենց դեստրուկտիվ վարքագիծը:

- Ինչու եք Արցախի ներկայիս ղեկավարներին համարում դեստրուկտիվ:

- Իսկ դժվա՞ր է նկատել, որ Արցախի բարոյապես ոչ լեգիտիմ իշխանությունը և այս արհեստական ընդիմությունն իրենց գործողություններով քողարկում են Նիկոլի իրական հանցագործությունները հայ ազգի նկատմամբ: Փաշինյանի հլու հնազանդ ընդիմությունը  Արցախի կամակատար իշխանությունից այսօր պատվեր է ստացել, որ քննադատի իշխանությանը: Պետք է ասեն, որ ամեն ինչ վատ է, պետք է ասեն, որ մենք ենք առաջնային դիրքերում և միակ ընդդիմությունը՝ հանրապետությունում։ Այդ ընթացքում սևացնեն ազգային մտածողներին, հայեցի գործողներին: Պառակտեցին հասարակությանը և բաժանեցին սևերի և սպիտակների, սա՞ է ընդդիմությունը: Արցախն այլևս այդ խոսքերը լսելու կարիք չունի, այլ կոնկրետ քայլերի, կոնկրետ խոսքերի, կոնկրետ առաջարկությունների կարիք ունի։ Եվ անցել են այն ժամանակները, որ ամեն ինչ սևացնելով, «ամեն ինչ վատ է» սկզբունքով հաջողությունների կարելի է հասնել։

- Ձեր մատնանշած իրականությունն ի՞նչ մարտահրավեր է նետում Արցախին ու մսնավորապես՝ «Արդարություն» կուսակցությանը, ինչպիսի՞ պատկերացումներ ունեք ապագայի վերաբերյալ։

 - Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի Արցախում այլևս չգեներացվեն կեղծ օրակարգեր և չշեղեն հասարակության ուշադրությունը այն հիմնախնդիրներից, որոնց առջև կանգնած ենք բոլորս: Թույլ չենք տալու, որպեսզի կրկնվի 2020 թվականի համապետական ընտրությունների ժամանակ տեղի ունեցածը՝ երբ բազմաթիվ «ընդիմադիր խմբակներ» շեղեցին հասարակության ուշադրությունն իրական ընդդիմությունից և օգնեցին գործող իշխանության վերարտադրմանը: Այսօրվա հրամայականն է՝ մշակել ազգային անվտանգության քաղաքականություն, ռազմավարություն, հայեցակարգ, ուղենշելու համար, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի: Հակառակ դեպքում կփաստենք, որ մենք ունակ չեղանք դասեր քաղելու և վերակազմակերպվելու:

 

Վերա Ներսիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular