ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքան գումար կտնտեսեն սպառողները գազի գնի իջեցումից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսել է գազամատակարար ընկերության ներկայացրած սակագնային հայտի ուսումնասիրությունը։ Հանձնաժողովը պատրաստվում է այն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում, որպեսզի նոր սակագները գործողության մեջ մտնեն հաջորդ տարվա հունվարի 1–ից։ Այսինքն՝ այն պահից, երբ կլրանա սակագնային նախորդ փոփոխության վեց ամիսը։ 
Հիշեցնենք, որ էներգետիկայի մասին օրենքը թույլատրում է վերանայել սակագները գործողության մեջ մտնելուց առնվազն վեց ամիս հետո։ Գործող սակագները կիրառվում են հուլիսի 1–ից։ 

Հազվադեպ երևույթ է, որ սակագները վերանայվելու են կիրառվելուց ընդամենը վեց ամիս հետո։ Առավել ևս, երբ խոսքը նվազման մասին է, որի նախաձեռնությամբ հանդես է գալիս գազամատակարար ընկերությունը։ 

Պարզ հաշվարկներով, գազի սակագնի նվազեցման արդյունքում հայաստանյան բաժանորդները կխնայեն տարեկան գրեթե 30 մլն դոլար։ Եթե հաշվի առնենք, որ դա տեղի է ունենալու գազի գնի նախորդ նվազեցումից ընդամենը վեց ամիս հետո, ապա ֆինանսական արդյունքը շատ ավելի մեծ կլինի։ Հուլիսի 1–ից գործողության մեջ մտած սակագների տարեկան տնտեսումը ևս գնահատվում է առնվազն 30 մլն դոլար։ 

Իհարկե, տնտեսումների հիմնական մասը բաժին է ընկնում խոշոր սպառողներին կամ տնտեսությանը։ Սակայն օգտագործվող գազի դիմաց բավական լուրջ գումարի խնայողություն կունենան նաև բնակիչ–սպառողները։ Առավել ևս` անապահով խավերը։ 
Մոտավոր հաշվարկներով, գազի սպասվող էժանացման արդյունքում բնակչության մոտ ձևավորվող խնայողությունը հասնում է գրեթե 10 մլն դոլարի։ Մնացած շուրջ 20 միլիոնը բաժին կհասնի տնտեսության հատվածին։ Այսինքն՝ տնտեսվարողներն օգտագործված նույն քանակությամբ գազի դիմաց գազամատակարար ընկերությանն այդքանով պակաս կվճարեն, ինչը քիչ գումար չէ Հայաստանի տնտեսության համար։ 

Սակագների նվազեցումը լուրջ նշանակություն կունենա հատկապես ջերմոցային տնտեսության և վերամշակմամբ զբաղվող կազամակերպությունների գործունեության համար։ Այն կնպաստի ինչպես արտադրության ծավալների ավելացմանը, այնպես էլ արտադրանքի մրցունակության բարձրացմանը։ Գաղտնիք չէ, որ մի կողմից տնտեսական ոչ բարվոք պայմանների, մյուս կողմից գազի թանկ լինելու պատճառով վերջին տարիներին բազմաթիվ փոքր ջերմոցային տնտեսություններ ստիպված էին ձմռան ամիսներին դադարեցնել իրենց գործունեությունը։ Սա լավ հնարավորություն կլինի այդ պրակտիկայից հրաժարվելու համար։ 

Գազի էժանացումը կարևոր խթան կհանդիսանա ոլորտում ներդրումների ներգրավման ճանապարհին։ 

Սակագների իջեցումն անշուշտ դրական ազդեցություն կունենա նաև տնտեսության այլ ոլորտներում արտադրության ինքնարժեքի նվազեցման, մրցունակության բարձրացման վրա։ Սակայն շատ կարևոր է, որպեսզի տնտեսավարողներն այդ հնարավորություններն արդյունավետ օգտագործեն և գազի սակագնի նվազեցումը ծառայեցնեն նաև իրենց արտադրության արտադրողականության բարձրացմանը։ Մի բան, ինչը արտաքին ու ներքին սպառման շուկաներում կավելացնի նրանց մրցակցային հնարավորությունները։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular