ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաց սահմանների դեպքում տնտեսական էքսպանսիայի վտանգ կա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վերջերս հայտարարել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան։ Այդ թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ` հասկանալու համար թե ինչպես կարելի է լուծել Հադրութի և մյուս շրջանների դեօկուպացիայի հարցերը։

— Պարոն Բաղդասարյան, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում Արցախի կարգավիճակի հարցն առաջ տանելու ուղղությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ի՞նչ աշխատանքներ պետք է տանել այս և ԼՂ հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ։

— Մեր հիմնական նպատակը պետք է լինի Արցախի կարգավիճակի հարցը գոնե քաղաքական օրակարգում թողնելը։ Հասկանալի է, որ դա արագ չի լինի և պարզ է, որ մեր դիրքերը թուլացել են բավականին, բայց մեզ համար շատ կարևոր է շարունակել կարգավիճակի հստակեցման հարցով քննարկումները։ Չնայած որ դրան Ադրբեջանը դեմ է, մենք պետք է փորձենք համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որովհետև այնտեղ էլ կարծես կա այն մոտեցումը, որ խնդիրը վերջնականապես կարգավորված չէ և Արցախի հարցը հստակեցված չէ։ Այսինքն այդ հարցում մեր և համանախագահների դիրքորոշումները համընկնում են։ Մենք ամեն ինչ պետք է անենք նախ այդ ֆորմատը պահպանելու համար և կարգավիճակի շուրջ բանակցությունները օրակարգում թողնելու համար։

— Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ հայկական կողմի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան։ Ինչպե՞ս կարելի է լուծել Հադրութի և մյուս տարածքների դեօկուպացիայի հարցերը։

— Ըստ երևույթին հարցը հնարավոր է դիտարկել միայն փախստականների վերադարձի համատեքստում, որքանով  որ դա մեզ համար ցանկալի չլինի, որովհետև այդ համատեղ հայտարարությունների կետերից մեկը վերաբերում է փախստականների վերադարձին, բայց փաստորեն միայն ադրբեջանցի փախստականների մասին է խոսվում։ Մեր նպատակը պետք է լինի հարցում ներառել նաև հայ փախստականների վերադարձը Հադրութի և Ասկերանի շրջանի հատվածները և այդ տարածքները, որպես ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի  ներառելը։ Այսինքն, հարցի թեկուզ ժամանակավոր լուծումը միայն դա է։ Պետք է ընդլայնել ռուս խաղաղապահների վերահսկողության գոտին և ապահովել այնտեղ հայ փախստականների վերադարձ։

— Մոսկվայում ապաշրջափակման ու ճանապարհների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո ներկայացվում է, որ Հայաստանի համար սա զարգացման հնարավորություն կարող է լինել։ Ի՞նչ ռիսկեր եք տեսնում այս ծրագրում։

— Իրականում այդտեղ կան բազմաթիվ ռիսկեր և այդ ռիսկերի հիմնական պատճառը անորոշություններն են, այն անորոշությունները, որ կան այդ հարցում։ Օրինակ, հասկանալի չի թե այդ ճանապարհները ովքեր պետք է կառուցեն, ովքեր պետք է վերանորոգեն, ում վերահսկողության տակ պետք է լինի։ Այս հարցերում կան անորոշություններ, որովհետև եթե Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհի անվտանգությունը պետք է ապահովի ադրբեջանական կողմը, իսկ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը ռուսները, ապա դա նշանակում է Հայաստանի ինքնիշխանության որոշակի կորուստ և սուվերենության կորուստ։ Այստեղ կան լուրջ վտանգներ։ Իրականում նաև այդտեղ կա զարգացման իրական պոտենցյալ, բայց դա արդեն մեզնից է կախված՝ թե դա մեզ համար փորձանք կդառնա, թե զարգացման երաշխիք կստեղծի։ Եթե մենք կարողանանք պահպանել Հայաստանի սուվերեն իրավունքները այդ ճանապարհի վրա, այո դա կարող է դրական ազդեցություն ունենալ, բայց կան բավականին վտանգներ. տնտեսական էքսպանսիայի վտանգ կա, որովհետև մենք բավական կենսունակ տնտեսություն չունենք, որ բաց ճանապարհների դեպքում մրցակցության մեջ մտնենք և ավելի հավանական է, որ մենք դրանից կտուժենք։ Այսինքն մենք պետք է նախադրյալներ ստեղծենք զարգացման համար։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular