ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարեգործությունը լավություն չէ, այլ պարտականություն». բարեգործները՝ իրենց կատարածի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի սկզբին հակառակորդի սանձազերծած պատերազմի ժամանակ և դրանից հետո հասարակությունը ոտքի կանգնեց ոչ միայն ֆիզիկապես, այլև նյութապես՝ օգնելու Արցախի կառավարությանն ու ժողովրդին:

Արցախի Հանրապետության կառավարության հատուկ հաշվեհամարին մայիսի 2-ի դրությամբ ԼՂՀ-ի արտաբյուջետային հաշվին մուտքագրված հանգանակված գումարները կազմում են 2,043,861,114 դրամ, 2,892,107դոլար, 70,203 եվրո և 57,147,032 ռուսական ռուբլի:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է Պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: ԼՂՀ կառավարությունն Արցախի ողջ բնակչության անունից իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում:

Orer.am-ը փորձեց հայ գործարարների հետ զրույցում պարզել, թե վերջիններս ինչ ներդրում են ունեցել այս հայրենանվեր գործում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից Orer.am-ին տեղեկացրեցին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500-հազարական դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին: Ընկերությունը կմարի նրանց էլեկտրաէներգիայի օգտագործման դիմաց գոյացած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի նրանց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախին փոխանցվել է 500 հազար դոլար և 2000-ական դոլար է տրամադրվել ապրիլյան պատերազմի օրերին զոհվածների ընտանիքներին:

«Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է Արցախի Հանրապետության հետ և նույնիսկ բազմաթիվ շնորհակալագրեր է ստացել թե´ Արցախից, թե´ ՀՀ ՊՆ-ից, որոնցից վերջինն ստացել են ապրիլի 12-ին՝ ԼՂՀ փոխվարչապետի կողմից:

Նա նաև հավելեց, որ «Սիլ գրուպ» բարեգործական հիմնադրամը կրթական, սոցիալական, մշակութային ծրագրերի է մասնակցում և վերջին շնորհակալագիրը, որը ստացել են Արցախի կառավարությունից, արցախյան տնաշինության ծրագիրն է եղել, որի շրջանակում կառուցված բնակարանները պետք է տրամադրվեն երիտասարդ ընտանիքներին:

«Այսինքն՝ մեր կողմից Արցախին ցուցաբերած օգնությունը մեկանգամյա չէ, այլ տարիների պատմություն ունի»,- ասաց Ա. Մկրտչյանը:

Գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից Գագիկ Ծառուկյանի անմիջական հանձնարարությամբ մի շարք ծրագրեր են իրականացվել:

«Առաջնահերթ՝ առաջնագիծ է ուղարկվել զինվորներին անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ դեղորայք: Դրանից զատ՝ Գագիկ Ծառուկյանը նաև ֆինանսական աջակցություն է տրամադրել, որի չափը բարձրաձայնելը նպատակահարմար չեմ գտնում, դա նաև Գագիկ Ծառուկյանի մոտեցումն է: Եթե անհրաժեշտություն լինի օգնության չափի մասին բարձրաձայնել, ապա համապատասխան մարմիններից կարող եք տեղեկանալ տրամադրված ֆինանսական աջակցության չափի մասին, սակայն ուզում եմ տեղեկացնել, որ այդ օգնությունը չի եղել միանվագ: Դա շարունակական է և այս պահին էլ, անհրաժեշտության դեպքում անձնապես Գագիկ Ծառուկյանի կողմից համապատասխան ֆինանսական աջակցություն ցուցաբերվում է»,- ասաց Ի. Տոնոյանը:

«Էլիպս» և «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունների համասեփականատեր Ալեքսան Զաքարյանն էլ Orer.am-ին տեղեկացրեց, որ կտրականապես դեմ է բարձրաձայնել իրենց ցուցաբերած օգնության մասին, քանի որ իրենք ոչ թե լավություն են անում, այլ իրենց պարտքն են կատարում.

«Մենք կոնկրետ հարցեր ենք լուծում և հարցերը լուծում ենք շարունակական: Ոչ թե մեկ օրում ինչ-որ բան ենք տալիս ու կանգնում, ասում այդ մասին, այլ դա անում ենք շարունակական: Ես չեմ կարծում, որ դա գովազդի համար է արվում: Մենք լավություն չենք արել, որ մեզ շնորհակալություն հայտնեն: Օրինակ՝ մեր աշխատողները բազմիցս գումար են հավաքել և փոխանցել, բայց դա նրանց անձնական գործն է, և ես չեմ էլ հետաքրքրվել, թե ով ինչքան գումար է տվել: Մարդը կարող է իր վերջին տասը դրամն է տվել, հարց է ծագում՝ ե՞ս եմ շատ գումար տվել, թե՞ ինքը:

Այդ տղաները գնացել են սահման, կռվում են, ցավոք, զոհվում են, վիրավորվում են և հիմա մենք նրանց լավությո՞ւն ենք անում, ես չեմ հասկանում: Մեր պարտքն է օգնել այդ ընտանիքներին, որը պետք չէ գովազդել: Եթե օգնություն ստացողը կգտնի նպատակահարմար, կա´մ կասի, կա´մ չի ասի այդ մասին, բայց կարծում եմ, որ մենք մեր պարտքն ենք կատարում, որովհետև չենք կարողացել գնալ-կռվել, քանի որ մեր աշխատանքն ենք կատարում և նրանք մեր փոխարեն գնացել և մեզ են պաշտպանում: Իսկ այն, ինչ մենք կատարում ենք, մեկանգամյա չէ, միշտ էլ արել ենք, հիմա ավելի շատ ենք անում, բայց, թե ինչ ենք անում, դա մենք գիտենք, մեկ էլ նրանք, ում համար անում ենք»,- ասաց Ալեքսան Զաքարյանը:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular