ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիեւը պատերազմելու «դաբռո՞» է ստացել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Lragir.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնել է սահմանի հարավային հատված: Ադրբեջանական ԶԼՄ-ները հատուկ նշում են, որ նա զինվորական հագուստով է եղել:
Նախօրեին Ալիեւը նամակ էր ուղարկել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Թրամփին շնորհավորելով, Ալիեւը նամակը գրեթե ամբողջությամբ նվիրել էր Ղարաբաղի խնդրին եւ դրա «արդարացի լուծման» պահանջին: Դրանում հիշատակվում են «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավումը», ՄԱԿ-ի 4 բանաձեւերը, միջազգային տարբեր կազմակերպությունների բազմաթիվ բանաձեւերը եւ դրանց կատարման անհրաժեշտությունը:

Նամակն ըստ էության հիշեցնում է վերջնագիր: Ընդհանրապես, Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունները հիշեցնում են գլոբալ շանտաժ, ամենաթողության եւ պատերազմի վերսկսման սպառնալիքներ: Նամակում, օրինակ, խոսք չկա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Հետաքրքիր է, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը «պատասխանել» էր Ալիեւին, նրան հիշեցնելով հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պայմանավորվածությունները:

Ադրբեջանը լայնածավալ զորավարժություն է սկսել, որը տեւելու է նոյեմբերի 11-18-ը: Այդ մասին Ադրբեջանը պարտավոր էր տեղեկացնել միջազգային կառույցներին, սակայն դա չի արել: Ներգրավված է մոտ 60 հազար զինծառայող, մեծ քանակությամբ տեխնիկա: Զուգահեռ, հայտարարվել է, որ Ադրբեջանը իբր պաշտպանական համակարգերի մատակարարման համաձայնություն ունի Իսրայելի հետ եւ շուտով մեծ քանակի սպառազինություն է ստանալու Պակիստանից: Թեեւ, սա ավելի շատ բլեֆ է, քան իրականություն:

Ադրբեջանում պատրաստվում են ընդունել ռազմական դրության մասին նոր օրենք, որը խստացվելու է նախորդ նման ակտերի համեմատ:
Զուգահեռ, վերջին շրջանում Ադրբեջանը սրել է իրավիճակը սահմանին, մասնավորապես Արցախի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածներում, Թալիշի շրջանում:
Այս ֆոնին, Ալիեւը զինվորական հագուստով հայտնվում է հարավային հատվածում, այդ թվում Լելե Թեփեում, որտեղ ահռելի ամրություններ են կառուցվել:

Հետաքրքիր է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո հարավային սահման էր այցելել նաեւ Սերժ Սարգսյանը, բայց՝ քաղաքացիական հագուստով, Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի հետ: Դա սահմանի այդ հատվածի «ճանաչումն» էր: Սակայն նա հյուսիսային սահման՝ մասնավորապես Թալիշի հատված, չայցելեց, որտեղ հայկական կողմը եւս ունեցել էր տարածքային կորուստ: Սահմանի այդ հատվածը փաստացի «բաց» էր մնացել:

Վերջերս ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամ եւ սկսել Թալիշի վերաբնակեցումը: Դժվար է ասել՝ ում նախաձեռնությամբ եւ ինչ նպատակով էր այդ հայտարարությունը, սակայն Ադրբեջանում նման «նրբությունները» բավական սուր են ընկալում: Բանն այն է, որ ապրիլյան պատերազմում Ալիեւի նպատակներից մեկն էլ հայկական որեւէ բնակավայր գրավելն էր, եւ «ամենահարմարը» հենց Թալիշն էր: Այդ օրերին Ադրբեջանը հայտարարում էր մեկ Մատաղիսի, մեկ Թալիշի գրավման մասին, եւ Ադրբեջանի հանրությունը մինչ օրս համոզված է, որ Թալիշը գտնվում է իրենց վերահսկողության տակ:

Շարմազանովի հայտարարությունը ծանր հարված էր այդ «հավատամքին»: Հենց այդ հատվածում Ադրբեջանը գնաց իրավիճակի լարման, հատկապես վերջին երկու օրերին:
Ընդհանրապես, հայկական քաղաքականության բնույթն արդեն չափազանց լուրջ վտանգ ու սպառնալիք է դառնում: Նաեւ այդ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը փաստացի «ստացել» է պատերազմի իրավունք եւ հայկական կողմի հանդեպ վախերը հաղթահարելու հնարավորություն:

Ինչ ասես արժեր միայն իսկանդերների պատմությունը, երբ հայտարարվեց, որ դրանք հայկական կողմը ուներ նաեւ ապրիլյան պատերազմից առաջ: Սակայն հարցին, թե ինչու դա չի կիրառվել, հայ պաշտոնյաներն ու մերձ շրջանակները հակադարձում էին, թե դա լայնածավալ պատերազմի կհանգեցներ:

Ի՞նչ կարիք կար ընդհանրապես այդ մասին խոսել ու նման «թեզեր» առաջ քաշել: Փաստացի, Ադրբեջանին «երաշխիքներ» տրվեցին, որ եթե չլինի «լայնածավալ պատերազմ», հեռահար զենքերը չեն կիրառվելու:

Իսկ Ադրբեջանին ամենեւին էլ պետք չէ «լայնածավալ պատերազմը», նա ստացել է «լոկալ» պատերազմներով իր խնդիրները լուծելու եւ գլոբալ շանտաժի «իրավունքը»:
Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը պատրաստվո՞ւմ է այցելել Թալիշ, եւ ի՞նչ հագուստով՝ քաղաքացիակա՞ն, թե զինվորական: Եվ ինչու Ալիեւը հարավային հատված չի այցելել քաղաքացիական հագուստով, ինչպես Սարգսյանը Սանկտ Պետերբուրգից հետո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular