ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս իշխանությունն իրավունք չունի ներկայացնելու մեր երկիրը. Արտակ Թովմասյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աննախադեպ վիճակ է, պետք է հասկանալ մեր գեներալների ղեկավար կազմի դերը, չէ՞ որ վարչապետի հրաժարականի պահանջի տակ ստորագրել է ավելի քան 40 բարձրաստիճան զինվորական, այսինքն՝ նրանք կիսում են դրա պատասխանատվությունը. իշխանությունները չեն կարողանում ապահովել մեր սահմանների պաշտպանությունը, դա դժվարացնում է բանակի պահվածքը, իշխանության այս աժիոտաժը շինծու է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը:

«Վարչական դատարանի որոշումից են կախված Օնիկ Գասպարյանի շուրջ հետագա զարգացումները: Դատավորները, քաղաքական շրջանակները ենթարկվում են ճնշումների, շանտաժի, մանիպուլյացիաների: Ժողովրդավարությունն այսպես չի իրականացվում: Հասարակությունը պետք է իր քայլերը ձեռնարկի, վերջին երեք տարում տեսնում ենք միայն սուտ և պոպուլիստական հայտարարություններ, ոչ թե կոնկրետ քայլեր, որոնք խոսք էին տրվել»,- ասել է քաղաքական գործիչը:                                                                

Ըստ Թովմասյանի՝ պետք է կենտրոնանալ խորհրդարանի վրա և պատգամավորներին ներքաշել քաղաքական երկխոսության դաշտ. «Պատգամավորները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը, նրանք են իշխանության նշանակողը, նրանք էլ կարող են ազատել: Մենք խորհրդարանական պետություն ենք, բայց մտածում ենք նախագահական մոտեցմամբ: Կան շատ մարդիկ և՛ այստեղ, և՛ Սփյուռքում, որոնց համար սա աթոռի կռիվ չէ: Իշխանության փոփոխության համար պետք է ճնշում գործադրվի: Մեր պատգամավորները, հասկանալով ստեղծված իրավիճակը, կարող են վարչապետի նոր թեկնածու առաջադրել»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ մարդկանց դժգոհությունը քաղաքականապես չի ձևակերպվում, դրանով է պայմանավորված շատերի պասիվությունը. «Մոտեցումները պետք է լինեն Սահմանադրության շրջանակում, այդպես հնարավոր կլինի խուսափել ցնցումներից: Այսօր պետք է հարցեր ուղղել ԱԱԾ-ին և Գլխավոր դատախազությանը: Գլխավոր շտաբն իր բոլոր գեներալներով պահանջում է վարչապետի հրաժարականը, այսինքն՝ դրա համար ինչ-որ հիմք ունեն: Իսկ ի՞նչ է անում ԱԱԾ-ն: Մենք ունեցել ենք պատերազմ և խայտառակ պարտություն, որի համար իշխանությունը մեղադրում է բանակին, բանակն էլ՝ իշխանությանը: Ժամանակը ցույց տվեց, որ վարչապետն ամենաշատն իրեն է սիրում, ոչ թե ազգին: Նա բացեիբաց ասում է, որ հնարավորություն ուներ կանգնեցնելու պատերազմը, բայց դա չի արել»:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ այս իշխանությունը չունի ո՛չ ձիրք, ո՛չ մոտեցում, հետևաբար՝ իրավունք չունի ներկայացնելու մեր երկիրը, քանի որ չի արձագանքում Ալիևի՝ մեր արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններին: «Այս իշխանությունն անգամ չի հրապարակել գերիների, անհետ կորածների և զոհերի ստույգ թիվը: Պատերազմի սկսվելու պատճառն է պետք հասկանալ, միգուցե դա «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությո՞ւնն էր: Դա ստիպում է մտածել, որ մեր իշխանության կողմից եղել է դավաճանություն կամ դավադրություն»,- ամփոփել է Արտակ Թովմասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular