ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասվում է -22 աստիճան ցուրտ. Հայաստանում այսպիսի ջերմաստիճան սովորաբար լինում է հունվարին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Armtimes.com-ը գրում է.

Ինչպես եւ կանխատեսվել էր, այսօրվանից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը մեր հանրապետության տարածք սկսվել է: Հայաստանում օդի ջերմաստիճանը նվազել է՝ Աշոցքում գիշերը հասնելով մինչեւ -22 աստիճան ցրտի:

Այս պահին Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Արցախում ամպամած է, առանձին հատվածներում թույլ ձյուն է տեղում: Մեզ հետ զրույցում «Հիդրոմետ» ծառայության տվյալները ներկայացրեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Ցերեկը նույնպես բացասական ջերմաստիճաններ են գրանցվել: Օրինակ Գորիսում -4-ից չի բարձրացել, Լոռիում էլ էր շատ ցուրտ, Տավուշում էլ, Սյունիքում էլ:  Այդ հատվածներում ամպամածությունը վաղվանից կցրվի, եղանակը կպարզի, գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի»,- ասաց Սուրենյանը:

Նրա փոխանցմամբ՝ մինչեւ նոյեմբերի 23-ը ներառյալ արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կիջնի: Երեւանում արդեն նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին՝ հազիվ կհասնի +3+4 աստիճանի:

«Ու առհասարակ, առաջիկա 5 օրերին մենք գտնվելու ենք սիբիրական անտիցիկլոնի ազդեցության գոտում, որն արտակարգ ցրտեր է առաջացրել Ռուսաստանի սիբիրական հատվածում: Մոտ 3-4 հազար կիլոմետր տարածք գտնվում է անոմալ անտիցիկլոնի ազդեցության տակ, ջերմաստիճանը -40-45 է, որի հետեւանքով մի շարք դպրոցներ փակ են»,- ընդգծեց օդերեւութաբանը:

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանում եւս ջերմաստիճանը այդքան կնվազի՝ Սուրենյանը պատասխանեց. «Երեկ Հայաստանից մոտ 300 կմ հյուիսով անցել են մինչև -25 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային հոսանքներ: Ես նշել եմ, որ եթե հանկարծ դրանք մտնեին մեր երկիր, Երևանում -20 աստիճան սառնամանիքը պատրաստ էր: Դրանք ներխուժել են Վրաստան՝ առաջացնելով ուժեղ փոթորիկ: Երեկ գիշերը շատ ուժեղ փոթորիկ է եղել Վրաստանում, հսկայական վնասներ կան եւ ջերմաստիճանը արտակարգ նվազել է: Փառք Աստծո, դա մեզ շրջանցեց, բայց էլի ներթափանցում եղավ եւ օդի ջերմաստիճանը նվազեց»:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր են նման քամիներ՝ Գագիկ Սուրենյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ Վրաստան ներխուժելուց հետո այդ ճակատն անցել է:

Խոսելով առաջիկա 5 օրերի մասին՝ Սուրենյանն ասաց, որ ըստ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների առաջիկա 5 օրերին մեր երկրում առանց տեղումների եղանակ է կանխատեսվում:

«Ամպամածություն հիմնականում չի լինի, ջերմաստիճանի բարձրացում չենք կանխատեսում»,- վստահեցրեց նա:

Ի դեպ, մեր հարցին ի պատասխան օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալը հայտնեց, որ ամենացածր ջերմաստիճանը վաղը գիշերը սպասվում է Աշոցքում (-22-23 աստիճան), Վարդենիսի հատվածում (մինչեւ -20):

«22-ի լույս 23-ի գիշերը կլինի ամենացուրտ օրը: Սպասվում է -22 աստիճան ցուրտ, որը նոյեմբերի համար բավականին անոմալ ջերմաստիճան է Հայաստանի դեպքում: Մեզ մոտ նման ջերմաստիճան սովորաբար լինում է հունվարին»,- ասաց Սուրենյանը:

Նա նաեւ հայտնեց, որ նոյեմբեր ամսվա վերջին բավականին լուրջ ցիկլոն է մոտենում մեր երկրի տարածքին Սկանդինավիայի շրջաններից, որի հետագիծն այս պահին ուսումնասիրվում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular