ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսավոր Հայաստանի կողմից Փաշինյանի «գլխին սև ամպեր են կուտակվում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մտադրված է խախտել քաղաքական պայմանավորվածությունները, ավելի ճիշտ՝ կարևոր քաղաքական գործընթացներից առաջ փոխելու խաղի կաննոններն ի օգուտ իր իշխանության վերարտադրության: Արդեն քննարկել ենք այն հարցը, որ Նիկոլը, տուրք տալով իր գրպանային արտախորհրդարանական ուժերի և սորոսական հատվածի ճնշումներին, նախաձեռնել է Ընտրական Օրենսգրքի փոփոխություններ, որի նպատակն է այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգից անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Այլ փոփոխություններ ևս նախատեսվում են, դիցուք, կոալիցիաների ձևավորման հարցը, որը խնդրահարույց հարց է, քանի որ իշխանությունները ցանկանում են կառավարություն ձևավորելու մենաշնորհով օժտել առավել շատ ձայներ հավաքած քաղաքական ուժին:

Նպատակը հետևյալն է՝ եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 50 և ավելի տոկոս չհավաքի, այլ դիցուք 20 տոկոս և այդ ցուցանիշը լինի ամենաբարձրը, ապա նրան է վերապահվելու իշխանություն ձևավորելու առաջնային իրավունքը: Այս մոտեցումը հակաժողովրդավարական է միանշանակ, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե նմանատիպ խութեր չներառեր Ընտրական օրենսգրքում: Ի դեպ, խնդիրն այն չէ, թե ռեյտինգային համակարգը կատարյալ մոտեցում է, այլ այն, որ խաղի կանոնների հապճեպ փոփոխությունները կարող են բերել հավելյալ խնդիրների և քաղաքական ցնցումների՝ ի սկզբանե կասկածի տակ դնելով ընտրությունների լեգիտիմությունը: Այդուհանդերձ, այս փոփոխություններին դեմ է Լուսավոր Հայաստան կուսակցությունը, որը հստակ ներկայացրել է իր առարկությունները: Սակայն, ինչպես սպասելի էր, իշխանություններն անդրդվելի են, ինչը բերելու է ԼՀԿ-ի հետ քաղաքական լրջագույն առճակատման: Լսելով վերջինիս քաղաքական հռետորաբանությունը՝ ակնհայտ է դառնում, որ իշխող ուժի և ԼՀԿ-ի միջև այլևս խորը բաժանարար գիծ է գծվում՝ ԼՀԿ-ին մղելով առավել արմատական ընդդիմադիր դաշտ: Նկատի ունեմ՝ ինչքան էլ Լուսավոր Հայաստանի գործունեությունը դասական ոճի մեջ է ու գերազանցապես կանխատեսելի, ինչը քաղաքական տեսանկյունից ճիշտ է, այնուամենայնիվ իշխող ուժը Էդմոն Մարուքյանին այլընտրանք չի թողնում, քան դառնալ հակափաշինյանական գլխավոր բևեռներից մեկը:

Այդուհանդերձ արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանը, ի դեմ Լուսավոր Հայաստանի, հերթական քաղաքական ուժին է մղում առավել արմատական դաշտ, ինչը նշանակում է, որ Նիկոլը ավելացնում է իր «գլխին կուտակված սև ամպերի չափաքանակը»: Ինչ-ինչ, բայց Լուսավոր Հայաստանի պատգամավորական թիմն ունակ է թե՛ օրենսդրական, թե՛ այլ հարթակներում իսկական ճակատամարտ տալ իշխող ուժի դեմ: Հարկ է նաև ընդգծել, որ իշխող ուժի համար սովորոբար գլխացավանք են դառնում ոչ թե այն ուժերը, որոնք հակված են այսպես ասած «կոշտ գործողություններով պայքարի» այլ այն ուժերը, որոնք հակված են դասական մոտեցումներով պայքարին, քանի որ վերջիններս հստակ գիտեն, թե ինչ են անում և ինչ նպատակով: Լուսավոր Հայաստանը վերջին կատեգորիայի քաղաքական ուժերի խմբի մեջ է մտնում:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular