ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամեն օրը նոր փլուզում է. իշխանությունների հիմնական խնդիրը ժամանակ շահելն է». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանն իր համար խնդիր չլուծեց: Արտահերթ ընտրությունների մասին հայտարարելը միայն ավելացնում է Փաշինյանի խնդիրները: Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք քաղաքական իրավիճակին, սպասվելիք ընտրություններին, խոսել նաև Մարտի 1-ի գործի հանգուցալուծման մասին:

«Ես չեմ կարող ասել, որ ընտրությունների անցկացման որոշումն ընդդիմության ճնշման արդյունքում եղավ, որովհետև մինչ այս էլ երկու անգամ հայտարարվել էր ընտրությունների մասին, բայց այդ երկու հայտարարությունների ժամանակ ընդդիմության կողմից ամենաբարձր ճնշման փուլերը չէին: Այսօր Հայաստանի հանձնման կամ Հայաստանի ապագայի հետ կապված նոր փուլ է եկել: Այսինքն, պատերազմական փուլն անցավ, և հիմա Հայաստանում ուզում են ինչ-որ ինտեգրացիոն պրոյեկտներ մշակել, ինչի համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը բարձր լեգիտիմություն ունենա: Նրանից պահանջում են, որ հաստատի իր լեգիտիմությունը, և այդ պատճառով էլ գնում է ընտրությունների: Նա պետք է հաստատի իր լեգիտիմությունը, բայց ընտրություններն իր համար մեծ գլխացավանք են լինելու՝ կապված թե՛ իր թիմի, թե՛ քաղաքական ընդհանուր լանդշաֆտի հետ: Ըստ այդմ, ընտրություններն այդքան էլ հեշտ գործընթաց չեն ենթադրելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումն արտաքին դաշտից թելադրված օրակարգ է:

«Այն պարտադրված օրակարգ է, որովհետև սրանից հետո, այսպես կոչված, տարածաշրջանային ինտեգրացման պրոյեկտները Հայաստանում շատ ավելի վստահելի իշխանություն են պահանջելու: Մյուս կողմից՝ արտահերթ ընտրությունները միարժեքորեն չեն լուծի Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամը, որովհետև արդեն իսկ երևում է, որ ընտրությունները սարսափելի կեղծիքներով են անցկացվելու: Իսկ քաղաքական ճգնաժամը լուծելու համար նախևառաջ երկրում անհրաժեշտ է երկխոսություն հաստատել, բայց հիմա նորից երկպառակության խորացում է գնում»,-նկատեց Ա. Ենոքյանը:

Ամեն դեպքում, ըստ քաղաքագետի, արդեն քարոզարշավի նախնական ուրվագծերը երևում են. «Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սկսել է իր քարոզարշավը: Գնում է շրջաններ և խոսում է իր ապագա ծրագրերի մասին: Բացի այդ, ընտրությունների նախօրյակին ժողովրդի համար ինչ-որ լավ բաներ անելու պատրաստություններ ևս կան: Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ երկու-երեք կուսակցությունների դաշինք է գլխավորելու: Մի շարք քաղաքական ուժեր ևս հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին»:

Անդրադառնալով ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ այստեղ իշխանական թիմի համար կան և՛ դրական, և՛ բացասական հանգամանքներ. «Դրականն իրենց համար երևի այն է, որ էլ գլուխ չեն ջարդի այնպիսի անուններ գտնելու համար, որոնք կկարողանան ռեյտինգային ցուցակներով ձայներ պոկել: Իսկ ԸՕ փոփոխությամբ ընդամենը մեկ անուն է լինելու՝ Նիկոլ Փաշինյան, և այդ անվան տակ ինչ-որ տոկոսներ պետք է փորձեն հավաքել: Իսկ բացասականը հետևյալն է. ռեյտինգայինի դեպքում տեղերում վարչական ռեսուրսներ աշխատեցնելը շատ ավելի հեշտ էր, մինչդեռ ռեյտինգայինի բացակայության պարագայում այդ գործընթացը բավականին բարդանում է»:

Խոսելով մինչև ընտրություններն ընկած ժամանակահատվածի մասին՝ Ա. Ենոքյանը հավելեց. «Ակնհայտ է, որ, մեծ հաշվով, ժամանակ շահելը Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրն է, որովհետև եթե նա զրկվի իշխանությունից, ապա լավագույն դեպքում կհայտնվի մեղադրյալի աթոռին: Այնպես որ, քանի ժամ, քանի օր ավելի մնա իշխանության, այդքան ազատության մեջ է: Ի՞նչ է այս ընթացքում անում. փորձում է ինչ-որ հիմքեր ստեղծել իր ընտրությունների համար: Այսինքն, իր թիմի ներսում է փորձում ինչ-որ տեղափոխություններ, տեղաշարժեր անել: Փորձում է թարմացված, ավելի ներկայանալի կազմ հավաքել, ինչը, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, որովհետև, այնուամենայնիվ, ժողովուրդն ըստ իր անվան է դատելու: Մյուս կողմից, կարծում եմ, ինչ-որ ասֆալտապատումներ կլինեն, այս թանկացումների դեմն էլ կարող է առնեն ընտրություններից մի երկու շաբաթ առաջ: Նույն տրամաբանությամբ այդ ժամանակահատվածում կարող է իջնել նաև դոլարի կուրսը: Մեծ հաշվով, ինչոր նախապատրաստական բաներ են անում, որ փորձեն ժողովրդին ցույց տալ, թե իշխանությունը դեռևս կարողանում է աշխատել»:

Աղասի Ենոքյանի խոսքով, սակայն, իրականությունն այլ է: «Ամեն օր անկումն ավելի է խորանում: Ամեն օրը նոր կորուստ է, այդ թվում՝ նաև տարածքային:Ամեն օրը նոր փլուզում է: Բացի այդ, բացարձակ քաոսի մեջ գտնվող երկրում տեսնում ենք, թե ինչպիսի տնտեսական անկում կա, չեն կարողանում զսպել նաև համավարակի տարածումը: Երկիրն այսօր, մեծ հաշվով, խոր ճգնաժամի մեջ է, որից պետք է դուրս գալ: Իհարկե, դուրս գալու առաջին նախապայմանը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, որովհետև հիմա պատերազմում պարտությունը շարունակվում է: Մենք տեսնում ենք թե՛ նոր տարածքների, թե՛ ավտոճանապարհների զիջումներ: Տեսնում ենք նաև զիջումներ Արցախում և գերիների հարցը լուծելու անկարողություն: Ու այս ամենին ևս մեկ հանգամանք է գումարվում. պատերազմի արդյունքներից դասեր քաղելու փոխարեն քարոզում են, թե պատերազմի արդյունքները լավն էին և այդպես էլ պետք է լիներ, ու, որպես պատերազմի արդյունքների քաղաքական տրամաբանություն, պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատենք: Ի վերջո, այո, պետք է հարևանների հետ նորմալ հարաբերություններ ունենալ, բայց այս պատերազմը և մանավանդ հիմա տարվող քարոզչությունն ամբողջովին հակառակին են բերելու՝ ավելի են խորացնելու թշնամանքը: Այնպես որ, սա շատ հիմար քարոզչություն է: Պարտադրված բարեկամություն չի կարող լինել՝ թշնամու հետ պարտադրված բարեկամությունը չի աշխատի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի արդարացմանը՝ քաղաքագետը նշեց. «Մարտի 1-ի գործը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մեջ միակ ամբողջական քաղաքական պրոյեկտն էր: Բոլորը տարբեր պատճառաբանություններ էին գտնում, թե նա ինչու է մոլեգին հետևում այդ գործին: Շատերն ասում էին՝ անձնական վրեժ է, այլոք ասում էին, որ արդարությունն է վերականգնվելու: Այլ տարբեր պատճառաբանություններ էին բերվում, բայց ի սկզբանե այս գործն ակնհայտորեն փուչ գործ էր: Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու, որ եթե մարդուն դատում ես մի հոդվածով, որն այդ ենթադրյալ հանցագործության պահին չի եղել, ապա այդ հոդվածով չի կարելի նրան դատել: Ի վերջո, երեք տարի անց այդ ամենը փլվեց, բայց այդ երեք տարիներին Մարտի 1-ի գործն օգտագործվել է հասարակության մեջ թշնամանքը խորացնելու, գեներալիտետին վարկաբեկելու, մեր դիվանագիտական հարաբերությունները փչացնելու, իրավական համակարգն ամբողջությամբ փլուզելու համար: Այսինքն, Մարտի 1-ի գործը եղել է ոչ թե նպատակ, այլ գործիք՝ այդ հարաբերությունները փչացնելու, Հայաստանը թուլացնելու և, ի վերջո, պարտության մոտեցնելու համար»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular