ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի իշխանությունների պետք է հստակ պարզաբանումներ տան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռազմագերիների վերադարձի հետ կապված Մուրադովը մեղադրեց Հայաստանի իշխանություններին, թե իբր կեղծ տեղեկություններ են տարածել գերիների վերադարձի մասին, ՀՀ իշխանություններն էլ սկսեցին տարբեր հայտարարություններ անել։  Այս  թեմայով 1or.am   կայքը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։ 

—Պարոն Բաղդասարյան, Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, սա հերթական հարվա՞ծն էր ՀՀ իշխանություններին:

— Ստեղծված իրավիճակը գնահատում եմ շատ վատ, շատ ծանր։ Դա համարում եմ Հայաստանի իշխանությունների բացարձակ  անշնորքության արդյունքը։ Ինչ վերաբերում է Մուրադովի հայտարարությանը, ապա չեմ կարծում, որ զինվորականի գործն էր և զինվորականի իրավունքն էր գնահատական տալ մեկ այլ երկրի իշխանություններին։ Դա համարում եմ  զարմանալի անտակտություն։ Չգիտեմ դա քաղաքական ինչ-որ նպատակներ ուներ, թե  չէ, բայց ամեն դեպքում  այլ երկրի գեներալը, զինվորականը իրավունք չուներ այդպիսի հայտարարություն անելու, որքան էլ այդ հայտարարությունը ճիշտ լիներ կամ արդարացի։ 

—Ըստ էության, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ռազմագերիների հարցում առաջընթաց կա, սա կարծես առաջին հարվածն էր՝ այդ հայտարարության դեմ ուղղված: Այսինքն՝ Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունն առոչի՞նչ էր:

— Ես չգիտեմ թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պուտինի հետ, ես չգիտեմ  ձեռք բերված պայմանավորվածությունը միայն գերիների  վերաբերյալ էր ,թե փոխկապակցված էր այլ հարցերի հետ։ Համարում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է շատ պարզ  և հստակ բացատրեն ժողովրդին,  թե ինչն է խնդիրը, թե իրենք ինչ են պայմանավորվել և ինչու այդ պայմանավորվածությունները չեն պահպանվում։  Համենայն դեպք Հայաստանի իշխանությունների այս կրավորական  կեցվածքը և այս անհասկանալի լռությունը  անընդունելի է։ 

—Տեսակետներ կան, որ ռազմագերիների վերադարձը կարող է Մեղրին կամ Կարմիր Շուկան արժենալ: Հավանական համարո՞ւմ եք այդպիսի սցենար:

— Ես այդպիսի սցենարը հավանական չեմ համարում, բայց  այստեղ խնդիրը համարելը չի, խնդիրը այն է, որ մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները ռազմագերիների վերադարձի  դիմաց ինչ-որ բան խոստացել են,  թե չեն խոստացել։ Սա է խնդիրը, որ մենք տեղյակ չենք։ Հիմա ադրբեջանական կողմից ինչ-որ  տեսակետներ են հնչում, որ մերոնք  ինչ-որ ականապատ տարածքների քարտեզները չեն տրամադրել։ Այսինքն, այս  ինֆորմացիոն անորոշությունը լրիվ անընդունելի է, հատկապես  այդպիսի հուզական հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են ռազմագերիները։ Դրա համար եմ ասում Հայաստանի իշխանությունների այս լռությունը անընդունելի է, նրանք պետք է հստակ պարզաբանումներ տան։ Եվ ես չեմ կարծում, թե այստեղ մենք պետք է մեր պահանջները ներկայացնենք  Պուտինին, մեր իշխանություններին թողած, որովհետև եթե կա եռակողմ համատեղ հայտարարություն  և այդ հայտարարության կետերը չեն  կատարվում, ուրեմն մենք պետք է պահանջենք մեր իշխանություններից պարզաբանել,  թե ինչու է դա  այդպես։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular