ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևի նպատակը մեկն է, որ Հայաստանը ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի, Ղարաբաղը մնա միայնակ․ Վահրամ Բալայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանի խոսքով՝ հիմա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթողի դիրքերից է խոսում Լեռնային Ղարաբաղի մասին, չնայած որ նույն բանն արդեն երեսուն տարի է` կրկնում է։ Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս լուծված է։

«Իսկ թե ինչ ճանապարհով կգնա հարցի կարգավորումը, դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում, միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի նախագահը,  Ֆրանսիայի նախագահը բաց տեքստով, իսկ ԱՄՆ-ը՝ տողատակերով հայտարարել են, որ հիմնախնդիրը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտություն կա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, Հայաստանը մի ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից:

«Հայաստանը մի ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, և ընդհանուր առմամբ, չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը»,- ասել է ադրբեջանցի ղեկավարը: Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը չկա»։

Վահրամ Բալայանի խոսքով՝ եթե ցանկանում ենք, որ հիմնախնդիրը խաղաղ լուծվի, բանակցությունները շարունակվեն, պետք է սկսել Հայաստանից։ «Երկիրը պետք է ոտքի կանգնի և դառնա իսկապես Արցախի անվտանգության երաշխավորը։ Այսօրվա պարագայում դա տեսանելի չէ ամեն դեպքում»,- ասաց նա։

Արցախցի պատգամավորի նկատառմամբ՝ Ալիևի հայտարարությունները՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հենց այդ նպատակն են հետապնդում՝ Հայաստանը Արցախից հեռացնել։

«Նպատակը մեկն է, որ Հայաստանը ձեռքերը լվանա և մի կողմ քաշվի, Ղարաբաղը մնա միայնակ։ Գաղտնիք չէ, որ Ղարաբաղը միայնակ ի զորու չէ պայքարելու թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ Դա անհնարին է բոլոր առումներով՝ մարդկային, տնտեսական, ռազմական ռեսուրսով»,- ասաց նա։

Վահրամ Բալայանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է որոշակի դիրքորոշում ունենա Արցախի ապագայի վերաբերյալ։ «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 25 տոկոսը իր քվեով մերժեց Արցախը, որոշեց տեր չկանգնել Արցախին։ Հարցը նրանում չէր, թե ընտրություններում «Հայաստան» դաշինքը, թե՞ «Քաղաքացիական պայմանագիրը» կհաղթեր։ Հարցը վերաբերում էր Արցախի ճակատագրին։ Ցավոք սրտի, տեսանելի ոչինչ չկա։ Տվյալ պարագայում, որ ՀՀ քաղաքացին, այս դեպքում 25 տոկոսը, գնում, ձայն է տալիս՝ իր մտքում ունենալով, որ իր որդին Արցախում չի ծառայի կամ Արցախն իր համար գլխացավանքը է։ Այս ամենը տեսանելի է և շատ ցավալի է։ Մեզ հենց այդ ճանապարհով հաղթեցին, որ տարիներ շարունակ պայմաններ ստեղծեցին, բաժանումներ արեցին՝ արցախցի, հայաստանցի․ այս ծրագրով կարողացան այնպես անել, որ հասնենք այս իրավիճակին»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է մտածում Արցախն այն պարագայում, երբ Հայաստանը կարծես ցանկանում է «ձեռքերը լվանալ» Արցախից, ապա, ըստ Վահրամ Բալայանի, իր հույսը կապում է Ռուսաստանի մոտեցումների հետ։

«Կարծում եմ՝ Ռուսաստանի Դաշնությունը սկզբունքայնություն կդրսևորի․ այստեղ շահերի համընկնում կա արցախահայության և Ռուսաստանի Դաշնության միջև։ Կարծում եմ, որ Արցախը, վերջիվերջո, այն կետն է, որը կարող է առաջիկա տասնամյակներում Ռուսաստանի անվտանգության համակարգի մի մասնիկը դառնալ, և այդ կտրվածքի մեջ կարող է արցախահայությունն ապրել»,- ասաց նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular