ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոթ նոր գեներալներ․ Փաշինյանը կոչումները շնորհում է՝ ըստ իրեն տված երդումների

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետությունը նոր գեներալներ ունի։ Սահմանադրության օրվա կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ գեներալ-մայորի կոչումներ են ստացել վարչապետի դասընկեր, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Փաշինյանի թիկնազորի պետ, ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը, ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը։

ԱԱԾ-ն այս ողջ ընթացքում զբաղված էր գործող իշխանության քաղաքական հակառակորդների հետապնդումներով, իսկ Ռազմական ոստիկանությունը հետապնդում էր Փաշինյանի ընդդիմախոսներին բանակում, նաև ուժով ապահովում զինծառայողների քվեարկությունը՝ հօգուտ Փաշինյանի։ Նախագահը նաև հրամանագիր է ստորագրել գլխավոր դատախազի տեղակալներ, արդարադատության առաջին դասի խորհրդականներ Գևորգ Բաղդասարյանին՝ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ մեղադրանքը կրծքով պաշտպանողին, Արմեն Աֆանդյանին և Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: Դասային այդ աստիճանը հավասար է գեներալ-մայորի կոչմանը։ Ինչպես նկատեցիք, Զինված ուժերի որևէ ներկայացուցիչ այս ցանկում չկար։

Փաշինյանի հրաժարականի պահանջից հետո, ըստ ամենայնի, նա խիստ նեղացած է զինվորականներից, իսկ կոչումներ շնորհում է բացառապես իրեն տված հավատարմության երդումների դիմաց։ Կոչումների նման շռայլումը, հատկապես իրենց ոլորտներում ձախողումներ գրանցած պաշտոնյաներին, հերթական անգամ անարգում է Հայաստանի պետական ատրիբուտները։ Սոցիալական ցանցերը երեկվանից բուռն քննարկում էին այս հրամանագրերը, նույնիսկ Փաշինյանին աջակցող իրավապաշտպաններն էին տարակուսանք հայտնում։

«Ուղղակի արդեն առնվազն անհասկանալի է, եթե ոչ ծիծաղելի, թե լավ, այդպես էլ չգիտակցվեց, թե ինչ շարունակություն և ազդեցություն են ունենում գեներալական կոչումների շռայլումը, առանց այդ բնագավառներում համակարգային փոփոխություններ կատարելու»,- գրել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ պնդելով, որ որոշ ժամանակ անց կստանաք ժողովրդավարական փոփոխությունների հերթական ընդդիմադիր գեներալները․ «Որովհետև հենց այդ նորաթուխ գեներալները դեմ են հանդես գալու իրենց համակարգերում արմատական ու բովանդակային փոփոխություններին։ Կամ էլ պետք է ենթադրենք, որ իրավապահ համակարգում այդ արմատական ու բովանդակային փոփոխությունները չեն իրականացվելո՞ւ»։ Ընդհանրապես, գեներալի կոչումների շնորհումները յուրատեսակ ինդուլգենցիա են արդեն դարձել, որ Նիկոլ Փաշինյանը շնորհում է իր մերձավորներին՝ բացառապես իր անձին նվիրված ծառայության համար։

Կարեն Ոսկանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular