ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Մարտիրոսյան. «Ադրբեջանական կողմին հաջողվում է իր «խաղի» մեջ ներքաշել հայկական ԶԼՄ–ներին». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում առանց խնդիրն ուսումնասիրելու սոցիալական ցանցերում և հայկական օնլայն լրատվական հարթակներում, բուռն քննարկումներ են ընթանում Հայաստանի կամ այլ երկրներում բնակվող հայազգի ներկայացուցիչների մասին ադրբեջանական Haqqin.az–ի կողմից տարածվող այս կամ այն ստահոդ լուրերը: Եվ շատ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ հայկական լրատվամիջոցները սեփական օրակարգը թելադրելու փոխարեն ստանձնել են Ադրբեջանից թելադրվող օրակարգը սպասարկելու ու տիրաժավորելու գործը: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին նշեց, որ Ադրբեջանն այժմ բավականին խորամանկ քայլ է իրականացնում` փորձելով ստեղծել հայ–ադրբեջանական խաղաղաշինական պլատֆորմ: 
«Երբ 2012–13 թթ.–ի ընթացքում, նման ծրագրեր փորձում էին իրականացնել միջնորդ երկրները կամ միջազգային կազմակերպությունները, դրանք Ադրբեջանի մեղքով տապալվում էին: Բայց հիմա նույն Ադրբեջանն է փորձում նման ծրագիր իրականացնել, որպեսզի նաև կարողանա վերահսկել ողջ լրատվական դաշտը»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:
Փաստորեն, ադրբեջանական կողմն իր «նախագիծը» կյանքի կոչելու համար փորձում է շատ հայերի ներգրավել: Եվ ում հետ ստացվում է կապի մեջ մտնել, նրանց խաբելով ներգրավում է իրենց գործողությունների մեջ: Մեդիափորձագետի դիտարկումները ցույց են տալիս, որ հիմա արդեն ադրբեջանական հատուկ ծառայությունները փոխել են խաղի կանոնները: Եվ եթե մինչև վերջերս միայն սահմանափակվում էին հայերից հարցազրույցներ վերցնելով և դրանք առանց խեղաթյուրելու հրապարակելով, ապա հիմա ադրբեջանական մամուլին հարցազրույց տալով հայերը կարող են հայտնվել ադրբեջանական կողմի լարած թակարդում: 
«Սա խնդիր է և կարծում եմ հայկական կողմը պետք է դադարեցնի շփումը ադրբեջանական մամուլի հետ, իսկ հայկական լրատվամիջոցների խնդիրն այն է, որ ուղղակիորեն չվերարտադրեն ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունները»,– ասում է Ս. Մարտիրոսյանը: 
Մեդիափորձագետն ընդգծում է նաև, որ հայկական ողջ հանրությունը պետք է իմանա, որ haqqin.az–ը վաղուց դադարել է լրատվամիջոց լինելուց: Այն միայն քարոզչական նպատակ է հետապնդում, որտեղ փաստեր ասվածը գոյություն չունեն: Այս տեսանկյունից հասկանալի չէ, թե ինչո՞վ է պայմանավորված այդ չեղած փաստերի տիրաժավորման «ձգտումը» հայկական սոցիալական ցանցերի ներկայացուցիչների և լրատվամիջոցների կողմից: 
«Այն, ինչ այսօր անում են հայկական շատ լրատվամիջոցներ, փաստորեն դրանով դառնում են ադրբեջանական քարոզչամեքենայի կցորդներ: Եվ ադրբեջանական կողմին հաջողվում է իր «խաղի» մեջ ներքաշել հայկական ԶԼՄ–ներին: Մեր մամուլը երկու մեծ խնդիր ունի: Առաջինը ծուլությունն է, երբ որևէ մեկի ֆեյսբուքյան գրառումը կարող են առանց փոփոխելու կամ մեկնաբանելու որպես լուր տարածել, որը միջազգային լրագրողական բոլոր կանոնների խախտում է: Եվ երկրորդ պրոբլեմը՝ Ադրբեջանի հարցերով մասնագիտացած լրագրողների սակավությունն է»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:
Փորձագետի կարծիքով` նշված բացերը միանալով դառնում են խնդիր և հանգրվանում հայկական լրատվական դաշում՝ փաստացի սպասարկելով ադրբեջանական քարոզչամեքենայի շահերը: Նա նաև համոզված չէ, որ ադրբեջանական լրատվական դաշտից ստացվող լուրերը մեկնաբանելու հարցում միասնական մոտեցում ցուցաբերելու առաջարկը կընդունեն կայքերի, թերթերի և այլ լրատվամիջոցների խմբագիրները: Միակ ելքը, ըստ նրա, որը կարող է զգալիորեն փոխել իրավիճակը՝ հանրությանը կրթելն է:
«Աշխարհում ընդունված է սոցիալական գովազդների միջոցով հանրությանը կրթելու պրակտիկան: Իսկ այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ադրբեջանական հատուկ ծառայություններին ինչ–որ առումով հաջողվել է հայ–ադրբեջանական պլատֆորմ ստեղծելու օպերացիայի հիմքը դնել, և այն դարձնել բոլորի համար: Եվ եթե մենք կարողանանք հիստերիկ ռեակցիաներ չտալ, ապա կարող ենք ասել, որ առաջին վտանգը հաղթահարել ենք»,– ասում է Ս. Մարտիրոսյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular