ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս չգիրանալ ամանորյա տոների ժամանակ. 11 օգտակար խորհուրդ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչպե՞ս չգիրանալ ամանորյա տոների ժամանակ. 11 օգտակար խորհուրդ

20 դեկտեմբերի, 15:21

Եթե անցյալում ամանորյա տոների ժամանակ ավելորդ կիլոգրամներ հավաքելու փորձ ունեցել եք, ապա հիմա հավանաբար մտածում եք, թե այս տարի ինչպես խուսափեք քաշի հետ կապված խնդրից: Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խորհուրդները կարող են օգնել տոների ընթացքում չգիրանալ:

1. Ամանորյա տոները սկսեք ծրագրել դեռեւս ամռանից: Ամռանը պտուղ-բանջարեղենն առատ է, որոնք լավ են հագեցնում, պարունակում են քիչ կալորիաներ եւ օգտակար շատ նյութեր: Ձմռանը դրանց մեծ մասն արդեն չկա, ուստի արժե այն ամռանը պաշարել: Սակայն մասնագետը խորհուրդ չի տալիս պահածոյացնել, քանի որ տնային պայմաններում պատրաստված պահածոները վտանգավոր են, կարող են բոտուլիզմով վարակվելու հանգեցնել: Դիետոլոգի կարծիքով՝ ավելի լավ է բանջարեղենը սառեցնել կամ չորացնել: Ինչ վերաբերում է մրգերին, կարելի է կամ սառեցնել, կամ դրանցից չիր պատրաստել, կարեւորը՝ առանց շաքարի:

2. Փորձեք նոյեմբերին եւ դեկտեմբերին 1-2 կգ նիհարել: Դա հանդարտ արեք, առանց ավելորդ լարվածության եւ խիստ սննդակարգերի: Իսկ ամանորյա տոներից հետո դուք գիրանալու փոխարեն, պարզապես կվերադառնաք ձեր սովորական քաշին:

3. Ամանորյա սեղանին դրեք միայն լավ, օգտակար ուտեստներ, սեղանից հեռացրեք քաղցր գազավորված ըմպելիքները (փոխարենը դրեք ջուր եւ հանքային ջուր), յուղոտ, տապակած ուտելիքները, նաեւ թթվասերով եւ մայոնեզով աղցանները:

4. Հյուր գնալուց առաջ մի փոքր կերեք: Եթե քաղցած չլինեք, հազիվ թե չափից ավելի շատ ուտեք եւ կկարողանաք ավելի գիտակցված սնվել:

5. Ցանկացած ճաշ բանջարեղենից սկսեք: Բանջարեղենը ստամոքսն արագ է լցնում եւ կուշտ լինելու զգացում է ապահովում:

6. Ընտրեք կիտրոնով եւ քացախով համեմված աղցաններ, դրանք ավելի օգտակար են եւ քիչ կալորիական, քան մայոնեզով եւ թթվասերով աղցանները:

7. Չարժե 10-15 ճաշատեսակ համտեսել, ավելի լավ է 2-3 ուտեստ ընտրել եւ միայն դա ուտել ամբողջ ճաշի կամ ընթրիքի ընթացքում: Ուտելիքի մեծ բազմազանությունը օրգանիզմի համար մեծ ծանրաբեռնվածություն է:

8. Հեռու նստեք ավելի գայթակղիչ ճաշատեսակներից:

9. Եթե կուշտ ճաշից կամ ընթրիքից հետո աղանդեր են առաջարկում, ավելի լավ է այն միանգամից չուտել, խնդրեք այն փաթեթավորել եւ ձեր հետ վերցրեք: Դուք այն կարող եք ավելի ուշ ուտել կամ հաջորդ օրը:

10. Սահմանափակեք ալկոհոլային խմիչքների օգտագործումը, իսկ կատարյալն այն կլինի, որ հրաժարվեք: Սպիրտային խմիչք օգտագործելուց հետո ղեկի մոտ նստելը վտանգավոր է, դրանից զատ՝ ալկոհոլը մեծ քանակով կալորիաներ է պարունակում եւ նպաստում է ավելորդ քաշ հավաքելուն:

11. Ջանացեք տոների ընթացքում ավելի շատ շարժվել, պարել, երեխաների կամ ընկերների հետ զբոսնել:

NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular