ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանցիները Ադրբեջանի դեմ կիրառում են մտրակի և թխվածքաբլիթի քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանի ԱԳ նախարարն օրերս հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև լարվածությունն արդեն վերացված է:

Այս թեմայով զրուցել ենք իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։

Հարցին, թե իրանգետն ինչպե՞ս է գնահատում այս հայտարարությունը՝ հաշվի առնելով որոշ պնդումներ, թե բնավ էլ այդ լարվածությունը չի թուլացել և վաղ է նման բան հայտարարելը՝  Վարդան Ոսկանյանը ասել է․ «Պետք է նշեմ, որ բացի քարոզչական տիրույթում իրանա-ադրբեջանական հակամարտությունից, գործ ունեն նաև հայտարարվող խողովակներ, մասնավորապես խոսվում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, և նաև իրանական պաշտոնական աղբյուրները պնդում են, որ ադրբեջանական կողմը փակ խողովակներով այլ, ավելի համեստ հռետորաբանություն է օգտագործում, իսկ ավելի բաց խողովակներով՝ բոլորովին այլ, ավելի թշնամական: Ակնհայտ է, որ այդ փակ խողովակներով ընթացող գործընթացներում որոշակի զիջումներ Իրանն Ադրբեջանից ստացել է: Սա է հետևանքը, որ Իրանից էլ ԱԳ նախարարի մակարդակով նման հայտարարություն եղավ: Բայց եթե մենք փորձենք հետևել իրանական լրատվամիջոցներին և ընդհանրապես քարոզչական տիրույթին, ապա առանձնապես լարվածության մեծ թուլացում նկատելի չէ: Համենայնդեպս, ակնհայտ է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ենթադրաբար առնչություններ ունեցող լրատվամիջոցները շարունակում են բավական խիստ տոնայնությամբ հանդես գալ Ադրբեջանի դեմ և, ընդհանրապես, ի պաշտպանություն իրանական շահերի: Հետևաբար, ինչպես ես բազմիցս եմ նշել, իրանցիները Ադրբեջանի դեմ կիրառում են մտրակի և թխվածքաբլիթի քաղաքականություն: Զուգահեռաբար շարունակում է գործել նաև մտրակը, բայց մեկ այլ կարևոր հանգամանք կա, որը պետք պետք է հստակորեն արձանագրենք: Չնայած հայտարարություններին՝ Իրան-Ադրբեջան հարաբերություններում որևէ խնդիր չի լուծվել: Այո՛, ընթացիկ խնդիրը լուծվել է, իրանցի վարորդներն ազատ են արձակվել, և որքանով ես եմ տեղյակ, իրանցի վարորդներին վերադարձնելու պայմանը եղել է այն, որ այդ վարորդները պետք է վերադառնան հենց Հայաստանի տարածքից, այսինքն այն տարածքից, որտեղ նրանք ապօրինաբար ձերբակալվել են, և այդ պահանջն իրականացվել է Ադրբեջանի կողմից: Իսկ մնացած խնդիրները, որոնք ունեն խիստ խորքային բնույթ, չեն վերացել: Խոսքը վերաբերում է թե՛ ադրբեջանա-թուրքական ակտիվությանը հարավկովկասյան տարածաշրջանում քաղաքական կամ աշխարհաքաղաքական մակարդակում, որից բխում է նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը հասնելու տենչը այս երկու թշնամական պետություններում, թե՛ թուրքական կողմից Իրանի շահերի սահմանափակմանն ուղղված զանազան գործողություններին, որի անմիջական մասնակիցն է Ադրբեջանը Հարավկովկասյան տարածաշրջանում, թե՛ բազմաթիվ այլ խնդիրների: Խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական խնդիրներից սկսած վերջացրած մշակութային խնդիրների մի հսկայական խմբի, որոնք ոչ մի պարագայում չեն լուծվել: Իսկ դա նշանակում է, որ մենք գործ ունենք, եթե նույնիսկ համարենք, որ այս փուլն անցած է, հանգած հրաբուխի հետ»:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular